
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քո անհուսության բժշկությունը» անվանումը։ Աստվածաշունչը Տեր Աստծուն ներկայացնում է որպես հույսի Աստված։ Աստված Ինքն է փնտրում կոտրված ու փշրված սիրտ ունեցող մարդկանց, որպեսզի նրանց անհուսությունը լցնի Իր խաղաղությամբ և ուրախությամբ։ Ամեն անհուսության մեջ Իրեն հուսացողների համար Տերը ելք է պատրաստել․․․
Սիրելի՛ բարեկամ, բոլորը չէ, սակայն, որ կարողանում են Տիրոջից ընդունել Նրա հույսի օգնությունները։ Ոչ բոլորն են տեղյակ, որ Աստված Ինքն է պայման դրել ցանկացած մարդու համար, որ ցանկանում է Աստծու օգնությունն ու գերբնական միջամտությունն ընդունել Իր կյանքում։ Եվ այդ պայմանը խոնարհությունն է։
«Բայց ավելի մեծ շնորհ է տալիս. դրա համար ասում է. «Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Հակոբոս 4․6)։
Աստված խոնարհներին է շնորհ տալիս։ Եթե դու աղոթք ես անում և դեռ չունես աղոթքիդ պատասխանը, դա դեռ չի նշանակում, որ դու խոնարհ չես։ Աստծու շնորհը չի գործում մեր ուզած պահին և մեր պատկերացրած կերպով։ Պողոս առաքյալն աղաչում էր Աստծուն իր ցավից ազատվելու համար։ Նրա այս աղաչանքին Աստված չպատասխանեց։ Սակայն նրան լցրեց Իր շնորհի լիությամբ այնպես, որ առաքյալը չընկճվեց ու չընկավ տագնապային մտքերի գրոհների ներքո։ Նա գիտեր, որ Աստծու շնորհը իրեն զորացնում էր անգամ այդ ցավի ու տառապանքի մեջ։
«Դրա համար երեք անգամ Տիրոջն աղաչեցի, որ նրան ինձանից հեռացնի։ Իսկ Նա ինձ ասաց. «Քեզ Իմ շնորհը բավական է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։ Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների և նեղությունների, որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ» (Բ Կորնթացիներին 12:8-10):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստծուց շնորհ ընդունելու պայմանը խոնարհությունն է։ Խոնարհ մարդը չի ըմբոստանում Աստծու կամքի դեմ։ Տեր Աստծու հետ չկա անհուսություն։ Քո տկարության մեջ Աստված Քրիստոսի զորությունն է ուղարկում, որ դու չընկճվես ու չթուլանաս։ Հե՛նց անհուսության ու տկարությունների ժամանակ է, որ հավատացյալի կյանքում դրսևորվում է Տեր Աստծու շնորհի գերազանց մեծությունը։ Դա մի անբացատրելի օգնություն է Աստծուց՝ ուղղված դժվարության մեջ հայտնված Իր զավակներին։
Տկարությունները, նախատինքները, վշտերը, հալածանքներն ու նեղությունները հաճելի չէին նաև Պողոս առաքյալին։ Սակայն նա ասում է, որ հաճույքով համբերում էր դրանց, քանի որ դրանց ժամանակ էր, որ Քրիստոսի զորությունը դրսևորվում էր իր կյանքում։
Իսկ ինչպիսի՞ն ես դու քո տկարությունների ժամանակ։ Արդյոք քեզ ծանո՞թ է խոնարհության հրաշքը։ Այն Տեր Աստծու գերբնական միջամտությունն է բերում քո կյանքի մեջ, որը միշտ չէ, որ գալիս է բժշկության կամ օրհնության տեսքով։ Երբեմն մենք զորության կարիք ենք զգում, որպեսզի համբերենք փորձությանը, կրենք տառապանքը կամ չարչարանքների մեջ մնանք մեր Տիրոջը հավատարիմ։ Իսկ Քրիստոսի զորության ամենամեծ վկայությունը մեր շրջապատի մարդկանց համար մեր անհուսության մեջ Տիրոջ զորացնող օգնության շնորհիվ ուրախությամբ ու հույսով լցվելու իրողությունն է։
Աղոթում եմ քեզ համար, որ այսօր իրապես վերապրես խոնարհության հրաշքը և լցվես Տեր Հիսուս Քրիստոսի հույս և լույս բերող աննկարագրելի զորությամբ։ Աղոթում եմ, որ Աստծու շնորհի վկայությունը դառնաս քո շրջապատի մարդկանց համար․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը