Դու իրական հրաշք ես
Ճշմարիտ է, որ այս մոլորակի վրա ապրող և նաև երբևէ ապրած բոլոր մարդկանց մեջ չկա և չի եղել բացարձակապես նույնանման երկու մարդ: Դու միակն ես, ով ունի հենց այն արտաքին տեսքն ու բնույթը, որը միայն քեզ է բնորոշ՝ աչքերի գույնը, կազմվածքը, ձայնը և անգամ ծիծաղը...Քո անհատականությունը քեզ տարբերում է մյուս բոլոր մարդկանցից:
Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշնչում կարդում ենք այս հրաշալի տողերը․ «Գոհանում եմ Քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են Քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել» (Սաղմոս 139.14):
Այո՛, Աստված լավագույն Ստեղծագործողն է: Նա Ամենակարող է. Նրա ձայնից ողջ արարչագործությունը շարժման մեջ դրվեց։ Նա յուրաքանչյուր անհատի միայն իրեն բնորոշ արտաքին տեսքով ու բնույթով է արարել։
Այսօրվանից սկսած միշտ հիշի՛ր, որ Աստված է քեզ պարգևել այն հատկանիշները, որոնք երբեմն քննադատում ես: Մինչդեռ․․․
-
Դու առանձնահատուկ ես և ստեղծվել ես հատուկ նպատակի համար:
-
Դու թանկարժեք մի մարգարիտ ես քո Արարիչ Աստծու ձեռքերում և անգին մի գանձ:
-
Դու սխալմունք չես և ոչ էլ պատահականության արդյունք, այլ Տեր Աստծու ընտրությունն ես և Նրա սիրո արդյունքն ու հետևանքը:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ամեն անգամ, երբ ուզում ես դժգոհել՝ տեսնելով քո արտացոլանքը հայելու մեջ․․․, երբ կասկածում ես քո՝ որևէ արժեք ունենալու հարցում կամ համեմատում ես քեզ մյուսների հետ, հիշի՛ր այս ճշմարտությունը և ամբողջ սրտով ընդունի՛ր այն.
Դու ձախողման հետևանք չես։ Դու Աստծո հրաշքն ես (կարդա՛ Սաղմոս 139․13-18 հատվածը)։
Ե՛կ միասին մի կարճ աղոթք բարձրացնենք մեր Տեր Աստծուն․ «Տե՛ր, ես գովաբանում եմ Քեզ, որ ես զարմանալի ու սքանչելի կերպով եմ ստեղծվել: Շնորհակալ եմ ինձ կյանք պարգևելուդ համար, հավիտենական հոգու և այս ժամանակավոր մարմնի համար, որը գործում է Քո ողորմության շնորհիվ: Թող օրհնյալ լինի Քո սուրբ անունը, որ ինձ առանձնահատուկ, յուրովի և Քո անսահման մեծ սիրուց դրդված ես ստեղծել։ Դու իմ կյանքը պահում ես Քո ձեռքերում, և ես ապահով եմ, քանի դեռ վստահում եմ Քեզ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն»:
Ուրախությամբ և հոգևոր հաղթանակներով լի օրհնյալ օր եմ մաղթում քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
