Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ «քրիստոնյա» բառն առաջացել է հունարեն քրիստիանոս բառից, որ նշանակում է «փոքրիկ Քրիստոս»։ Եվ գիտե՞ս արդյոք, որ քրիստոնյա բառը սկզբնապես հիմնականում Տեր Հիսուսի աշակերտներին մեղադրողների կողմից էր օգտագործվում և օգտագործվում էր որպես վիրավորանք: «Տեսե՛ք, տեսե՛ք, ահա փոքրիկ Քրիստոսները»,- ամենայն հավանականությամբ, հենց այսպես էին մարդիկ ծաղրում Քրիստոսի աշակերտներին։ Այսպիսով, այն, ինչը ծաղրի ու վիրավորանքի բառ էր, օրհնության անվանում դարձավ միլիարդավոր մարդկանց համար։
Աստվածաշնչում գրված է. «․․․Նրանք մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցում և բավականաչափ մարդկանց ուսուցանում։ Աշակերտներն առաջին անգամ Անտիոքում «քրիստոնյա» անվանվեցին» (Գործք Առաքելոց 11.26):
Սակայն ինչո՞ւ էին «Քրիստոնեական ճանապարհի» հակառակորդները աշակերտներին անվանում «Քրիստոնյաներ» կամ «Փոքրիկ Քրիստոսներ»։ Այս հավատացյալների կենսակերպն այնքա՜ն մաքուր էր և նման իրենց Փրկչի օրինակին, որ հենց այս անունը տրվեց նրանց։ Քանի որ Տեր Հիսուսի ուսուցանած ճշմարտությունները քրիստոնյաներն անմիջապես կիրառում էին իրենց կյանքերում, նրանք ամբողջությամբ իրագործեցին այն առաքելությունը, որն իրենց էր հանձնարարված (ինչպես և մեզ է հանձնարարված այսօր)։ Այդ առաքելությունը Տեր Հիսուսին մարդկանց ներկայացնելն էր և Տիրոջ հետ մտերմության ու անձնական հարաբերության ուղին նրանց ցույց տալը։
Այսպիսով, ի՞նչ է մեզ հարկավոր, որպեսզի Տեր Հիսուսին մեր կյանքերում արտացոլենք։ Մեզ շրջապատող մարդկանց հնարավորինս դիպուկ աստվածաշնչյան համարներով քարկոծելու փոխարեն մենք ավելի նրբանկատ պետք է լինենք և, աստվածաշնչյան սկզբունքները մեր կյանքում կիրառելով, նրանց համար կենդանի օրինակ ու վկայություն դառնանք, թե ինչպես է հնարավոր մոտենալ ու մտերմանալ Տեր Հիսուսի հետ։ Որքան լավ ճանաչենք Նրան և մտերմանանք մեր Տիրոջ հետ, այնքան ավելի շատ ու ավելի հստակ Նրա բնավորությունը կարտացոլվի մեր կյանքերում։
Երեկ մենք ուսումնասիրեցինք Տեր Հիսուսի բնույթը նկարագրող որոշ հատկանիշներ (տե՛ս Ա Կորնթացիս 13․4-8 հատվածը)։
Հետագայում դու կարող ես ավելի խորը ուսումնասիրել սա, եթե նման ցանկություն ունես, բայց հիմա ուզում եմ անդրադառնալ մի քանի կարևոր որակների.
• Տեր Հիսուսը հնազանդ էր երկնային Հորը. Նա պատրաստ էր մի կողմ դնել ամեն բան՝ հանուն Իր Հոր կամքը կատարելու, որովհետև Նրա համար Աստծու կամքը կատարելը գերակայություն էր։
• Տեր Հիսուսը կարեկից էր. Նա հաղորդակցվում էր մեղավոր մարդկանց հետ և գիտեր, թե ինչպես հասներ Իր կարիքն ունեցող մարդկանց սրտերին՝ իմաստությամբ շրջանցելով իրենց արդար համարող մարդկանց բոլոր քննադատությունները։
• Տեր Հիսուսը խոնարհ էր. Նա Երկնքի Արքայության Թագավորն էր և այժմ էլ թագավորում է՝ բազմած երկնային գահին, սակայն դարձավ բոլորի ծառան և Իր կյանքը զոհեց հանուն մեր փրկության։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօրվա իմ աղոթքն է, որ դու որոշում կայացնես շարունակաբար ճանաչելու Տեր Հիսուսին ավելի ու ավելի խորը կերպով։ Ես Աստծուց խնդրում եմ, որ դու կանգնես Նրա հետ մտերմության տանող ճանապարհի վրա, և այդ մտերմության արդյունքը լինի այն, որ ամեն օր ավելի ու ավելի նմանվես Տեր Հիսուսին։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը