Սիրելի բարեկա՛մ, ընթերցե՛նք Վերականգնի՛ր ուժերդ շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Եսայիա 40.29-31):
Ուժերդ սպառման նախաշեմի՞ն են։ Մշտական հոգնածություն ես զգո՞ւմ։ Հիասթափված ես, անհույս ու վհատվա՞ծ։ Հենց քեզ համար աստվածաշնչյան մի սքանչելի խոստում կա, եթե քո բոլոր դժվարությունների մեջ որոշել ես անվերապահորեն վստահել Աստծուն. «Օրհնյա՜լ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում, և Տերն է նրա վստահությունը։ Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի. նա իր արմատները կձգի գետի մոտով և չի տեսնի տաքության գալու ժամանակը. նրա տերևները կանաչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի և չի դադարի պտուղ տալուց» (Երեմիա 17․7-8)։
Երբ քո նեղությունների մեջ հույսդ Տեր Աստծո վրա ես դնում, ապա, ըստ Աստվածաշնչի, արմատներդ հասնում են մինչև Աստծո գետի ջրերի հոսքին և Նրանից ընդունում ես նորոգություն, զովացնող թարմություն և կենդանացնող ջրեր: Այս ամենի շնորհիվ քո հոգնածությունն ու ներսի չորությունը փոխվում է կենսառատ թարմությամբ և լցվում կյանքով։ Այսպիսին է Տեր Աստծո անխախտ խոստումը քեզ համար։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, երբե՛ք չմոռանաս, որ տիեզերքի մեծագույն զորությունը քեզ հե՛տ է։ Նա զորացնում է քեզ և լցնում քեզ նոր ու թարմ ուժերով։ Քո ուժը նորոգվելու է, եթե անգամ կյանքդ անցնի երաշտի ու չորության ժամանակներով։ Եթե հույսդ Տեր Աստծո վրա դնես և վստահես Նրան քո ողջ էությամբ, ապա ոչնչից չես վախենալու և չես դադարելու պտուղներ տալուց։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը