Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քաջալերել քեզ մյուսներին քաջալերելու հարցում։
Արդեն խոսել եմ այն մասին, որ Աստված քո մեջ աննկարագրելիորեն մեծ մի ներուժ է դրել։ Եվ որքան էլ դժվար լինի քո այսօրվա իրավիճակը, միևնույնն է, դու կարո՛ղ ես քաջալերել, բարձրացնել, օրհնել և մխիթարել քո շրջապատի այն մարդկանց, դեպի որոնց կուղղորդի քեզ Տերը: Որպես Քրիստոսի աշակերտ և Աստծո զավակ քո խոսքերի մեջ դիմացինի կյանքում փոփոխություն բերելու զորություն կա։
Աստվածաշունչն Առակաց 18․21 խոսքում հայտարարում է. «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողները կուտեն նրա պտուղը» (Առակաց 18.21)։
Դու իշխանություն և զորություն ունես աղոթքի մեջ բարեխոսելու այն մարդկանց համար, ում Սուրբ Հոգին կբերի քո մտքին և կհիշեցնի, երբ խնդրես դա Նրանից։ Դու կարող ես մխիթարել նրանց, քաջալերել և հույս տվող խոսքեր փոխանցել։ Կարող ես խոսել Աստծո սիրո մասին։ Կարող ես քո սեփական կյանքի վկայությունը փոխանցել, որը համապատասխան է նրանց կյանքի ներկա իրավիճակին։ Դու կարող ես զգուշացնել և շատ նուրբ ու զգույշ կերպով անգամ խրատել ու հանդիմանել, եթե միայն այդ անելիս լինես Քրիստոսի նման հեզ ու խոնարհ և անես դա կարեկցանքից ու նրանց հանդեպ ունեցած սիրուց դրդված։
Միայն պատկերացրո՛ւ, թե Աստված ինչպիսի՜ մեծ պատվի է քեզ արժանացրել՝ դառնալ Իր սիրո և քաջալերանքի հեղման միջոցը Իր մյուս զավակների կյանքում։
Քաջալերելը սիրո դրսևորում է։ Քաջալերելը բարձրացնում է մարդուն ընկած վիճակից։ Քաջալերելը հավատք և հույս է ներշնչում մարդու հուսահատությունից մարող սրտի մեջ։ Դու պետք է համարձակ կերպով դեմ գնաս բոլոր ընդունված չափանիշներին, մշակույթին և տիրող մտածելակերպին ու դառնաս Տեր Աստծու սերը քո քաջալերանքի միջոցով տարածող մարդ։
Փորձի՛ր նայել շուրջդ և փնտրել մարդկանց, որոնք քո քաջալերանքի կարիքն ունեն։ Ծանոթ ու անծանոթ, հեռու և մոտիկ, բարեկամ ու չարակամ, քեզ սիրող և քեզ ատող․․․ Նրանք բոլորը Տեր Աստծու թանկ ու սիրելի՛ զավակներն են։ Եվ նրանք քո քաջալերանքի կարիքն ունեն։ Լսի՛ր Սուրբ Հոգու ձայնը։ Լսի՛ր Նրա ուղղորդումը և դարձի՛ր քաջալերող ու քո քաջալերանքի շնորհիվ Աստծո սերը մարդկանց փոխանցող հավատարիմ ծառա։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու այն սիրո շղթայի օղակներից մեկն ես, որն արդեն երկու հազար տարի է, ինչ տակնուվրա է անում ողջ աշխարհը:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը