March-22

Գլխավոր | Հրաշքներ | Ինչպիսի՞ արձագանք է Աստված ակնկալում

Ինչպիսի՞ արձագանք է Աստված ակնկալում

Մենք մոտենում ենք «Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է» անվանումը կրող ուղերձների շարքի ավարտին։ Այս ուղերձի մեջ մենք խոսելու ենք այն մասին, թե ինչպիսի արձագանք է Աստված ակնկալում Իր շնորհն ընդունած մարդկանցից։

Սիրելի՛ բարեկամ, Աստված հստակ ակնկալիք ունի Իր շնորհն ընդունած մարդկանցից։ Անշուշտ, բոլորը չէ, որ արձագանքում են Աստծու ակնկալած կերպով։ Շատերը կարող են օր ու գիշեր աղոթել և Աստծուց օգնություն խնդրել կյանքի ճգնաժամային պահերին, սակայն անմիջապես մոռանալ Աստծուն, երբ իրենց կյանքի խնդիրները կարգավորվում են, և կյանքը վերադառնում է բնականոն հունի մեջ։ 

Մի օր Տեր Հիսուսը տասը բորոտների բժշկեց։ Որպեսզի մենք հասկանանք այս բժշկության հրաշքի մեծությունն ու կարևորությունը բժշկվածների համար, պետք է ծանոթ լինենք բորոտություն հիվանդության ահավոր հետևանքներին թե՛ հիվանդների մարմնի ֆիզիկական վիճակի և թե՛ նրանց սոցիալական մերժվածության ու մեկուսացման առումներով։ Բոլոր տասը բորոտները բժշկության շնորհ ընդունեցին Տիրոջից։ Սակայն նրանցից միայն մեկն ունեցավ այն արձագանքը, որը Տերն էր նրանից ակնկալում։ 

«Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ՝ բարձրաձայն փառաբանելով Աստծուն։ Նա երեսնիվայր ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և գոհություն էր հայտնում, և ինքը սամարացի էր։ Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին, արդ այն ինը որտե՞ղ են։ Վերադարձողներ չգտնվեցի՞ն Աստծուն փառք տալու համար, բացի այս այլազգուց»։ Եվ նրան ասաց. «Վեր կաց գնա՛, քո հավատը փրկեց քեզ» (Ղուկաս 17.15-19):

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ մենք բարիք ու ողորմություն ենք ընդունում Տեր Աստծուց, Նա հստակ ակնկալիք ունի Իր օգնությանը մեր արձագանքի առումով։ Նա ակնկալում է, որ մեր սիրտը լցվի երախտագիտությամբ և փոխվի մեր վերաբերմունքը Իր կամքի հանդեպ։ 

Տերը գթառատ է և բազումողորմ։ Նա սիրով է օգնում Իր զավակներին։ Սակայն, որպես մեր երկնային Հայր, Նա ակնկալում է, որ մենք դադարենք հիշել Իրեն միայն այն ժամանակ, երբ կարիքի մեջ ենք և Աստծուց ինչ-որ բան ենք խնդրում։ Նա ակնկալում է, որ մենք ճանաչե՛նք Իրեն ու հնազանդվենք Իր կամքին։ Նա սպասում է, որ մենք փոխենք մեր վերաբերմունքը մյուս մարդկանց հանդեպ և դառնանք Իր Որդու հավատարիմ աշակերտները՝ սովորելով Նրանից հեզության ու խոնարհության վերաբերմունք ունենալը։

«Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11.28-30):

Իսկ ինչպիսի՞ արձագանք ես դո՛ւ ունենում, երբ Տիրոջից բարիք ու ողորմություն ես ընդունում և ստանում ես աղոթքներիդ պատասխանները․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: