December-7

Գլխավոր | Հրաշքներ | Աստված քեզ համար բարի պարգևներ ունի

Աստված քեզ համար բարի պարգևներ ունի

Սիրելի՛ բարեկամ, այսօր առատաձեռնությանն ու նվիրաբերություններին նվիրված ուղերձների մեր շարքի վերջին օրն է։ Ուզում եմ ասել, որ դու թանկ ես Տեր Աստծու համար, և քո ֆինանսական նվիրատվություններից առավել Նա նախ քո զոհաբեր սիրտն ու Իր հանդեպ նվիրումն է ակնկալում տեսնել։ Իսկ ինձ համար դու «Քո հրաշքն ամեն օր» անունը կրող մեծ ընտանիքի մի մասնիկն ես, անկախ նրանից՝ աջակցում ես մեզ քո աղոթքներո՞վ, քո ֆինանսներո՞վ, մեր ուղերձները տարածելո՞վ, թե՞ ամեն օր հավատարմորեն ընթերցելով կամ լսելով դրանք:

Հե՛նց միայն քո դրական վերաբերմունքն այս ծառայությանը քեզ դարձնում է մեր թիմի անդամներից մեկը և Տեր Հիսուս Քրիստոսի բերած փրկության Բարի Լուրը տարածելու նվիրական առաքելության մասնակիցը։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել քեզ՝ քո սիրո և աջակցության համար:

Մենք, սովորաբար,  նվերներ տալիս ենք կամ ստանում հատուկ առիթների ժամանակ՝ Սուրբծննդյան տոներին, տարեդարձի առթիվ, հարսանեկան արարողության ժամանակ և այլն։ Սակայն Աստված ինձ և քեզ նվերներ տալու համար չի սպասում հատուկ առիթների։ Նա մեզ նվերներ է մատուցում ու պարգևներ տալիս, որովհետև սիրում է մեզ: Եվ ոչ թե սիրում է հատուկ առիթների ժամանակ, այլ միշտ է սիրում․․․

Գրքերի Գիրք և ճշմարտության միակ Աղբյուր Աստվածաշունչը Հակոբոս 1․17 խոսքում մեզ հետևյալ անհերքելի փաստն է բացահայտում․ «Ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա» (Հակոբոս 1.17):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո երկնային Հայրը քեզ համար բարի շնորհներ և կատարյալ պարգևներ է պատրաստել։ Նա, իրապես, լավագույնն է կամենում քո կյանքի համար։ Նա Իր ողջ սրտով կամենում է քեզ փոխանցել Իր խաղաղությունը, Իր ուրախությունը, Իր արդարությունը, Իր կյանքն ու Իր ազատությունը։ Նա փափագում է զորացնել քեզ և իմաստություն տալ, որպեսզի արդյունավետ կերպով իրագործես այս երկրի վրա Իր կողմից քեզ վստահված առաքելությունը և հավատարիմ մնաս քո կանչվածության մեջ։ Նա կամենում է քեզ միացնել Իր զորության աղբյուրին, որպեսզի, որքան էլ դժվարին լինի, շարունակես լույս լինել այս մութ ու խավար աշխարհում, որը լի է հիասթափություններով, անարդարություններով և դավաճանություններով։

Եվ, ամեն ինչից առավել, մեր երկնային Հոր ամենաշռայլ նվերն ինձ և քեզ այն է, որ Աստված Իր Որդուն է աշխարհ ուղարկել և հանուն մեր փրկության զոհել Գողգոթայի խաչի վրա, քանի որ սիրում է մեզ․«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3․16

Եթե դու ընդունել ես այս ամենամեծ և աննկարագրելիորեն թանկ պարգևը՝ այն լավագույնն ու ամենանվիրականը, որ Աստված տվել է քեզ, ապա քո շնորհակալությունն Աստծուն՝ քո գոհությունն ու երախտագիտությունը, կարող ես արտահայտել՝ Տեր Աստծու համար թանկ ու սիրելի Իր մյուս զավակների համար օրհնություն և օգնություն դառնալով։ Դու օրհնված ես՝ օրհնություն լինելու համար: Այնքա՜ն մեծ ազատություն կա մյուսներին քեզ տրված շնորհներով ծառայելու մեջ․․․, այնպիսի՜ ուրախություն, որը կարող ես զգալ միայն այն պարագայում, երբ սիրում ես այնպես, ինչպես Տերը սիրեց, և ներդրվում դիմացինին օգնելու հարցում այնպես, ինչպես Նա ներդրվեց․․․

Առաջարկում եմ միասին աղոթել այս աղոթքով․ «Տե՛ր, շնորհակալ եմ Քո բարի և կատարյալ պարգևների համար։ Խնդրում եմ, որ տաս ինձ տեսնող աչքեր և գնահատող սիրտ, որ չնայեմ իմ կյանքի պակասություններին, այլ տեսնեմ, թե որքա՜ն առատ են քո պարգևներն իմ կյանքում, և որքա՜ն շատ են իմ կյանքի օրհնությունները։ Հատկապես, շնորհակալ եմ, որ ինձ համար հասանելի ես դարձրել քո լավագույն նվերներից լավագույնը: Շնորհակալություն Քո Որդու զոհի համար և այն փրկության համար, որ հավատքի շնորհիվ ստացել եմ որպես Քեզնից տրված մեծագույն պարգև։ Շնորհակալ եմ իմ հանդեպ Քո անսահման մեծ սիրո համար: Շնորհակալ եմ Քո արդարության, խաղաղության և ուրախության համար, որ Սուրբ Հոգու ձեռքով տարածվել է իմ էության մեջ։ Շնորհակալ եմ Քո տված կյանքի համար և այն զորության, որ ինձ ուժ է տալիս, որպեսզի հավատարիմ կերպով առաջ ընթանամ այս խավար ու մութ աշխարհում։ Եվ ոչ միայն առաջ ընթանամ, այլև լույս լինեմ շատ շատերի համար և փրկության ճանապարհը ցույց տամ նրանց։ Այսօր խնդրում եմ, որ օգնես ինձ, որպեսզի ամեն օր ավելի ու ավելի նմանվեմ Քեզ։ Ես ուզում եմ այս սառն ու անտարբեր աշխարհին պատմեմ Քո սիրո մասին և ջերմացնեմ ու արթնացնեմ Քո թանկ ու սիրելի զավակներին, որոնք թմրած են ու տարված այս ժամանակավոր կյանքի հոգսերով ու խաբկանքներով։ Շնորհակալ եմ Քո պարգևած ազատության և ուրախության համար: Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։

Հույս ունեմ, որ քո կյանքում Աստծու ուղարկած նվերներից մեկն էլ «Քո հրաշքն ամեն օր» ծառայությունն է։ Եվ հույս ունեմ նաև, որ Աստված քեզ հետ ուղիղ կերպով խոսել է մեր ուղերձների միջոցով՝ քաջալերել է քեզ, խրատել, ուսուցանել և քո կյանքում լուսավոր ու խնդությամբ լի նոր ընթացքի սկիզբ դրել․․․ Մենք էլ մեր հերթին շնորհակալ կլինենք, եթե աղոթես մեր թիմի համար և աջակցես մեզ ավելի շատ մարդկանց կյանքերում Տեր Աստծու ուղարկած նվերը դառնալու հարցում․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: