Սաղմոս 46․10 խոսքում կարդում ենք․ «Հանդարտ մնացեք և ճանաչեք, որ Ես եմ Աստված»։
Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչի եբրայերեն բնագրում «հանդարտ» բառը «ռաֆահ» բառն է։ Մենք այն կարող ենք թարգմանել նաև որպես «հանգիստ» կամ «խաղաղ»։ Իսկ այս նախադասության իմաստային թարգմանությունը այսպիսին կարող է լինել․ «Մի՛ փորձիր վերահսկել ամեն բան, Ինձ հանձնիր քո հոգսերը և վստահաբար կտեսնես, որ Ես Աստված եմ»։
Մեր խնդիրների լուծումն Աստծուն վստահելու և հոգսերը մեր ուսերից ցած դնելու մասին Աստվածաշունչը հետևյալն է սովորեցնում նաև Եբրայեցիներ 4․16 խոսքում․ «Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին»։
Աստվածաշնչյան վերը բերված մեջբերումն ինձ հիշեցնում է Եսթեր թագուհու պատմությունը, որը կարող եք ընթերցել Աստվածաշնչի Եսթերի գրքում։ Մի օր, երբ հրեաները բախվեցին չար ու նենգ Համանի ձեռքով կոտորվելու վտանգին, Եսթեր թագուհին որոշեց աղոթել ու ծոմ պահել, որպեսզի փնտրի և գտնի Տիրոջ օգնությունը։ Երեք օր անց նա գնաց թագավորի մոտ, որն իր գավազանն ուղղեց դեպի նա։
Ընթերցենք Եսթեր 5․3 խոսքը․ «Թագավորն ասաց նրան. «Ի՞նչ ունես, Եսթե՛ր թագուհի, և ի՞նչ է ուզածդ. իմ թագավորության մինչև կեսն անգամ քեզ կտրվի»։
Սա մի հրաշալի նկարագրություն է այն հնարավորության մասին, որը տրված է մեզնից յուրաքանչյուրին, որպեսզի համարձակորեն մոտենանք շնորհքի գահին։ Դու ազատ մուտք ունես դեպի տիեզերքի Արարիչ Ամենակարող Աստծու ներկայության մեջ Տեր Հիսուսի մաքրագործող և սրբագործող արյան շնորհիվ։ Եվ դա ոչ թե մեր արժանիքների շնորհիվ է, այլ Տեր Հիսուսին նվիրված ու Նրան հավատացող յուրաքանչյուր մարդուն արտոնվող շնորհքի արդյունքն է։
Այսօր մոտեցի՛ր այդ շնորհքի գահին։ Բե՛ր Աստծու առջև այն ամենը, ինչը ծանրացել է քո սրտին, ինչն անհանգստացնում է քեզ։ Բա՛ց թող հոգսերդ և հանձնի՛ր դրանք Աստծուն։ Թո՛ւյլ տուր, որպեսզի Նա՛ միջամտի և լուծի այդ դժվարին իրավիճակը, բժշկի քեզ քո հիվանդությունից, շտկի լարվածության հասած բարդ հարաբերությունները և այլն։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերն այսօր էլ քե՛զ է ուղղում Իր խոսքը․ «Խաղաղվի՛ր, հանդարտվի՛ր, բա՛ց թող խնդիրներդ, իջեցրո՛ւ դրանք քո ուսերից, հանդարտ եղի՛ր և իմացի՛ր, որ Ես եմ Աստված։ Ինձ համար չկա անհնարին ոչինչ։ Ես կարող եմ փոխել ամեն բան, վերափոխել ու փոխակերպել ցանկացած իրավիճակ ու ընթացք, որովհետև Ես եմ Տերը՝ Ամենակարող Աստված»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը