February-7

Գլխավոր | Հրաշքներ | Հույսը պետք է հիմք ունենա

Հույսը պետք է հիմք ունենա

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քո անհուսության բժշկությունը» անվանումը։ Երբ մարդն անցնում է անհուսության ժամանակներով, ապա նրան ամենաշատը կարող է վնասել կեղծ հույսն ու անհիմն մխիթարությունը։ Մենք երբեմն ուզում ենք օգնել դիմացինին նրա հուսահատության մեջ և, ինքներս չհավատալով ու ոչ մի հիմք չունենալով նրան քաջալերելու համար, ուղղակի որպես մխիթարություն, ասում ենք, թե ամեն բան լավ է լինելու։ Եվ երբեմն էլ անգամ խորհուրդ ենք տալիս նման մարդկանց իրենց հույսն Աստծու վրա դնել։

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Աստծուն հուսացած մարդը՝ այն մարդը, ով իր ամբողջ սրտով ու ողջ հավատքով ապավինել է Աստծուն, երբե՛ք ամոթով չի մնա (տե՛ս Հռոմեացիս 10.11 խոսքը)։ Սակայն մեր հույսը պետք է ամուր հիմք ունենա, որպեսզի այն գործի մեր կյանքում ու ցրի անհուսության ամեն խավար։ Այս աշխարհում չկա ավելի ամուր հիմք ու անսասան հաստատություն, քան Աստծու Խոսքն է։

«Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչև երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից մի կետ կամ մի փոքր նշանագիր անգամ չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա» (Մատթեոս 5․18):

Ոչ ոք չի կարող հույս ընդունել հույսի Աստծուց, եթե չի հավատում Նրան, Նրա Խոսքի անսխալականությանն ու Նրա խոստումների անխախտ լինելուն։ Մեր ամեն անհուսության մեջ Աստծուն հուսալ նշանակում է մեր հույսը դնել Նրա Խոսքի և Նրա խոստումների վրա։ Անհնարին է, որ Աստված մի բան խոստանա ու չանի։ Նա երբե՛ք չի խոստացել, որ կիրականացնի մեր բոլոր դավանություններն ու հռչակումները։ Նա խոստացել է, որ իրականություն կդառնան Իր խոստումները, եթե մենք հավատանք դրանց, քննենք դրանք և բավարարենք այդ խոստումների իրականացման համար եղած պայմաններին։ 

«Ուստի Աստված, առավել ևս կամենալով խոստման ժառանգորդներին ցույց տալ Իր նպատակի անփոփոխ լինելը, այն հաստատեց երդմամբ, որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցույց են տալիս, որ անհնար է՝ Աստված սուտ խոսի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք. մենք, որ ապավինելով կառչեցինք մեզ առաջարկված հույսից, որը մեզ համար հաստատուն և անշարժ խարիսխ է, որ թափանցում է վարագույրից ներս․․․» (Եբրայեցիս 6․17-19):

Անհնար է, որ Աստված սուտ խոսի։ Նրա Խոսքը մեր հույսի հիմքն է՝ մեր խարիսխը այս աշխարհի փոթորկոտ ծովում։ Ո՛չ թե «Ես այսպես եմ կարծում» կամ «Ինձ այսպես է թվում» արտահայտություններն են մեր հույսը, այլ՝ «Աստված այսպես է ասում Իր Խոսքի մեջ» կամ «Տեր Հիսուսն այսպես էր սովորեցնում» պնդումները։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հավատքի և խոնարհության առկայությունը Տեր Աստծու խոստումները դարձնում են մեր հույսի ամուր ու անսասան հիմքը։ Առանց Աստծու խոստումների հանդեպ ամուր հավատքի մենք չենք կարող ամուր հիմքի վրա կանգնել։ Առանց խոնարհության մենք չենք կարող Աստծուց շնորհ ընդունել։ 

Սակայն եթե միա՜յն հասկանանք, թե Ո՛վ է մեզ հույս և օգնություն Խոստացողը․․․ Եթե միա՜յն ճանաչենք Նրան և Նրա սերն ու հոգատարությունը մեր հանդեպ, ապա երբե՛ք չենք կասկածի ու թույլ չենք տա, որ թշնամին գողանա մեր ներսի հույսը, որ մեր խարիսխն է ու մեր ամրությունը։ 

«Աննկուն պահենք հույսի դավանությունը, որովհետև հավատարիմ է Խոստացողը» (Եբրայեցիս 10․23):

Նախ գտի՛ր Աստվածաշնչից քո իրավիճակին համապատասխան խոստումը։ Հետո խորհի՛ր այն մասին, թե Ո՛վ է Խոստացողը։ Եվ վերջում ուսումնասիրի՛ր, թե այդ խոստումը ո՛ւմ է ուղղված՝ ո՞ւմ է այն վերաբերում։ Եվ եթե համոզված ես, որ դու բավարարում ես այդ խոստման հասցեատերը լինելու պայմաններին, ապա վերցրո՛ւ այն հավատքով։ Դրանից ավելի զորավոր ու ամուր հույսի աղբյուր չի կարող լինել այս տիեզերքում։ Որպես աստվածաշնչյան խոստումը քննելու և ընդունելու գործնական օրինակ՝ առաջարկում եմ քննել ստորև բերված խոստումը՝ ըստ վերը տրված երեք քայլերի։

«․․․Ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։ Այնպես որ համարձակվում ենք ասել. «Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Եբրայեցիս 13․5-6

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: