January-6

Գլխավոր | Հրաշքներ | Ավելին, քան մի Նորածին

Ավելին, քան մի Նորածին

Քրիստոս ծնվեց և հայտնվեց։ Մեզ և ձեզ մեծ ավետիս։ Իրապես, այսօր մեծ ավետիսի՝ մեծ բարի լուրի օր է։ Անշուշտ, որպես քրիստոնյաներ՝ մենք պետք է քաջատեղյակ լինենք, որ Աստվածաշունչը մեզ չի փոխանցում Տեր Հիսուսի ծննդյան հստակ օրը։ Տարբեր քրիստոնեական մշակույթներ տարբեր օրերի են նշում Սուրբ Ծնունդը՝ ոմանք դեկտեմբերի 25-ին, ոմանք՝ հունվարի 6-ին, իսկ ոմանք էլ՝ 7-ին։

Սիրելի՛ բարեկամ, կարևորը հստակ օրը չէ, այլ մարդկության պատմության առանցքը դարձած այս կարևորագույն իրադարձությանը ճիշտ ու արժանի վերաբերմունք ունենալը։ Մեր մշակույթի մեջ մենք այսօր ենք նշում Տեր Հիսուսի ծննդյան օրը։ Եվ հրաշալի է տոնել Փրկչի ծնունդը: Դա նաև հիանալի հնարավորություն է՝ խոսելու Նրա մասին և մարդկանց ուշադրությունը կենտրոնացնելու հավիտենական կարևորություն ունեցող փաստերի վրա:

Տարվա այս ժամանակաշրջանը ուրախ է և տոնական։ Ամենուրեք լույսեր են, փողոցները՝ զարդարված, հաճելի նախատոնական մթնոլորտ է, հնչում են ամանորյա և սուրբծննդյան երգեր։ Շատերը նվերներ են պատրաստում սիրելի մարդկանց համար, շատերը՝ հուզմունքով սպասում իրենց նվերներին։ Բայց մենք չպետք է մոռանանք մեր կյանքի ամենակարևոր տոնի և ամենակարևոր նվերի մասին, որն է մեր փրկությունը Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Նա՝ մեր Փրկիչը, Աստվածաշնչում տարբեր անուններով ու տիտղոսներով է ներկայացվում։ Ահա՛ դրանցից մի քանիսը․  

  • Սքանչելի
  • Խորհրդական
  • Աստծո Գառը
  • Ալֆա և Օմեգա / Սկիզբ և Վերջ
  • Բարի Հովիվ
  • Ամենակարող Աստված
  • Առավոտյան Աստղ
  • Աստծո Որդի
  • Հուդայի Առյուծ
  • Աշխարհի Լույս
  • Կենաց Խոսք
  • Խաղաղության Իշխան
  • Թագավորների Թագավոր
  • Տերերի Տեր

Ի հավելումն այս և շատ այլ անունների, Աստվածաշնչում Տեր Հիսուսի անուններից է նաև «Էմմանուել» գեղեցիկ անունը․ «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել», որ նշանակում է «Աստված մեզ հետ» (Մատթևոս 1․23)։  

Ինչպիսի՜ անըմբռնելի առեղծված, ի՜նչ անսահման շնորհ ու ողորմություն։ Տեր Հիսուսի միջոցով Աստված մեզ հետ է։ Նա դարձել է մեր փրկագինը, Նա ազատագրել է մեզ աքսորից ու բանտից և այն ամենից, ինչի գերին ենք եղել։    

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպիսի անհանգստություններ էլ քեզ պատեն այսօր, հիշի՛ր, որ եթե դու փափագում ես ճանաչել և հնազանդվել Տեր Հիսուսին, ապա Նա միշտ քեզ հետ է, և ոչ ոք ու ոչինչ չի կարող բաժանել քեզ Նրա սիրուց։ Քո հոգսերը Նրան հանձնի՛ր, և կտեսնես, թե ինչպե՛ս է Տեր Աստված հոգ տանում քեզ համար։ 

Տեր Հիսուսը մեզ օրինակ թողեց և նաև մեզ համար ճանապարհ բացեց, որպեսզի ես և դու էլ դառնանք հենց այն անձնավորությունը, որն Աստված է ուզում տեսնել․․․ Որպեսզի ես և դու իրագործենք հենց այն առաքելությունը, որի համար Աստված մեզ ուղարկել է այս երկիր՝ մեզ պարգևելով ամենամեծ նվերը՝ կյանքը։ 

Աղոթում եմ, որ քո սրտին խորապես հպվի «Մարիա՛մ, արդյոք գիտեի՞ր» երգի այս գեղեցիկ կատարումը:

Մաղթում եմ քեզ շատ ուրախ ու Տեր Աստծո ներկայության քաղցրությամբ հագեցած Սուրբ Ծնունդ: 

Օրհնյա՜լ է հայտնությունը Քրիստոսի։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: