
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քո անհուսության բժշկությունը» անվանումը։ Այս ուղերձի մեջ ուզում եմ խոսել անհուսության բժշկությանը խանգարող մի երևույթի մասին, որը կեղծ հույսն է։ Երբ կեղծ հույսը համադրվում է անհուսության հետ, այն գործում է որպես մարդուն իրական ու ճշմարիտ հույսից շեղող և մարդու հուսահատությունը խորացնող միջոց։
Սիրելի՛ բարեկամ, որքան էլ ցավալի լինի այս համեմատությունը, հիշենք, որ ծանրագույն վիճակում գտնվող հիվանդների տառապանքը թեթևացնելու համար, երբ արդեն ոչ մի դեղամիջոցից որևէ հույս ու ակնկալիք չի մնում, բժիշկները դիմում են ծանր ցավազրկողների օգնությանը։ Դրանք չեն բուժում հիվանդին և չեն էլ կարող․․․
Ահա հե՛նց այսպիսի ներգործություն ունի կեղծ հույսը հավատքի կյանքում։ Այն կարող է ցավազրկել և որոշակի ժամանակ մոռացնել տալ տառապանքի ցավը։ Սակայն կեղծ հույսը երբե՛ք չի կարող բժշկել մարդու անհուսության հիվանդությունը և անկարող է ազատել նրան անհուսության ծանր ու ճնշող ազդեցությունից։ Իսկ ովքե՞ր են մեզ կեղծ հույս փոխանցողները։ Ինչպե՞ս ենք մենք ընդունում անհուսության բժշկությունից մեզ հեռացնող այդ կեղծ հույսերը։
Նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք այն մասին, որ իրական հույսի միակ ճշմարիտ աղբյուրը Աստվածաշունչն է և Տեր Աստծու խոստումների հանդեպ անսասան հավատքը։ Իրական հույսը մեզ Աստված է տալիս։ Դու կարող ես այն ընդունել Աստվածաշնչի ընթերցման կամ աղոթքի ժամանակ, մտորումների կամ հոգևոր խորհրդատվության ընթացքում։
«Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան թե մարդկանց ապավինել» (Սաղմոս 118․8):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մարդկանց ապավինելը կեղծ հույս ընդունելու հիմքն է։ Երբ դու պետք է առանձնանաս աղոթքի և Տիրոջից վստահություն ընդունես Նրա խոստումների և Նրանից ընդունած ապահովության առումով, սակայն փոխարենը` ձգտում ես մարդկանցից մխիթարություն ընդունել և նրանց փոխանցած հույսով ցավազրկվել, ապա հետաձգում ես քո իրական բժշկությունը հուսահատության հիվանդությունից։
Երբ դու քո ամբողջ էությամբ ձգտում ես, որ որքան հնարավոր է շատ մարդ իմանա քո խնդիրների մասին, հասկանալով կամ չհասկանալով՝ մխիթարություն ես գտնում մարդկանց խղճահարության մեջ, կամ երբ Աստծու Խոսքի և խոստումների մեջ քո հույսն ամրացնելու փոխարեն ձգտում ես, որ մարդիկ քեզ անընդհատ կրկնեն, որ ամեն բան լավ է լինելու, ապա դու քեզ սովորեցրել ես կեղծ հույսի ցավազրկումներին և արդեն իսկ կախվածության մեջ ես ընկել դրանցից։
Հայացքդ ուղղի՛ր դեպի Տերը։ Աստված քեզ չի՛ մոռացել։ Աստված քեզ չի՛ լքել։ Դու Աստծու թանկ ու սիրելի զավակն ես։ Քո ցավի ու անհուսության դեղամիջոցը փնտրի՛ր Տեր Աստծու հետ հաղորդակցության մեջ՝ լինի դա Նրա Խոսքի ընթերցանության կամ Սուրբ Հոգով առաջնորդված աղոթքի մեջ։ Պարբերաբար առանձնացի՛ր աղոթքի ու ընթերցանության համար։ Եթե հույսդ Աստծու վրա դնես, այլ ոչ թե մարդկանց, ապա ամեն անգամ քո ներքին սենյակից դուրս ես գալու ավելի զորացած ու հույսով լցված։ Եվ սա ժամանակավոր ցավազրկում չի լինի քո կյանքի համար, այլ քո կյանքի անհուսության բժշկությունը։
«Տերը բացում է կույրերի աչքերը, Տերը կանգնեցնում է ընկածներին, Տերը սիրում է արդարներին։ Տերը պահում է պանդուխտներին. Նա ընդունում է որբերին և որբևայրիներին, բայց ծռում է ամբարիշտների ճանապարհը» (Սաղմոս 146․8-9):
«Օրհնյա՜լ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում, և Տերն է նրա վստահությունը։ Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի. նա իր արմատները կձգի գետի մոտով և չի տեսնի տաքության գալու ժամանակը. նրա տերևները կանաչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի և չի դադարի պտուղ տալուց» (Երեմիա 17․7-8):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը