Փրկության միջոց շատերի համար
Այս ուղերձով մենք ավարտում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատացյալ լինելու օրհնությունները» անվանումը։ Թեև ես եմ այս ուղերձների հեղինակը, սակայն հե՛նց ինձ համար մեծագույն օրհնություն և քաջալերանք էր Սուրբ Հոգու օգնությամբ մշակել և Նրա զորությամբ փոխանցել հավատացյալ մարդու օրհնությունների վերաբերյալ այս շարքը։ Աղոթում եմ, որ նախորդ վեց ուղերձները, ինչպես նաև այս վերջին ուղերձը քաջալերանք լինեն քեզ համար և զորացնեն քեզ Տեր Աստծու պատրաստած օրհնություններով լի հավատքի ընթացք ունենալու հարցում։
Սիրելի՛ Ընկեր, մենք Տեր Աստծուց օրհնություններ ենք ընդունում ո՛չ միայն դրանք վայելելու, այլև շատերի հետ դրանք բաժնեկցելու համար։ Իրականում, եթե մարդն ունի մտերմություն Տեր Աստծու հետ, ապա հաստատ զգացած կլինի, որ այս կյանքի մեծագույն վայելքներից մեկը Տեր Աստծու տված օրհնությունները մյուսների հետ բաժնեկցելն է։
«Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ» (Ա Պետրոս 4․10):
Հավատացյալի մեծագույն օրհնությունը հավիտենական կյանքի պարգևն է։ Եվ այս օրհնության հարցում էլ Աստված մեզնից ակնկալում է, որ այն ընդունելուց հետո կնվիրվենք մյուսների փրկության միջոց դառնալու առաքելությանը։
«Ապա նրանց ասաց. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին Ավետարա՛նը քարոզեք։ Ով հավատա ու մկրտվի, կփրկվի, իսկ ով չհավատա, կդատապարտվի։ Նրանք, ովքեր կհավատան, ահա այս նշանները կանեն. Իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն, ձեռքով օձեր կբռնեն ու եթե որևէ մահացու թույն խմեն, չեն վնասվի. հիվանդների վրա ձեռք կդնեն ու նրանց կբժշկեն» (Մարկոս 16.15-18):
«Որքան ժամանակ որ միասին էին, Հիսուսը նրանց պատվիրում էր. «Չհեռանա՛ք Երուսաղեմից, այլ Հոր խոստմա՛նը սպասեք, ինչպես որ Ինձանից լսեցիք. որովհետև չնայած Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք սրանից ոչ շատ օրեր հետո կմկրտվեք Սուրբ Հոգով»։ Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և Իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը» (Գործք Առաքելոց 1.4-5,8):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, քո փոխված կյանքն ու արժեհամակարգը, քո կյանքում Տեր Հիսուս Քրիստոսի կատարած գործերի մասին վկայությունը շատ կյանքեր կարող է փրկել հավիտենական տանջանքի հեռանկարից։ Տեր Հիսուսի զոհը բոլոր մարդկանց համար էր։ Նրա քավությունը բոլոր մեղավորների փրկության նպատակն ուներ։ Սակայն մարդիկ կարող են փրկվել միայն, եթե հավատան Քրիստոսի փրկության Ավետարանի մասին Նրա հավատարիմ աշակերտների քարոզությանն ու Սուրբ Հոգով լցված հավատացյալների վկայությանը։
Այսօր՝ Հոգեգալուստի այս օրհնյալ ու տոնական օրվա մեջ հորդորում եմ քեզ խորհել այն մեծ օրհնության մասին, որը քո ապրած կյանքով ու քո վկայությամբ մյուսների փրկության պատճառ դառնալու արտոնությունն ու Տեր Հիսուսի փոխանցած պատասխանատվությունն է։ Խնդրի՛ր, որպեսզի Աստծու Սուրբ Հոգին զորացնի քեզ քո բոլոր տկարությունների ու պայքարների մեջ։ Խնդրի՛ր, որպեսզի Սուրբ Հոգին իմաստություն տա քեզ և ուղղորդի ճիշտ ժամանակին ճիշտ վկայություն փոխանցելու համար։ Լցվի՛ր Աստծու Հոգով և ապրի՛ր Հոգով առաջնորդված կյանք, ու կվայելես հավատացյալի մեծագույն օրհնություններից մեկը՝ մյուսների փրկության միջոց դառնալու աստվածատուր արտոնությունը։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
