Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը հաղթել է մահին և նրա ողջ զորությանը։ Նա ստացել է մի «անուն, որը վեր է ամեն անունից»… ավելի բարձր այնպիսի երևույթներից, ինչպիսիք են՝ միայնակությունը, լքվածությունը կամ ընկճվածությունը: Նա հաղթել է դրանց Գողգոթայի խաչի վրա, որպեսզի ազատի քեզ և քեզ Իր խաղաղությունը փոխանցի:
«․․․այլ Ինքն Իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց Նրան և մի անուն շնորհեց Նրան, որ ամեն անունից ավելի բարձր է, Ինքն Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ» (Փիլիպպեցիս 2.7-9)։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, անկախ նրանից, թե ինչ իրավիճակում ես հայտնվել, Տեր Հիսուսի տարած հաղթանակը հե՛նց քեզ համար է: Այդ հաղթանակը աննախադեպ է, ամբողջական և հավիտենական: Ավելին, այն կատարյալ հնազանդության անմիջական հետևանքն է: Նա առանց վարանելու ամեն բան զոհել է հանուն քեզ, որպեսզի այսօր դու մասնակից դառնաս Նրա հաղթանակին և ապրես ազատության մեջ:
Գողգոթայի խաչի վրա Տեր Հիսուսի հաղթանակի շնորհիվ դու…
- Ազատագրվել ես քո մեղքերի գերությունից և դրանց բերած ծանրությունից (տե՛ս Հռոմեացիս 8.2 խոսքը)։
- Ազատագրվել ես քո անցյալի վատ հիշողությունների ճնշումներից (տե՛ս Բ Կորնթացիս 5.17 խոսքը)։
- Բժշկված ես և վերականգնված (տե՛ս Սաղմոս 23.3 խոսքը)։
Տեր Հիսուսը քո կյանքի հաղթանակած ազատարարն է: Ընդունի՛ր Նրան որպես քո կյանքի Թագավոր։ Ապրի՛ր ըստ Նրա սկզբունքների և ակնկալիքների։ Փափագի՛ր ճանաչել Նրա կամքը և հնազանդվել այդ կամքին։ Հնազանդության մեջ հաղթանակ կա։ Եվ եթե թույլ տաս, որ Նա տիրի քո կյանքում որպես Տեր ու Փրկիչ, ապա կարող ես ցնծալ և ուրախանալ, որովհետև Տերն արդեն իսկ հաղթել է նաև քո կյանքի ճակատամարտերը։
Ե՛կ միասին աղոթենք և շնորհակալություն հայտնենք Տիրոջը մեզ պարգևած ազատության և հաղթանակների համար․ «Տեր Հիսո՛ւս, շնորհակալ եմ, որ հնազանդվեցիր երկնային Հոր կամքին և հոժարակամ Քո կյանքը հանուն ինձ նվիրաբերեցիր: Ես արժանի չէի դրան, բայց Քո սիրո և Քո զոհի շնորհիվ ես այսօր ազատ եմ, բժշկված և վերականգնված: Քո Խոսքն ասում է, որ Դու իմ մեղքերը խաչափայտի վրա բարձրացրեցիր, որպեսզի ես, մեղքերից հեռանալով, արդարության համար ապրեմ։ Ես որոշում եմ հեռանալ ամեն տեսակի մեղքից։ Օգնի՛ր ինձ, իմ Տե՛ր, Քո Հոգով և Քո շնորհքով։ Ես Քո կարիքն ունեմ, իմ հաղթող Տե՛ր։ Ինձ Քեզ նման հնազանդ և Քեզ նման հաղթող դարձրո՛ւ։ Աղոթում եմ և խնդրում Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը