January-1

Գլխավոր | Հրաշքներ | Սուրբծննդյան հրաշքը

Սուրբծննդյան հրաշքը


Սիրելի՛ բարեկամ, իմ կողմից, իմ ընտանիքի, «Քո հրաշքն՝ ամեն օր» ծառայության ողջ անձնակազմի և Էջմիածնի Էմմանուել ավետարանական եկեղեցու բոլոր հավատացյալների անունից ընդունի՛ր մեր շնորհավորանքներն ու օրհնության բարեմաղթանքները Քրիստոսի ծննդից հետո 2024 թվականի գալուստի կապակցությամբ։

Այսօր հատուկ ուզում եմ քո ուշադրությունը կենտրոնացնել հետևյալ ճշմարտության վրա․ ինձ և քեզ համար՝ որպես Տեր Հիսուսի աշակերտների, Սուրբ Ծնունդը հնարավորություն է՝ նշելու Աստծու ողորմությունն ու շնորհը, որոնք ամեն առավոտ նոր են և թարմ: Հուսով եմ՝ ծանոթ ես այս հայտնի երգի բառերին․

«Լուռ գիշեր, սուրբ գիշեր,

Ծով ու ցամաք քնով են խաղաղ,

Մեղմ կփայլի աստղը Բեթղեհեմի,

Եվ հեռուեն շատ աչքեր կգրավի,

Հոն, ուր Փրկիչը ծնավ»։

Սուրբծննդյան հրաշքը Տեր Հիսուսի մարմնավորման հրաշքն է: Հոգևոր բառապաշարի այս փոքր-ինչ տարօրինակ բառը նշանակում է, որ հենց Աստված Ինքը մարդ դարձավ, որպեսզի մեզ հետ լինի մեր իրականության մեջ, որպեսզի մեզ հասանելի կերպով հայտնի Հայր Աստծու կամքը, ցույց տա փրկության ճանապարհը և Իր կյանքով վճարի մեր փրկագինը:

«Եվ Խոսքը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք Նրա փառքը. փառք, որ Հորից ունի Միածինը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։» (Հովհաննես 1․14)

Սուրբ Ծնունդը հասկացություն չէ: Սուրբ Ծնունդը փիլիսոփայության, վարդապետության և նույնիսկ՝ աստվածաբանության տոն չէ:

  • Սուրբ Ծնունդը այս տիեզերքը ստեղծած Անձի մարմնավորման հրաշքն է։ 
  • Աստծու շնորհը մեզ անսահման սիրով սիրող այդ նույն Անձի օգնությունն է հավատացյալներին։
  • Ճշմարտությունը Նրա լույսն է, որ լուսավորում է Տեր Հիսուսի ուսուցումներն ընդունող յուրաքանչյուր աշակերտի կյանքը։
  • Փրկության Ճանապարհը Նրա բացած ուղին է՝ Նրա ոտնահետքերի նեղ արահետը, որով քայլում են միայն հավատարիմները։
  • Կյանքը հե՛նց Տեր Հիսուսն է, որ կյանքի աղբյուր է դառնում Իրեն ընդունողների համար։

Տեր Հիսուսի անհատականության մեջ մենք մուտք ենք ստանում դեպի մեր երկնային Հոր անսահման սերը։ Հրաշալի է Աստվածաշունչ սերտելը, հիասքանչ է ուսումնասիրել աստվածաբանությունը և շատ օգտակար է աստվածաշնչյան խոսքեր ու հատվածներ անգիր իմանալը։ Բայց դա երբեք չի փոխարինի Տեր Հիսուսի հետ մտերմանալուն, որի շնորհիվ մեզ համար բացվում է Նրա անձի հոգևոր առեղծվածը, Ով Աստծո Խոսքն է՝ մարմնացած Խոսքը։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված չեկավ մեզ միայն ճիշտ վարդապետություն կամ կարևոր հոգևոր գիտելիք փոխանցելու։ Նա եկավ, որպեսզի անձամբ Իրեն տա՝ հանուն մեր փրկության։ Նա հենց մարմնով եկած Սե՛րն է՝ սիրո մարմնացումը, և Նա իմ ու քո կյանքերի Փրկիչն է։

Առաջարկում եմ այս տարվա առաջին օրը միասին սկսել՝ Նրան գովերգելով ու փառաբանելով։

Հ․Գ․ Հրավիրում եմ քեզ միանալ «Լուռ գիշեր․․․» անվանումով այս հրաշալի երգի երկրպագությանը, որը կարող ես լսել հետևյալ հղման միջոցով՝
https://youtu.be/HlktDMrHNzw

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: