January 6

Գլխավոր | Հրաշքներ | Շատ ավելին, քան մի Նորածին

Շատ ավելին, քան մի Նորածին

Սիրելի՛ բարեկամ, Քրիստոս ծնվեց և հայտնվեց։ Մեզ և ձեզ մեծ ավետիս։ Իրապես այսօր մեծ ավետիսի՝ մեծ բարի լուրի օր է։ Անշուշտ, որպես քրիստոնյաներ, մենք պետք է քաջատեղյակ լինենք, որ Աստվածաշունչը մեզ չի փոխանցում Տեր Հիսուսի ծննդյան հստակ օրը։ Տարբեր քրիստոնեական մշակույթներ տարբեր օրերի են նշում Սուրբ Ծնունդը՝ ոմանք դեկտեմբերի 25-ին, ոմանք հունվարի 6-ին, իսկ ոմանք էլ 7-ին։

Սակայն, կարևորը հստակ օրը չէ, այլ մարդկության պատմության առանցքը դարձած այս կարևորագույն իրադարձությանը ճիշտ ու արժանի վերաբերմունք ունենալը։ Մեր մշակույթի մեջ մենք այսօր ենք նշում Տեր Հիսուսի ծննդյան օրը։ Եվ հրաշալի է տոնել Փրկչի ծնունդը: Դա նաև հիանալի հնարավորություն է խոսելու Նրա մասին և մարդկանց ուշադրությունը կենտրոնացնելու հավիտենական կարևորություն ունեցող փաստերի վրա:

Այսօր մենք՝ քրիստոնյաներս, մեր աչքերի առջև նկարագրում ենք Քրիստոսին այնպիսին, ինչպիսին Նա կա իրականում՝ հստակ գիտակցելով, որ Նա այլևս «փոքրիկ» նորածին Հիսուսը չէ:

Իսկ ինչպե՞ս էին Նրան ընկալում Նրա ծննդյան ժամանակ։ Մի պահ փորձիր նայել, օրինակ, Մարիամի և Հովսեփի ժամանակակիցների աչքերով… Ի՞նչ տեսան նրանք, երբ նայեցին այս երեխային: Իհարկե, ոչ ավելին, քան փոքրիկ նորածին…

Սակայն, այս փոքրիկ տղան երկար սպասված Մեսիան էր:  Եբրայերենով մեսիա բառը հնչում է որպես մաշիախ, որը նշանակում է «օծված», օծություն ընդունած։ Հին Կտակարանում օծում էին միայն երեք տեսակի մարդկանց՝ քահանաներին (տե՛ս Ելից 28.41 խոսքը), մարգարեներին (տե՛ս Գ Թագավորներ 19.16 խոսքը) և թագավորներին (ավելի կոնկրետ՝ Իսրայելի թագավորներին, տե՛ս Ա Թագավորաց 9.16 խոսքը): 

Հատկապես հետաքրքիր է նշել, որ Տեր Հիսուսը կատարում է այս երեք գործառույթները միաժամանակ: Նա իրապես Քահանա է (տե՛ս Եբրայեցիս 7.17 խոսքը), Մարգարե (Ղուկաս 7.16 խոսքը) և, անշուշտ, նաև Թագավոր (տե՛ս Հովհաննես 19.19 և Հայտնություն 17.14 խոսքերը):

Եվ այնուամենայնիվ, Նրա կյանքի սկզբում մենք տեսնում ենք ընդամենը մի նորածին երեխայի, որը խոնարհաբար ծնվեց ամենասովորական մի ախոռում: Նրան, ում մարդիկ երկար ժամանակ ընկալում էին որպես մանկան, հետո որպես հյուսն, ով լցված էր ինչ-որ երազանքներով, Հայր Աստված երկիր էր ուղարկել որպես Քահանա, Մարգարե և Թագավոր: Եվ, ի հավելումն այս ամենի, Նա Աստծո Միածին Որդին էր: Եվ սա հենց այն ամենն է, ինչը Տեր Հիսուսը դրսևորեց ու հաստատեց Իր երկրայի կյանքի ողջ ընթացքում: Նա դարձավ և արեց այն, ինչը Հայրն ակնկալում էր իրենից: Նա կատարելապես իրագործեց Իր առաքելությունը:

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ,, ամենակարևոր բանը, որը պետք է հասկանա յուրաքանչյուր մարդ՝ ներառյալ ինձ և քեզ, հետևյալն է․ իսկ ինչպե՞ս է այս ամենն առնչվում իմ կյանքի հետ։ 

Տեր Հիսուսը մեզ օրինակ թողեց և նաև մեզ համար ճանապարհ բացեց, որպեսզի ես և դու էլ դառնանք հենց այն անձնավորությունը, որն Աստված է ուզում տեսնել․․․ Որպեսզի ես և դու իրագործենք հենց այն առաքելությունը, որի համար Աստված մեզ ուղարկել է այս երկիր՝ մեզ պարգևելով ամենամեծ նվերը՝ կյանքը։

Անկեղծ ասած, այն, ինչ մարդիկ տեսնում են քո մեջ, այդքան էլ էական չէ: Կարևորն այն է, թե ինչ է տեսնում Աստված: Նա գիտի, թե ինչի համար է կանչել քեզ: Այսօր դու կարո՛ղ ես որոշում կայացնել դառնալու հենց այն անձնավորությունը, որին Աստված է կանչել՝ անկախ նրանից, թե մարդիկ ինչ են մտածում քո մասին: Դու պետք է որոշես աճել այն կոչման մեջ, որը Աստված դրել է քո կյանքում: Դա անհատական և անփոփոխելի կանչ է։

Սուրբ Ծնունդի այս առանձնահատուկ օրվա մեջ հիշիր, որ ինչպես այն հեռավոր ախոռում եղած նորածինը շատ ավելի մեծ էր, քան պարզապես մի երեխա, այնպես էլ քո մեջ ավելին կա, քան այն, ինչ տեսնում են մյուսները: Դու ծնվել ես քո շրջապատի վրա աստվածային ազդեցությունը թողնելու համար՝ որպես Աստծո զավակ մտնելով այն կանչվածության մեջ, որն Աստված է պատրաստել քեզ համար:                                 

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, թույլ մի՛ տուր, որ մարդկանց կարծիքը հետ պահի քեզ Աստծո ծրագրի մեջ քո դերակատարումն ունենալուց… Ճանաչի՛ր Աստծո կամքը Իր Խոսքի շնորհիվ, դարձի՛ր Աստծո Խոսքին հնազանդ մարդ, գտի՛ր քո եկեղեցին և միացի՛ր Աստծո ընտանիքին, աճի՛ր հավատքի մեջ, հասունացի՛ր և իրագործի՛ր այն առաքելությունը, որի մեջ քեզ կանչել է Տերը։ Դու այն ես, ինչ Աստված է ասում քո մասին, և ոչ թե այն, ինչ մարդիկ են կարծում․․․

Աղոթում եմ, որպեսզի քո սրտին խորապես հպվի «Մարիա՛մ, արդյոք գիտեի՞ր» երգի այս գեղեցիկ կատարումը:

Մաղթում եմ քեզ շատ ուրախ ու Տեր Աստծո ներկայության քաղցրությամբ հագեցած Սուրբ Ծնունդ: 

Օրհյալ է հայտնությունը Քրիստոսի։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: