May-20

Գլխավոր | Հրաշքներ | Վերբեռնման հինգ եղանակ…

Վերբեռնման հինգ եղանակ…

Սիրելի՛ բարեկամ, մեր կյանքերը երբեմն նման են համակարգիչների, որոնք կարիք ունեն վերբեռնվելու՝ անջատելու և նորից միացնելու, որպեսզի նորից սկսեն բնականոն աշխատել: Սարքերի ու ծրագրերի դեպքում պարզապես պետք է փակել ծրագիրը ու կրկին բացել այն, կամ անջատել սարքը ու նորից միացնել, որպեսզի կատարվի վերբեռնում:

Մեր կյանքում նույնպես շատ կարևոր է ժամանակ հատկացնել թարմացմանն ու վերբեռնմանը: Ահա դա իրականացնելու 5 եղանակ.

  1. Լավ կլինի, որ օրվա ընթացքում պարբերաբար, թեկուզ մեկ րոպեով կանգ առնենք ու մտածենք Տիրոջ մասին, զգանք Նրա ներկայության խաղաղությունը:
  2. Լավ կլինի օրվա մեջ գոնե մեկ ժամ հատկացնել աղոթքին: Տեր Հիսուսը Մատթեոս 26:40 խոսքում Իր աշակերտներին ասում էր.«Այդպես, մեկ ժամ է՞լ չկարողացաք Ինձ հետ արթուն մնալ»։
  3. Լավ կլինի նաև շաբաթվա մեջ մեկ օր առանձնացնել Տիրոջ համար: Աստված նույնպես Իր արարչագործությունն ավարտելուց հետո մեկ օր հատկացրեց հանգստին: Չնայած որ Նա Աստված է՝ Ամենակարող Աստված, Նա նույնպես հանգստացավ յոթերորդ օրը: 
  4. Ժամանակ առ ժամանակ, մի քանի ամիսը մեկ լավ կլինի մի քանի օրով առանձնանալ ծոմի, աղոթքի և Աստծուն փնտրելու նպատակով:
  5. Լավ կլինի նաև, որ մեր կյանքի ընթացքում մի քանի անգամ, նաև մեկ ամիս մասնակի ծոմ պահենք՝ Աստծո երեսը փնտրելու համար: Դա կարող է 30 կամ 40 օր տևել։ Տեր Հիսուսն Իր առաքելությունն սկսելուց առաջ 40 օր առանձնացավ ծոմի ու աղոթքի համար: Մովսեսը Սինա սարի վրա մնաց 40 օր և 40 գիշեր։ Աստվածաշնչում շատ այլ Աստծո մարդիկ որոշ ժամանակով առանձնանում էին Նրա երեսը փնտրելու համար՝ իրենց կյանքի բեկումնային պահերին կամ կարևոր որոշումներ կայացնելուց առաջ:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իմ կյանքում նույնպես հենց նման վերբեռնման ժամանակներից մեկն էր, երբ Աստված դրեց սրտիս մեջ «Քո հրաշքն ամեն օր» ուղերձներ քեզ և մյուսներին հասանելի դարձնելու գաղափարը: Եվ հիմա այս ծառայությունն այնքա՜ն շատ մարդկանց է հպվում և օգնում թե՛ հավատքի կյանքի մեջ և թե՛ առօրյա հոգսերից թեթևանալու հարցում։ Հուսով եմ՝ քեզ համար նույնպես օրհնություն են այս ուղերձները։ Եթե այսպես է, ապա շնորհակալ կլինեմ, եթե այս գրառման մեկնաբանություններում կամ անձնական նամակով կիսվես այդ մասին։

Երբե՛ք չմոռանաս, որ դու նույնպես ունես պարբերաբար թարմացման ու վերբեռնվելու կարիք: Ես հենց այս պահին խնդրում եմ քեզ՝ մի կողմ դիր ամեն բան և հենց հիմա ծրագրիր, թե երբ ես ժամանակ հատկացնելու Աստծո ներկայության մեջ որոշակի ժամանակ անցկացնելու համար: Չհետաձգե՛ս։ Իմ սեփական փորձից ասեմ, որ երբ նման որոշումները հենց նույն պահին չես կայացնում, դա հիմնականում նշանակում է, որ չես էլ իրագործելու դրանք։ Որոշի՛ր և իրականացրո՛ւ քո երկնային Հոր համար ժամանակ առանձնացնելու որոշումդ։ Այսօր աղոթում եմ քո հենց ա՛յս որոշման համար։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: