Սիրելի՛ բարեկամ, իսկ ծանո՞թ ես Աշոտ Աշիկյանի հեղինակած սուրբծննդյան այս երգի բառերին․
«Աստղածով երկնքից
Հրեշտակներ են իջնում,
Ու Փրկչի ծննդյան
Բարի լուրն են ավետում․
– Ուրախ եղե՛ք, ցնծացե՛ք,
Թո՛ղ հեռանա վախը,
Դավթի քաղաքում
Ծնվեց Օծյալ Փրկիչը»:
Այս հրաշալի երգերի բառերը խոսում են Փրկչի ծննդյան բարի լուրի մասին: Տեր Հիսուսը Աստվածաշնչում բնութագրվում է որպես անկյունաքար։ Նա պատմության շրջադարձային առանցքն է, մարդկանց սրտերը փոխակերպողը, աշխարհի Փրկիչը, դեպի Հայրը տանող միակ ճանապարհը, ճշմարտության և կյանքի աղբյուրն ու մարմնացումը: Մի օր Տեր Հիսուսը վերցրեց Եսայիա մարգարեի գիրքը և Ինքն Իր մասին հայտարարեց մարգարեի կողմից կանխասված իրադարձության իրականացումը.
«Տեր Աստծու Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է Ինձ՝ ավետիս տալու հեզերին, Ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին» (Եսայիա 61․1)։
Սուրբծննդյան երգերը մեզ հիշեցնում են նաև մեկ այլ հրաշքի մասին։ Աստվածաշնչյան անխախտ ճշմարտություն է, որ եթե մենք հավատացել ենք Քրիստոսի ուսուցանած ճշմարտություններին և մեր փրկության համար Նրա կատարած գործին, ապա մենք Տեր Աստծո սեփական ժողովուրդն ենք։ Մենք թագավորների Թագավորի ընտանիքին որդեգրված զավակներ ենք։
Սուրբ Ծնունդը սիրո տոն է․․․ Սեր, որը դրսևորվում է շնորհքի, կարեկցանքի և հավատքի մեջ: Սուրբ Ծնունդը բարի լուր է կոտրված սիրտ ունեցողների և ազատություն փափագողների համար։
Սուրբ Ծնունդը նաև դժվար ժամանակ է՝ նրանց համար, ովքեր միայնակ են, նրանց համար, ովքեր չունեն միջոցներ, ովքեր հիվանդ են կամ հուսահատված: Կարո՞ղ ես նրանց նայել սիրո ու կարեկցանքի աչքերով: Այն նույն հայացքով, որով Տեր Հիսուսը քեզ է նայում։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, ես և դու, որ այժմ Տեր Հիսուսի ընտանիքի անդամներն ենք, այս Երկրի վրա պետք է լինենք Նրա ձեռքերն ու ոտքերը, շուրթերն ու հայացքը: Այո՛, դու պետք է Նրա հայացքը լինես՝ լի կարեկցանքով ու գթասրտությամբ, ներման պատրաստակամությամբ ու ողորմածությամբ։ Դու Նրա սիրտը պետք է լինես, որը լի է սիրով ու զոհաբերությամբ։ Նա ուղարկել է ինձ և քեզ մխիթարելու սրտով կոտրվածներին:
Այսպիսով, այս Սուրբ Ծնունդին, ինչ-որ մեկի համար արա այն, ինչի մեջ կանչվել ենք յուրաքանչյուրս՝ սեր ու կարեկցանք դրսևորիր ինչ-որ մի կերպով։ Թեթևացրու ինչ-որ մեկի կյանքի բեռը։ Թեկուզ մի աննշան չափով: Թող Աստված տեսնի մեր մեջ Իր Որդուն նմանվելու մեր փափագը։ Որովհետև դիմացինին սիրելը նրան է փոխանցում այն կյանքը, որը մենք ստացել ենք մեր Տիրոջից։
Հ․Գ․ Հրավիրում եմ քեզ միանալ «Լսեցէ՛ք կերգեն հրեշտակք» անունը կրող այս հրաշալի երգի փառաբանությանը, որը կարող ես լսել հետևյալ հղման միջոցով՝
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը