Սիրելի բարեկա՛մ, այսօր ավարտում ենք «Դարձի՛ր Երկնքի Արքայության դեսպանը» անվանումը կրող շարքը։ Առաջարկում եմ միասին խորհել աստվածաշնչյան մի կարևորագույն որակի մասին, որը մեզ կօգնի պատրաստվել Երկնքի Արքայության դեսպանը դառնալուն։ Այդ կարևորագույն որակը հնազանդությունն է։ Երբ մենք Աստծու կամքին հնազանդությունը դարձնենք մեր կյանքում գործնական կիրառություն ունեցող որակ, ապա ոչ միայն զորեղ հոգևոր աճ կգրանցենք, այլև կհաստատվենք ու կհմտանանք Աստծո Արքայության դեսպանը լինելու մեր առաքելության մեջ։
Աստված կամենում է, որ դու դառնաս Նրա օգնության ձեռքը քո շրջապատի կոտրված սիրտ ունեցող մարդկանց համար։ Լինել Աստծո Արքայության դեսպանն այս երկրի վրա, նշանակում է պատրաստ լինել գործելու, երբ Տերը հրահանգի գործել կամ խոսել։
Ահա, թե ինչպիսի խոստում ունի Աստված մեզ համար․ «Հիմա եթե իսկապես լսեք Իմ ձայնը և պահեք Իմ ուխտը, այն ժամանակ դուք Ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ բոլոր ազգերից, որովհետև Իմն է ամբողջ երկիրը» (Ելից 19․5)։
Ի տարբերություն Աստծո սիրո, որ բոլորին տրված է նույն չափով, Աստծո բարեհաճությունը հավասարաչափ չի տրվում ամենքին։ Բարեհաճությունն Աստծո շնորհն է, որը մեզ կարողություն է տալիս, որպեսզի իրականացնենք այն, ինչի համար կանչված ենք։ Եվ հե՛նց հնազանդությունն է Տեր Աստծո բարեհաճությանն արժանանալու բանալին, քանի որ Արքայության դեսպանների առաքելությունը կազմող մեծ գործերը վստահվում են նրանց, ովքեր հնազանդություն են դրսևորել փոքր անելիքների մեջ։
Երբ զգում ես, որ սիրտդ տկարացել է, և պատրաստ չես հնազանդ լինելու համար զոհաբերել այն, ինչը համարում ես քեզ համար չափազանց թանկ, հիշի՛ր, որ Տերը Իր զորությամբ քեզ կօգնի կայացնել ճիշտ որոշում և Աստծուն հնազանդվելը վեր դասել քո անձնական կապվածություններից։ Աստված բարկացած Հայր չէ, Ով Իր զավակից պահանջում է հնազանդվել անկախ ամեն ինչից։ Երբ Աստված մի բան է մեզնից պահանջում, Նա նաև զորացնում է մեզ, որպեսզի կարողանանք հնազանդվել Իր պահանջներին։ Նա բարի Հայր է։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, քաջալերում եմ քեզ, որպեսզի միշտ վստահես Տեր Աստծուն։ Երբ խնդիրներ են ծագում քո կյանքում, դու պետք է ընտրես Աստծուն հետևելու և Նրա խոսքին հնազանդվելու ճանապարհը։ Տերը կզորացնի քեզ և կընդլայնի քո հնարավորությունների սահմանները, և այն, ինչ չես կարողանում անել սեփական ուժի շնորհիվ, կկարողանաս Աստծու գերբնական միջամտության արդյունքում։ Դարձի՛ր Աստծո Արքայության հավատարիմ դեսպանը։ Դարձի՛ր Աստծու օգնության մեկնած ձեռքը քո շրջապատի մարդկանց համար, և քո միջոցով շատերը կօրհնվեն ու կընդունեն Տիրոջից իրենց համար այնքա՜ն անհրաժեշտ շնորհքն ու ողորմությունը։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը