Մենք ավարտում ենք «Ինչպե՞ս է ծնվում Աստծուն ծառայելու տեսիլքը» անվանումը կրող ուղերձների շարքը։ Հուսով եմ՝ այն օրհնություն էր քեզ համար և կօգնի քեզ քո ծառայության տեսիլքի ձևավորման ու դրա իրականացման գործում։ Այսօր անդրադառնալու ենք տեսիլքի ձևավորման վերջին՝ վեցերորդ քայլին։ Այն շատ պարզ է ու գործնական՝ պարզապես մի՛ հետաձգիր սկիզբը։
Սիրելի՛ բարեկամ, ցանկացած գործ և ցանկացած երկար ճանապարհ սկսվում է առաջին քայլից։ Շատ դժվար է ճանապարհ ընկնել՝ չիմանալով, թե ո՞ւր պետք է գնաս և ո՞ր կողմ պետք է քայլես։ Սակայն տեսիլքի ձևավորման բոլոր հինգ քայլերն իրագործելուց հետո դու պետք է արդեն հստակ պատկերացում ունենաս, թե ի՞նչ կարիք է Աստված քեզ ցույց տվել և ո՞ր ուղղությամբ պիտի ներդնես քո տաղանդները, ժամանակը, միջոցներն ու ջանքերը։ Կրկին Նեեմիայի աստվածաշնչյան օրինակի միջոցով սովորե՛նք սկիզբը չհետաձգելու սկզբունքը։
«Թագավորն ինձ ասաց. «Ի՞նչ է քո ուզածը»։ Եվ ես աղոթեցի երկնքի Աստծուն։ Եվ ես ասացի թագավորին. «Եթե թագավորին հաճելի է, և եթե ծառադ հաճելի է քո առջև, ինձ ուղարկի՛ր Հրեաստան՝ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որպեսզի շինեմ այն»։ Եվ ինձ ասաց թագավորը (իսկ թագուհին նստել էր նրա կողքին). «Մինչև ե՞րբ կտևի քո գնալը, և ե՞րբ կվերադառնաս»։ Եվ հաճելի եղավ թագավորին, որ ինձ ուղարկի, և ես նրան հայտնեցի ժամանակը։ Եվ ասացի թագավորին. «Եթե հաճելի է թագավորին, թող ինձ Գետի այն կողմի իշխաններին ուղղված նամակներ տրվեն, որպեսզի ինձ անցկացնեն, մինչև որ հասնեմ Հրեաստան։ Մի նամակ էլ թագավորական պարտեզի վերակացու Ասափին, որ ինձ փայտ տա Աստծու տան աշտարակի դռները և քաղաքի պարիսպների դռները ծածկելու համար և այն տան համար, ուր որ ես պիտի գնամ». և թագավորը տվեց ինձ, որովհետև Աստծու բարի ձեռքն ինձ վրա էր» (Նեեմիա 2․4-8)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես փափագելով փափագում եմ, որ թե՛ իմ և թե՛ քո պարագայում ճշմարիտ լինի այս զորավոր արտահայտությունը․ «․․․որովհետև Աստծու բարի ձեռքն ինձ վրա էր»։ Ծառայության մեջ ամենակարևոր պայմանը Տեր Աստծու օրհնությունն է՝ Նրա բարեհաճությունը և տվյալ ծառայության հարցում Նրա շահագրգռվածությունը։ Ավելի պարզ ասած՝ այն ամենը, ինչ մենք անում ենք հանուն Աստծու գործի, պետք է լինի ո՛չ թե մեզ հաճելի ու մեր պատկերացումներին համապատասխան, այլ՝ Տեր Աստծուն։
Եվս մեկ դաս կա այս հատվածի մեջ, որը շատ ծառայողներ անտեսում են։ Նեեմիան պետք է ուղարկվեր։ Մենք Նոր Կտակարանում հրաշալի սկզբունք ենք սովորում, որը արձագանքում է Նեեմիայի պատմության ու Աստծուն մատուցած ծառայության այս հատվածի մեջ․ «Եվ ինչպե՞ս կքարոզեն, եթե չուղարկվեն․․․» (Հռոմեացիս 10․15):
Երբ ունես ծառայության քո տեսիլքը, երբ ունես քեզ ուղարկողի օրհնությունը և Աստծու բարի ձեռքը քեզ վրա է, քեզ մնում է պարզապես սկսել շարժվել դեպի քո տեսիլքի իրագործումը։ Թագավորի թույլտվությունից հետո Նեեմիան անմիջապես ճանապարհ ընկավ։
«Եվ ես եկա Գետի այս կողմի իշխանների մոտ և թագավորի նամակները նրանց տվեցի. թագավորն էլ ինձ հետ զորապետներ և ձիավորներ ուղարկեց» (Նեեմիա 2․9):
Կարևոր գործերն ու որոշումները չեղարկելու ամենախորամանկ կերպը դրանք հետաձգելն է։ Աղոթում եմ, որ չընկնես այդ անմեղ թվացող ծուղակի մեջ, որը շատ շատերի տեսիլքների կործանման պատճառ է դարձել։ Առանց քո ծառայության պտուղների ու արդյունքների հանդեպ ակնկալիքի մասին հստակ պատկերացման դու ոչ մի տեղ չես հասնի։ Սակայն եթե անգամ ունես հստակ պատկերացում, կրկին ոչ մի տեղ չես հասնի, եթե հետաձգես Աստծուն նվիրյալ կերպով ու Նրա կամքի մեջ ծառայելու քո գործնական քայլերի սկիզբը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը