Սիրելի՛ բարեկամ, աշխարհի շատ երկրներում այսօր են նշում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Ես և մեր ողջ թիմը շնորհավորում ենք բոլորիդ այս հիասքանչ տոնի կապակցությամբ։ Մենք աղոթում ենք, որ սուրբծննդյան օրհնություններն ու ավետիսը իրական փոփոխություն բերեն մեր ունկնդիրների կյանքում։
Իսկ դու ինչպե՞ս ես քեզ զգում այս առավոտ։ Առո՞ւյգ ես, եռանդով լի և ապագայի հանդեպ հույսով լցված, թե՞ հուսահատ, տրտմած, հոգնած և ուժասպառ․․․ Ուզո՞ւմ ես իրական օգնություն ընդունել Տեր Աստծուց․․․
Գիտե՞ս, որ մենք որոշել ենք 2023 թվականը հայտարարել Աստվածաշնչի ընթերցանության տարի։ Սա յուրահատուկ մի մարտահրավեր է, որին իմ ամբողջ սրտով հրավիրում եմ քեզ միանալ առաջիկայում։ Ամեն օր Աստվածաշունչ ընթերցելը սուրբ և բժշկարար մի սովորություն կարող է դառնալ քո կյանքում, որի զարգացման պարագայում, ավելի քան համոզված եմ, որ Տեր Աստծու օրհնությունները և Նրա գերբնական օգնությունը քո կյանքի դժվարին իրավիճակներում իրենց երկար սպասել չեն տա։
Եթե դեմ չես, մենք քո կողքին կլինենք 2023 թվականի ողջ ընթացքում։ Հունվարի առաջին օրերից սկսած ամեն շաբաթ ես մի կարճ տեսանյութ կտեղադրեմ մեր YouTube-յան ալիքում, որտեղ կխոսեմ տվյալ շաբաթվա ընթերցանության հանձնարարության մասին, ինչպես նաև կառաջարկեմ դիտել Աստվածաշնչի տվյալ հատվածի մասին ուսուցանող տեսանյութը։ Կարծում եմ՝ բավականին օգտակար կլինի լսել տվյալ հատվածի մասին ուսուցումը և հետո ընթերցել Աստվածաշնչի համապատասխան հատվածը։ Եվ այդպես ամեն շաբաթ․․․
Այս ամենի նպատակը Տեր Աստծուն Իր Խոսքի միջոցով ճանաչելն է, Նրա հետ կենդանի հարաբերության հաստատումը, մտերմության զարգացումը և Տեր Հիսուսի հետ մշտական կապի մեջ լինելը։ Աստվածաշունչ ընթերցելը մարդուն օգնում է չեզոքացնել այս աշխարհի ազդեցությունը և աշխարհի կողմից կառավարվող լրատվամիջոցների կողմից ձևավորվող մթնոլորտը, ինչպես նաև մեզ դնում է Տեր Աստծու կամքը հասկանալու և Նրա Խոսքը լսելու հաճախականության վրա։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, նկատե՞լ ես, որ երբ ընտրում ես այս աշխարհի տեղեկատվության հաճախականությունը, սիրտդ լցվում է անհանգստություններով, վախով, տագնապային մտքերով և տրտմությամբ։ Արդյունքը սթրեսային վիճակն է, ճնշվածությունն ու ընկճախտը։ Իսկ երբ լսում ես Տեր Աստծու ձայնը, սիրտդ լցվում է հավատքով, վստահությամբ, ուրախությամբ և եռանդով։ Հետևանքը թարմ ու խանդավառ կյանքն է, որի ժամանակ դու ոչ միայն ամուր ես և հաղթանակող, այլև ունակ ես դառնում քո շրջապատի մարդկանց քաջալերելու և նրանց իրենց դժվարությունների մեջ օգնելու համար։
Այսպիսով, առաջարկում եմ մտերմանալ Աստծո Խոսքի հետ, ամեն օր ընթերցել Աստվածաշունչը, և քո միտքը դնել ճիշտ հաճախականության վրա Աստծո Խոսքի ընկալման և Տիրոջ ձայնը լսելու համար:
Միացի՛ր մեր նախաձեռնությանը։ Ամեն շաբաթ ընդունի՛ր ընթերցանության հանձնարարությունը, լսի՛ր տվյալ հատվածի ուսումնասիրությունն ու բացատրությունը և ընդունի՛ր Աստծո Խոսքի օրհնությունները քո կյանքի մեջ։ Թո՛ւյլ տուր, որ սիրտդ ու հոգիդ լցվեն Սուրբ Հոգու քաղցր ներկայությամբ և սնեն քո մտքերը Աստծո Սուրբ Խոսքի բժշկարար ազդեցությամբ:
Այսօր և ողջ տարին մնա՛ Տեր Աստծո հետ անխափան կապի հաճախականության վրա․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը