Մենք շարունակում ենք առատաձեռնության ու նվիրաբերությունների մասին ուղերձների մեր շարքը։ Այսօր ուզում եմ քեզ քաջալերել Տեր Հիսուսի այս խոսքերով․ «Տվե՛ք, և կտրվի ձեզ. ձեր գոգը կլցվի լա՛վ չափով՝ լեփ-լեցուն, առատ, որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի» (Ղուկաս 6.38):
Սիրելի՛ բարեկամ, Աստծու Արքայության տրամաբանության մեջ տալը ստանալու հոմանիշն է, այլ ոչ թե՝ կորցնելու: Գուցե մտածես, որ եթե այդպես է, ապա տալը չի կարող բարի ու անձնուրաց քայլ համարվել, այլ ավելի շուտ եսասիրական դրսևորում է, քանի որ, «մարդը տալիս է, որպեսզի ստանա»: Անշուշտ, եթե մենք տալիս ենք ստանալու շարժառիթով, ապա Աստված չի կարող լիարժեք օրհնել նման նվիրաբերությունը: Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ Նա մեր գոգը լցնում է այն չափով, որով մենք ենք չափում։ Այսինքն՝ եթե մենք չենք տալիս ճիշտ շարժառիթով, հնարավոր է, որ ոչինչ էլ չստանանք։
Աստված օրհնում է ոչ թե մեր տվածը, այլ մեր սիրտը, որ հակված է առատաձեռնության, լցված է դիմացինին օգնելու փափագով և Աստծու գործի հանդեպ անմնացորդ նվիրմամբ։ Երբ մենք որևէ բան ենք ներդնում, տալիս կամ նվիրաբերում, ապա մեր տվածը մեզ հետ է վերադառնում մեզ համար անտրամաբանական առատ կերպով կամ՝ ճի՛շտ և ճի՛շտ համաձայն Աստծու Արքայության տրամաբանության:
Նա մեզ օրհնություններ տալու համար տարբեր միջոցներ ու եղանակներ է ապահովել։ Դրանցից են…
- Դժվարություններով անցնող մարդկանց ժամանակ տրամադրելն ու նրանց լսելը,
- Խանութի դրամարկղի աշխատակցին ժպտալը,
- Բարեգործության և օգնությունների համար հատկացված գումարը,
- Ֆինանսական աջակցությունը Քրիստոսի գործի մեջ ներգրավված անձանց կամ կառույցներին,
- Քո տաղանդով եկեղեցուն կամ քո համայնքի մեջ ծառայելը,
- Քո հյուրասիրությունը, որի շնորհիվ բացում ես տանդ դռները աշակերտական խմբի հանդիպումների կամ որոշ մարդկանց համար հացկերույթ կազմակերպելու համար,
- Եվ այլն…
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր աղոթում եմ քեզ համար և խնդրում Տեր Աստծուն, որպեսզի Նա հայտնի քեզ այն հատուկ կերպն ու եղանակը, որով Նա է ուզում, որ դու ներդրվես, նվիրաբերես ու տաս, որպեսզի այն չափով, որով կչափես, չափվի նաև քեզ։ Այս վերջին միտքը կարող է թե՛ օրհնություն լինել քեզ համար, և թե՛ պատիժ։ Ամեն բան կախված է քո շարժառիթից: Սակայն ես հավատում եմ, որ եթե ուշադիր լինես Սուրբ Հոգու հուշումներին, Նա քեզ կօգնի և կուղղորդի դեպի ճիշտ շարժառիթներն ու հոժարակամ և առատաձեռն նվիրատվությունները։ Հավատում եմ նաև, որ Աստված կօրհնի քեզ անակնկալ կերպով, առատորեն, հավիտենական արժեք ունեցող օրհնություններով․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը