Մենք շարունակում ենք «Սուրբծննդյան նվերներ հոգևոր ամրացման համար» անվանումը կրող շարքը։ Այսօր մեր քաջալերական ուղերձների մեջ կիսվելու ենք քեզ հետ ևս մեկ գործիքով, որը, հույս ունենք, օրհնություն կլինի քեզ համար և քեզ կօգնի ընդունել մյուս հավատացյալների աջակցությունն ու դառնալ աջակցություն մյուսների համար։
Սիրելի՛ բարեկամ, մեր այսօրվա նվերը կոչվում է «ԱՂՈԹՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»։ Անկախ նրանից, թե որտեղ ես ապրում և ինչ կարգավիճակում ես, դու կարող ես ընդունել մեր սուրբծննդյան այս յուրահատուկ նվերը և դառնալ կա՛մ մյուսների համար աղոթող, կա՛մ գրել քո աղոթքի խնդրանքները, որոնց համար կաղոթեն աղոթքի մյուս ծառայողները։
Աստվածաշունչը կարևորում է հավատացյալների՝ միմյանց համար կատարվող աղոթքները։ Տեր Հիսուսը սովորեցնում էր աղոթքի կարևորության մասին։ Առաքյալներն աղոթում էին, հորդորում էին մյուս աշակերտներին աղոթել և իրենք էլ խնդրում էին, որ հավատացյալներն աղոթեն իրենց համար։ Աղոթքը բանալի է, որը բացում է հոգևոր աշխարհի դռները և ճանապարհ հարթում Տեր Աստծու գերբնական միջամտության համար։
«Արդ, խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթեք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար» (Ա Տիմոթեոս 2.1):
«Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպպեցիս 4.6-7):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, «ԱՂՈԹՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» անունը կրող մեր սուրբծննդյան նվերը կարող ես ընդունել՝ այցելելով PrayForArmenia.org կայք։ Հիշի՛ր այս հասցեն։ Գրի՛ր քեզ, մոտ, որպեսզի ամեն առավոտ այցելես և աղոթես մարդկանց կարիքների համար։ Իսկ եթե ուզում ես, որ մյուսները քո աղոթքի կարիքի համար աղոթեն, ապա կարող ես գրանցվել և գրել քո աղոթքի խնդրանքը։
Ասեմ, որ գրանցումը շատ հեշտ է։ Համակարգը հնարավորություն է տալիս գրանցվել քո Ֆեյսբուքի կամ Գուգլի օգտահաշվով։ Հույս ունեմ, որ կհավանես նաև մեր այսօրվա նվերը և կդառնաս աղոթքի հավատարիմ ծառայող։ Այո՛, դու կարո՛ղ ես ծառայել Աստծուն՝ աղոթելով մյուսների համար, մեր երկրի համար և մեր ազգի մեջ հավատքի արթնության զորավոր ալիքի համար։
Ես էլ քեզ համար եմ աղոթում, որ հավաքես սուրբծննդյան մեր նվերների այս փունջը և օգտագործես այս գործիքները քո և մյուսների հոգևոր աճի ու ամրացման համար։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը