Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք ավարտում ենք «Ազատվել տագնապի զգացողությունից» ուղերձների շարքը, որը հիմնված էր իմ սիրելի աստվածաշնչյան խոսքերից մեկի՝ Փիլիպեցիս 4․6-7 հատվածի ուսումնասիրության վրա։
«Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպեցիս 4․6-7)։
Հուսով եմ, որ այս ընթացքում Աստծու Խոսքի բժշկարար չափաբաժինները հավատքով ընդունելու շնորհիվ տագնապներն ու անհանգստություններն արդեն կորցրել են իրենց ուժը, և հիմա շատ կարևոր է, որ քո սիրտը պահպանվի խաղաղության այդ վիճակի մեջ։
Աստվածաշունչը պատվիրում է մեզ. «Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը» (Առակաց 4.23)։
Քո կենսակերպն ու քո ապրելաոճը բխում են քո սրտից: Եթե անհանգստացած ես ու տագնապների մեջ, կապրես անապահովության զգացումով և վաղվա հանդեպ անորոշությունից ծնված վախերի մեջ: Բայց եթե քո սիրտը վստահում է Աստծուն, ապա դա կդրսևորվի քո կյանքի բոլոր բնագավառներում:
Այսպիսով՝ ինչպե՞ս պետք է զգուշությամբ պահես սիրտդ, որ այնտեղ մուտք չգործեն տագնապներն ու անհանգստությունները։ Միայն մեկ ճանապարհ գոյություն ունի դա անելու համար՝ մտքերդ սևեռված պահի՛ր Տեր Հիսուսի վրա։
Մենք մեր մտքերը Աստծու վրա ենք կենտրոնացնում և ընդունում ենք Նրա հետ քայլելու այս առողջ սովորությունները՝
- Նրա Խոսքի ամենօրյա ընթերցանությունը,
- Աղոթքի ամենօրյա հաղորդակցությունն Աստծու հետ,
- Երկրպագության երգերով Տիրոջը փառաբանելը,
- Եվ նմանատիպ այլ հոգևոր վարժանքներ։
Արդյունքում ավելի քիչ տեղ է մնում հոգուդ վնաս բերող սովորություններին, և դու սկսում ես աճել Տեր Աստծուն ճանաչելու մեջ։ Այս ամենը քո կյանքում վստահություն է բերում, որ Տերը պաշտպանում է քեզ, իսկ դու սովորում ես նայել աշխարհին և քո կյանքի իրավիճակներին Նրա աչքերով:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մեր օրինակը Տեր Հիսուսն է։ Դու Նրան երբեևէ անհանգստացած տեսե՞լ ես։ Ե՛կ նմանվենք մեր Տիրոջը և մեր մեջ զարգացնենք Նրա մտածելակերպը։
Հիշի՛ր՝ մտածելակերպն է մարդուն դարձնում զորավոր․.. Իսկ Տեր Հիսուսի նման մտածելակերպ ունենալը մարդու հոգին է դարձնում զորավոր և օգնում է մեզ տագնապները հաղթելու, անհանգստություններից ազատվելու և մեր հոգսերը Նրան հանձնելու գործում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը