February-9

Գլխավոր | Հրաշքներ | Հուսահատության դեմ միակ դեղամիջոցը

Հուսահատության դեմ միակ դեղամիջոցը

Այս ուղերձով ավարտում ենք շարքը, որը կրում էր «Քո անհուսության բժշկությունը» անվանումը։ Իրապես աղոթում ենք, որպեսզի Աստծու Խոսքի բժշկարար ազդեցությունը գործի դրվի քո կյանքում և ազատագրի քեզ ամեն անհուսությունից քո կյանքի ցանկացած ոլորտում։ Տիրոջից խնդրում ենք, որ Նա քեզ տա իրական հույս, որը ուրախությամբ և խաղաղությամբ կլցնի քո սիրտը։

Սիրելի՛ բարեկամ, մեր նախորդ ուղերձների մեջ տեսանք, որ իրական հույսը հիմնված է Տեր Աստծու տված խոստումների վրա։ Այն, ինչը Տերն է խոստացել Իր Խոսքի՝ Աստվածաշնչի էջերում, անհնարին է, որ չիրականանա։ Նաև քննեցինք կեղծ հույսի հասցրած վնասների ու անհուսությունից բժշկվելու հարցում արգելք լինելու խնդիրը։

Այս շարքի մեր վերջին ուղերձի մեջ ուզում եմ անդրադառնալ ցանկացած անհուսության դեմ գոյություն ունեցող միակ դեղամիջոցին։ Քանի որ մարդը հույսով լցվում է Տեր Աստծու խոստումներին հավատալու շնորհիվ, ապա կարևոր է հասկանալ, թե ինչպե՛ս են դրանք իրականանում մեր կյանքերում։ Չէ՞ որ միայն խոստումներով մարդը երկար ընթացք չի կարող անցնել։ Եվ ո՛չ էլ Աստված է ուզում, որ մենք ապրենք առանց Նրա տված խոստումների իրականացման։ Այո՛, Տերն է որոշում՝ երբ և ինչպես իրականացնել Իր շնորհի բարիքները մեր կյանքում, սակայն Նա ուզում է, որ մենք տեսնենք Նրան հուսացած լինելու պտուղները, և փափագում է մեր սրտերն ուրախացնել Իր շնորհի լիության դրսևորումներով։ 

«Որովհետև Աստծու այդքան խոստումները Նրա մեջ իրենց «այո»-ն գտան. դրա համար էլ Նրանով է «Ամեն»-ը, որ ասում ենք Աստծու փառքի համար» (Բ Կորնթացիս 1․20):

Տեր Աստծու խոստումները միայն Տեր Հիսուսի մեջ են «այո» դառնում։ Ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը։ Քրիստոսն է մեր հույսի աղբյուրը։ Անհուսության դեմ միակ դեղամիջոցը Տեր Հիսուսի անձը ճանաչելու և Նրա հետ մտերմանալու մեջ է։ Նրա հետ մտերիմ մարդիկ են, որ չեն ընկնում ինքնաներշնչանքի ծուղակը, այլ համոզված են լինում, որ եթե Քրիստոսին ընդունել են որպես իրենց կյանքի Տեր, ապա նրանց Տերը հոգ է տանում ամեն բանի համար, իսկ իրենք հոգս անելու որևէ անհրաժեշտություն այլևս չունեն։ 

«Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ Իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ» (Ա Պետրոս 1․3):

Սա իրական ու կենդանի հույս է։ Սա հավատացյալների ինքնաներշնչանքը չէ, ոչ էլ այլ մարդկանց փոխանցած կեղծ հույսը։ 

«Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվե՛ք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ Ձեր ամբողջ հոգսը Նրա վրա՛ գցեք, որովհետև Նա ձեզ հոգ է տանում։ Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ Դիմադրե՛ք նրան՝ հավատով հաստատուն լինելով և իմանալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում նույն չարչարանքներն են կրում։ Եվ ամեն շնորհի Աստվածը, որ ձեզ Քրիստոս Հիսուսով դեպի Իր հավիտենական փառքը կանչեց, ձեր՝ փոքր-ինչ չարչարվելուց հետո կվերականգնի, կամրացնի, կզորացնի, հաստատահիմն կդարձնի» (Ա Պետրոս 5.6-10):

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսի հետ մտերմությունը վերացական մի բան չէ։ Այն հասանելի է յուրաքանչյուր մարդու համար, ով զգայուն կլինի Նրա կամքի և պատվիրանների հանդեպ։ Եթե դու սրտանց որոշում ես կայացրել քո կյանքն ապրելու որպես Քրիստոսի աշակերտ և քո ամեն քայլն ու որոշումը կառուցում ես ըստ Տեր Հիսուսին հաճելի լինելու սկզբունքի, ապա Նա միշտ քո կողքին է։ Ավելին, Նա խոստացել է, որ նման մարդու ներսում է բնակվելու։ 

«Աստված կամեցավ ցույց տալ նրանց, թե ի՛նչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը հեթանոսների մեջ, որ է Քրիստոսը ձեր մեջ, այն փառքի հույսը» (Կողոսացիս 1․27):

Հե՛նց սա է փառքի հույսը։ Հե՛նց սա է անհուսության դեմ միակ գործուն և փորձված դեղամիջոցը։ 

«Եվ սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, և այս կյանքը Նրա Որդու մեջ է։ Ով Որդուն ունի, նա կյանք ունի, և ով Աստծու Որդուն չունի, կյանք չունի» (Ա Հովհաննես 5․11-12):

Եթե Որդուն ունես քո կյանքում, ապա անհանգստանալու ո՛չ մի առիթ չպետք է ունենաս։ Քո հոգսերը Նրան վստահի՛ր։ Եթե անգամ դեռ ամեն բան չի կարգավորվել քո կյանքում, ապա հիշի՛ր Պետրոս առաքյալի խորհուրդը և զինվի՛ր համբերությամբ․ «Եվ ամեն շնորհի Աստվածը, որ ձեզ Քրիստոս Հիսուսով դեպի Իր հավիտենական փառքը կանչեց, ձեր՝ փոքր-ինչ չարչարվելուց հետո կվերականգնի, կամրացնի, կզորացնի, հաստատահիմն կդարձնի»։

Աստված խոստացել է, Աստված կիրագործի։ «Ով Որդուն ունի, նա կյանք ունի, և ով Աստծու Որդուն չունի, կյանք չունի»։ Եթե Որդուն ունես քո կյանքում, ապա այլևս մի՛ նայիր, թե ինչ չունես։ Դու կյանք ունես։ Չհավատա՛ս անհուսության ու տագնապի մտքերին։ Տերը քեզ հետ է։ Տերը քո մեջ է։ Նա քո կենդանի Հույսն է․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: