Սիրելի՛ բարեկամ, քեզ հետ պատահո՞ւմ է, որ կասկածներ և անհանգստություններ ունենաս քո ապագայի վերաբերյալ՝ քո անելիքների, աշխատանքի կամ ամուսնության ու երեխաների։ Այս բոլոր հարցերը կարող են անհանգստության պատճառ լինել, բայց մենք պետք է հիշենք, Աստված գիտի ամեն բան, և Նա՛ է տիրում Իրեն հավատացող մարդկանց կյանքում: Եփեսացիս 2.10 խոսքում կարդում ենք․ «Քանզի Նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք»:
Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունած յուրաքանչյուր մարդ կարող է վստահ լինել, որ Աստված նախապես լավագույն ծրագիրն է մշակել իր կյանքի համար։ Եվ Տերը Իր հնազանդ ու հավատարիմ զավակներին քայլ առ քայլ առաջնորդում է դեպի այդ ծրագրի իրականացումը:
Իրականում, նույնիսկ եթե քեզ համար դեռ տեսանելի չէ այդ գործընթացը, միևնույնն է, Աստված հասնելու է քո կյանքի համար Իր նպատակներին: Աստված լավագույնն է ծրագրել քեզ համար։
Աստծո հետ քո կյանքի դժվարությունները ոչ միայն ժամանակավոր են դառնում, այլև Աստված վերցնում է դրանք և վերածում նոր հնարավորությունների։ Նա քեզ երբեք միայնակ չի թողնի։ Քո երկնային Հոր մեծագույն փափագն է տեսնել, թե ինչպես ես կյանքի կոչում քո կյանքի համար Նրա մշակած խաղաղության իր ծրագրերը։ Սակայն այս հարցում քո համագործակցությունը կարևոր դերակատարում ունի։
Շատերն են ասում՝ եթե Աստված ուզում է և որոշել է, ապա այդպես էլ կլինի։ Մեր կյանքում Աստծո խաղաղության և օրհնության ծրագրերը իրականություն են դառնում միայն այն պարագայում, երբ մենք մեր ազատ կամքով ընտրում ենք Նրա ուղղորդմանն ու առաջնորդությանը հնազանդվելու ուղին։ Իսկ եթե մենք սկսենք գործել մեր Տեր Աստծո կամքին հակառակ, ապա ոչ թե Նրա, այլ մեր թշնամու ծրագրերը կիրականանան մեր կյանքում։ Ցավալի է, սակայն հենց այս իրողությունն է շատ շատերի դժբախտության պատճառը։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո երկնային Հայրը երազանք ունի քո կյանքի առնչությամբ։ Նա լավագույնն է փափագում քեզ համար: Եվ Նա ուզում է, որ դու ընթանաս հենց այն ճանապարհով, որը քեզ կհասցնի Նրա կողմից նախատեսած ծրագրերի իրականացմանը:
Աշխարհի որ ծայրում էլ լինես, ինչպիսի կարգավիճակ էլ ունենաս, ինչպիսի դժվարությունների մեջ էլ հայտնված լինես, իմ աղոթքն է, որ դու սկսես փնտրել Աստծո կամքը քո կյանքի համար, որ սկսես խնդրել Նրան, որպեսզի բացահայտի քեզ քո կյանքի համար Իր մշակած ծրագրերը, և որպեսզի կարողանաս վազել դեպի նպատակակետը Տեր Հիսուս Քրիստոսի օգնությամբ և Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Թող Աստված օրհնի քեզ և իմաստություն տա, որպեսզի ապրես այնպիսի կյանքով, որ երբ կանգնես Տեր Աստծո առջև, արժանանաս հավատարիմների համար նախատեսված վարձքին ու մրցանակին։
Վստահի՛ր Աստծուն։ Նրա ծրագրերը քո համար խաղաղության ծրագրեր են, իսկ Նրա կամքը՝ բարի, հաճելի և կատարյալ։
Աստված այսօր ցույց է տալիս քեզ քո կյանքը դեպի բարին փոխակերպելու ուղին։ Չմերժե՛ս Նրան։ Հետևի՛ր Նրա կամքին։ Հետևի՛ր Նրա ցուցումներին։ Ապրի՛ր Նրա ուսուցանած սկզբունքներով․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը