December 26

Գլխավոր | Հրաշքներ | Լավ ավարտելը շատ կարևոր է

Լավ ավարտելը շատ կարևոր է

Սիրելի՛ բարեկամ, մի քանի օրից կսկսվի տոնական եռուզեռը, և նոր տարվա հետ մենք նորովի ապրելու և կյանքում փոփոխություններ անելու որոշումներ կկայացնենք։ Կյանքը փոխակերպելու որոշում ունենալը լավ է, քանի որ դա սովորույթները վերանայելու, նոր սովորույթներ ձևավորելու և կյանքը նոր էջից սկսելու հնարավորություն է։ 

Սակայն, մինչև այդ պետք է նախ այս տարին ավարտենք նույն վճռական տրամադրվածությամբ։ ? Աստվածաշունչն ասում է․ «Ավելի լավ է մի բանի վերջը, քան նրա սկիզբը, համբերատար մարդը գոռոզ մարդուց լավ է» (Ժողովող 7․8)։ Եվ ես հավատում եմ, որ այս խոսքերում մեծ իմաստություն կա։ Տեսնելով, որ որևէ բանի ավարտն ավելի լավն է, քան սկիզբը՝ մենք սկսում ենք նոր տեսանկյունից և այլ աչքով նայել տարեվերջյան այս օրերին։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, երբ մտածում ես անցած 12 ամիսների մասին, ի՞նչ է գալիս քո մտքի մեջ։ Անձամբ ինձ համար ոչ բոլոր օրերն են անհոգ ու հեշտ եղել։ Եղել են դժվար պահեր, հիասթափություններ, երբեմն՝ անարդարություն կամ իմ առաջարկների ու արարքների սխալ ըմբռնում մյուսների կողմից․․․ Բայց Աստված միշտ Իր ձեռքը պարզել է, որպեսզի օգնի ինձ, ազատի մարդկանց չարամիտ ազդեցությունից և Իր հայրական գորովալի սիրով իմ կողքին լինի։ Ես ամբողջ սրտով շնորհակալ եմ Տիրոջը, որ ինձ հետ է եղել իմ թե՛ լավ և թե՛ ծանր օրերին։ 

Ես հավատում եմ, որ այս տարին իր ճիշտ ու լավ ավարտին հասցնելու համար մենք պետք է շարունակենք երախտագիտությամբ ու շնորհակալ սրտով ապրել, անգամ եթե ապրում ենք մեր կյանքի դժվարագույն ընթացքներից մեկը։ 

Աստվածաշունչը մեզ սովորեցնում է գոհացող սիրտ ունենալ մեր կյանքի բոլոր ժամանակահատվածներում։ Երախտագիտությունն ու գոհությունը շատ թանկ արժեքներ են Աստծո համար։ Եվ ես պարզապես ուզում եմ հենց նման վերաբերմունք ունենալ իմ բարի Տիրոջ հանդեպ։ Ես շնորհակալ եմ իմ Աստծուց կյանքիս ամեն իրավիճակի համար։ Եվ ուզում եմ այս տարին ավարտել գոհությամբ լեցուն սրտով։ 

Առաջարկում եմ միասին աղոթել այս աղոթքով․ «Տե՛ր, շնորհակալ եմ այս անցնող տարվա համար։ Ես չեմ ուզում մնալ հիասթափությունների և ձախողումների ծուղակում։ Ես ուզում եմ իմ հայացքը միշտ դեպի Քեզ ուղղված լինի։ Ես ուզում եմ քայլել երախտագիտության ու գոհության ճանապարհով։ Շնորհակալ եմ Քո ողորմությունների ու մեծ շնորհքի համար, որ ամեն օր նորովի ու թարմ կերպով հեղում ես իմ կյանքի մեջ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: