July-1 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Աստծուն հանդիպած մարդիկ

Աստծուն հանդիպած մարդիկ

Այսօր մենք ուղերձների նոր շարք ենք սկսում, որը կրում է «Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն» անվանումը։ Իհարկե, սա շատ հավակնոտ հայտարարություն է, սակայն մենք միասին առաջիկա յոթ օրերի ընթացքում կտեսնենք, որ դա իմ պնդումը չէ, այլ՝ Աստծու ճշմարիտ ու անսխալական Խոսքի՝ Աստվածաշնչի։

Սիրելի՛ բարեկամ, գուցե դու էլ լսած կլինես, թե ինչպես են հավատքը մերժող մարդիկ ասում․ «Ցույց տվե՛ք ինձ Աստծուն, և ես կհավատամ»։ Մենք, անշուշտ, չենք կարող ցույց տալ Աստծուն որևէ մեկին։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված Ինքն է որոշում Իրեն մարդկանց հայտնելու կերպը, ժամանակը և վայրը։ Այո՛, Աստված կարո՛ղ է Իրեն հայտնել քեզ։ Դու կարո՛ղ ես հանդիպել Նրան։ Եվ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, թե ո՛րն է մեր բաժինը այդ զորավոր իրադարձության իրականություն դառնալու մեջ։ 

«Փնտրե՛ք Տիրոջը, քանի որ Նա գտնվում է, կանչե՛ք Նրան, մինչ Նա մոտ է։ Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը՝ իր խորհուրդները ու վերադառնա Տիրոջը, և Նա կգթա նրան. մեր Աստծուն, որովհետև Նա առատապես կների» (Եսայիա 55.6-7):

Թե՛ Աստվածաշնչի մեջ նկարագրվող պատմություններում, թե՛ աստվածաշնչյան ժամանակներից հետո մարդկության պատմության ողջ ընթացքում և թե՛ մեր ժամանակներում բազմաթիվ վկայություններ փաստում են, որ այն մարդիկ, որոնք հաստատուն որոշում են կայացրել Աստծուն փնտրելու և անկոտրում կերպով որոնել են Նրան, գտել են Տիրոջը և հանդիպել այս տիեզերքի Արարիչ Աստծուն։ 

«Եվ ես ասում եմ ձեզ. խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, դուռը բախե՛ք, ու ձեր առաջ կբացվի։ Որովհետև ով խնդրում է, ստանում է, և ով փնտրում է, գտնում է, և ով դուռը բախում է, նրա առաջ բացվում է» (Ղուկաս 11.9-10):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու այսօր էլ կարող ես հանդիպել մարդկանց, որոնք փնտրել են Աստծուն և իրական հանդիպում ունեցել Նրա հետ։ Այդ հանդիպումը կարող է ֆիզիկական ու տեսանելի չլինել, սակայն լինել անհերքելի փաստ, որը հիմնավորված է ամենակարող Տեր Աստծու գործերով, Նրան ուղղված աղոթքների պատասխաններով, գերբնական ու անբացատրելի միջամտություններով կամ պարզապես Նրա ներկայության քաղցրության ու սրբության զգայական դրսևորումներով։ 

Սակայն բոլոր դեպքերում իրապես Աստծուն հանդիպած մարդիկ երբե՛ք նույնը չեն մնում։ Այստեղ ինքնաներշնչանքն ու կեղծ զգայական դրսևորումները շատ արագ բացահայտվում են։ Աստծուն իրապես հանդիպած մարդու կյանքում անխուսափելիորեն տեղի են ունենում արմատական փոփոխություններ։ 

Աստծու ներկայության քաղցրությունը և Նրա սրբության իրողությունը ճաշակած մարդը ձգտում է փոխակերպել իր կյանքն ու մոտեցումները, սկզբունքներն ու արժեհամակարգն այնպես, որ դրանք համահունչ լինեն Տեր Աստծու կամքին, որը գրված է Աստվածաշնչում, և հաճեցնեն այն Աստծուն, որի իրական լինելու մեջ մարդը համոզվել է Նրան հանդիպելուց հետո։ Իսկ թե ինչ պետք է անի մարդը Տեր Աստծու հետ իրական հանդիպում ունենալու համար․․․, թե ինչ է սովորեցնում այս մասին Աստվածաշունչը, կուսումնասիրենք մեր հաջորդ ուղերձների մեջ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: