Սիրելի՛ բարեկամ, այսօր շարունակում ենք «Պատրաստվելով սուրբծննդյան տոներին․․․» անվանումը կրող շարքը։ Այսօր ուզում եմ խոսենք այն մասին, որ դու շատ կարևոր ու արժեքավոր մեկն ես Տեր Աստծո համար։
«Իմ ոսկորները չծածկվեցին քեզնից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը, և ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում։ Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, և Քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար» (Սաղմոս 139․15-16)։
Ի՞նչ չափանիշ է պետք կիրառել մարդու կյանքը գնահատելու համար։ Ի՞նչն է մեզ թույլ տալիս ասել, որ այս մարդը կարևոր է, իսկ մյուսը՝ ոչ։ Աշխարհում ընդունված են այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են կրթական աստիճանը, հասարակական դիրքը, որևէ ոլորտում ձեռքբերված հաջողությունները և այլն։
Երբե՛ք չմոռանաս, որ Աստված է քո կյանքի հեղինակը։ Նա է որոշել, որ դու պետք է ծնվես ու լույս աշխարհ գաս։ Նա է քեզ արարել։ Եվ Նա սիրում է քեզ։ Դու պատահականություն չե՛ս։ Քո կյանքն արժեքավոր է, որովհետև այն Աստծո կամքի դրսևորումն է։
Եթե տիեզերքի Արարիչը հայտարարում է, որ քո կյանքը կարևոր է, ո՞վ կարող է Նրա ասածին ընդդիմանալ։ Մի՛ լսիր այն ստախոս ձայնին, որն ասում է, որ աշխարհն առանց քեզ շատ ավելի լավը կլիներ․ դա սո՛ւտ է։
Դու ստեղծվել ես, որպեսզի օրհնություն դառնաս ընտանիքիդ, ընկերներիդ ու գործընկերներիդ համար․․․ Քո շրջապատի մարդկանց համար։ Գուցե քո կյանքին նայելով՝ դեռ չես տեսնում այդ իրականությունը, սակայն եթե միայն հանձնվես Արարիչ Աստծո ձեռքերի մեջ, Նրան հանձնես կյանքդ ու դառնաս Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտը, Նա հմուտ վարպետի պես կփաթաթի ու կբուժի քո բոլոր վերքերը, կհարթի քո բնավորության խորդուբորդ դրսևորումները և քեզ կդարձնի այն միջոցը, որի միջոցով Տերը կարող է հասնել այդ մարդկանց կյանքին ու փոխել նրանցից յուրաքանչյուրի սիրտը։
Դու Տեր Աստծո որոշումն ես՝ Նրա ընտրությունը և քո կյանքը մեծ արժեք ունի Նրա համար։ Քո փոխված կյանքով դարձի՛ր Տեր Հիսուսի համար լավագույն սուրբծննդյան նվերը․․․
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը