Այսօր մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Ինչպե՞ս ապրել Տեր Աստծու ապահովության ներքո» անվանումը։ Այն հիմնված է Սաղմոս 91․11-16 հատվածի ուսումնասիրության վրա։
«Որովհետև քեզ համար հրամայել է Իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ Նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն քեզ, որ քո ոտքը քարի չխփես։ Առյուծների և իժերի վրայով կքայլես, առյուծի կորյուններին ու վիշապին ոտքով կոխ կտաս։ Որովհետև նա Ինձ սիրեց, և Ես կփրկեմ նրան. Ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև Նա ճանաչում է Իմ անունը։ Նա կկանչի Ինձ, և Ես պատասխան կտամ նրան. Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։ Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ Իմ փրկությունը» (Սաղմոս 91․11-16):
Սիրելի՛ բարեկամ, Աստված սիրում է քեզ։ Սա մի կարևորագույն ճշմարտություն է, որը հասկանալն ու գիտակցելը, որի մեջ համոզվելն ու որի հանդեպ ամուր հավատք ունենալը կփոխի քո կյանքն ու պատկերացումները։ Աստված սիրում է քեզ և ուզում է պահել ու պահպանել քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։
«Որովհետև քեզ համար հրամայել է Իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ․․․»։
Շատերը կարող են հակադարձել այս անխախտ ճշմարտությանն ու ասել, որ եթե Աստված սիրում է իրենց, ուրեմն թող իրենց պահի ու պահպանի։ Չարը կարող է նմանատիպ մտքեր ուղարկել, երբ մենք անցնում ենք դժվարություններով, նեղություններով ու տառապանքներով՝ ասելով, թե այդ ամենը խոսում է նրա մասին, որ Աստված մեզ չի սիրում։
Տերն այնքա՜ն է մեզ սիրում, որ ամեն բան հոգացել է մեր կյանքի ու ապահովության համար։ Սակայն այդ ապահովությունը չի գալիս մեր կյանքերի մեջ ինքնաբերաբար։ Աստված հոգևոր սկզբունքներ է հաստատել։ Եվ հե՛նց այդ սկզբունքների շնորհիվ է, որ մենք սովորում ենք Նրա ապահովության մեջ ապրելու պայմանը։
«Տիրոջ հրեշտակը բանակ է դնում Իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց» (Սաղմոս 34․7):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու աստվածավախ մարդ ես, ապա քո ողջ կյանքի ընթացքում վայելելու ես Տեր Աստծու պաշտպանությունն ու ապահովությունը։ Նրա Խոսքն անբեկանելի է։ Ողջ խնդիրը Տեր Աստծու Խոսքի և Նրա կամքի հանդեպ մեր վերաբերմունքի մեջ է։ Աստվածավախ մարդիկ իրենց որոշումներից, խոսքերից ու արարքներից առաջ քննում են դրանց համապատասխանությունն Աստծու կամքին։
Աստվածավախ մարդը երբե՛ք իր կամքը վեր չի դասի Տեր Աստծու կամքից։ Աստվածավախ մարդը երբե՛ք սեփական շահի կամ հաճույքի համար չի արհամարհի Աստծու Խոսքն ու Նրա սահմանած սկզբունքները։ Աստվածավախ մարդը մշտապես ձգտում է ավելի ու ավելի լավ ճանաչել Աստծուն Նրա Խոսքի՝ Աստվածաշնչի շնորհիվ, և մեծ փափագ ունի ապրել՝ ուրախացնելով Տեր Աստծու սիրտը։
Այսօր հատուկ աղոթում եմ քեզ համար, որ դո՛ւ էլ դառնաս Տեր Հիսուս Քրիստոսի այնպիսի նվիրյալ ու հավատարիմ աշակերտը, որ Տերը քե՛զ համար էլ հրամայի Իր հրեշտակներին, որ քեզ պահեն քո բոլոր ճանապարհների մեջ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը