June-4

Գլխավոր | Հրաշքներ | Դու Տեր Հիսուսի Մարմնի մի մասնիկն ես

Դու Տեր Հիսուսի Մարմնի մի մասնիկն ես

Սիրելի՛ բարեկամ, եթե դու հավատացել ես Քրիստոսի զոհին և Նրա հարությանը, եթե Նրան ընդունել ես որպես քո կյանքի Տեր ու Փրկիչ, եթե որոշում ես կայացրել ապրելու այս կյանքը Նրա ուսուցանած սկզբունքներին ու փոխանցած արժեհամակարգին համահունչ, ապա վստահաբար կարող եմ ասել, որ դու Տեր Հիսուսի Մարմնի մի մասնիկն ես՝ Նրա Եկեղեցու մի կարևոր ու թանկ անդամը։

Գրեթե վստահ եմ, որ դիտել ես «Գլադիատոր» ֆիլմը: Եվ եթե ճիշտ եմ իմ ենթադրության մեջ, ապա ուզում եմ նաև հիշեցնել քեզ Գեներալ Մաքսիմուսի կարգախոսը. «Միասնական եղե՛ք, մեկ անձի նման»: Հռոմեական բանակը որդեգրել էր մի ահարկու ռազմավարություն, որը նրանց հաղթանակների գրավականն էր. բաժանի՛ր և տիրի՛ր: Տեր Հիսուսը շատ լավ գիտեր պատերազմի այս ռազմավարությունը և Նա զգուշացնում էր դրա մասին և մեջբերում որպես օրինակ:

Հիսուսը, նրանց մտքերը հասկանալով, ասաց. «Ամեն թագավորություն, որ իր մեջ մասնատված է, կավերվի, և ինքն իր մեջ մասնատված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա» (‭‭Մատթեոս‬ ‭12․25‬‬‬)։
Իրականում, երբ մարմնի մեկ կամ մի քանի անդամները հիվանդ են, ապա ողջ մարմինն է տկարանում: Հենց այս մասին է ուսուցանում Ջոն Բիվերն իր «Կործանել կրիպտոնաքարը» գրքում: Դու կենդանի և գործող մի կառույցի՝ Եկեղեցու մի մասնիկն ես: Աստված է այս կառույցի ճարտարապետը և Նա կատարյալ իմաստությամբ է այն համակարգում:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Քրիստոսի Մարմինը՝ Եկեղեցին, քո ներդրման և քո ծառայության կարիքն ունի: Աստված տվել է քեզ Իր զորությունն ու Իր բնույթը: Նա քեզ նաև շնորհել է պարգևներով ու տաղանդներով: Այո՛, քեզ է դրանք պարգևել, սակայն ոչ միայն քեզ համար, այլև մյուսների։ Եվ երբ դու նվիրվում ես Աստծո կողմից քեզ տրված առաքելության իրագործմանը, քո շրջապատի մարդիկ օրհնվում են քո այս նվիրման շնորհիվ՝ սկսած քո տեղական եկեղեցուց և հետո նաև դրա սահմաններից դուրս:

Այսօր ուզում եմ, որ մի պահ անկեղծանաս ինքդ քեզ հետ և պատասխանես այս հարցին. «Ես իմ ապրած կյանքով և ծառայությամբ ինչպիսի՞ օրինակ եմ իմ շրջապատի մարդկանց համար և ինչ ազդեցություն եմ թողնում նրանց կյանքերի վրա»: Խորհի՛ր այն մասին, թե ի՞նչն է քեզ խանգարում, որպեսզի արդյունավետ կերպով իրագործես այն առաքելությունը, որի մեջ Տերն է կանչել քեզ։ Հարցրո՛ւ Տեր Աստծուն և խնդրի՛ր, որպեսզի ցույց տա քեզ քո իրական տեղն ու գործուներությունն Իր Մարմնի մեջ, որը Նա կառուցում է անսահման խորը սիրով և մեծ համբերությամբ։ 

Այսօրվանից ես քեզ կոչ եմ անում, որպեսզի դու․․․

  • Քո անձն առաջարկես Տեր Աստծուն որպես «կենդանի զոհ»,
  • Քո առօրյա բոլոր գործերն ու մարդկանց հանդեպ քո վերաբերմունքը դարձնես Նրան ուղղված երկրպագության դրսևորում,
  • Ձգտես, որպեսզի Քրիստոս Տերն ավելի զորեղ ու հստակ կերպով դրսևորվի քո միջոցով:

Ուզու՞մ ես, որ քո ողջ կյանքը՝ աշխատանքը, ընտանիքը, ազատ ժամանակը, նվիրված լինեն Աստծուն և փառավորեն Նրան: Ուզո՞ւմ ես երկրպագել Աստծուն քո ամբողջ կյանքում և ոչ միայն կիրակի առավոտյան: Աստված նույնպես ուզում է, որ տեսնի այդ ամենը քո կյանքում։ Նա կարիք ունի, որ դու Իրեն ներկայացնես Երկրի վրա: Ո՞րն է քո արձագանքը Աստծո այդ կարիքին․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: