January-22

Գլխավոր | Հրաշքներ | Աստծունն Աստծուն տալու պատվիրանը

Աստծունն Աստծուն տալու պատվիրանը

Իսկ քեզ համար դժվա՞ր է արդյոք ընտանեկան կյանքի և բազմաթիվ աշխատանքային կամ ծառայողական պարտականությունների մեջ ծրագրել ժամանակդ այնպես, որ ժամանակ ունենաս Աստծու հետ հաղորդակցվելու համար: Եթե այո, ապա ուզում եմ ասել, որ Աստծու Խոսքը լուծում ունի քո խնդրին, որը նաև Աստծուն հավատացող ու Նրան սիրող բազմաթիվ հավատացյալ մարդկանց խնդիրն է։ 

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ իմաստուն խորհուրդը, որը Տեր Հիսուսն է մեզ փոխանցում. «Դուք նախ Աստծու Արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6․33

Յուրաքանչյուր Աստծու օր իր մեջ նոր սկիզբ ունի և Աստծու ողորմությունը ստանալու նոր հնարավորություն: Ահա թե ինչու է շատ կարևոր, որպեսզի մենք մեր օրը սկսենք Տեր Աստծու հետ հաղորդակցությամբ։ Մեր օրվա առաջին պահերը՝ այն, թե ինչպես ենք մեր օրը սկսում, հիմնականում որոշում է նաև այն, թե ինչի վրա ենք կենտրոնացած լինելու ողջ օրվա ընթացքում։ 

Մեր Տերը հստակ խոստում է տալիս, որ եթե ես և դու նախ փնտրենք Տիրոջը, Նրա կամքը և Նրա Արքայությունը, ապա դրան կհետևի մնացած ամենը, ինչի կարիքն ունենք՝ աստվածային ապահովումը, աստվածային հոգատարությունը, պաշտպանությունը, իմաստությունը, խորաթափանցությունը, ստեղծագործելու կարողությունը և այլն։

Իրականությունն այն է, որ մենք չափազանց զբաղված ենք չաղոթելու համար: Բոլոր այն ծրագրերը, որոնք մենք փափագում ենք իրականացած տեսնել, բոլոր խոստումները, որոնք Աստված տվել է մեր ընտանիքներին, բոլոր հույսերը, որոնք մենք տածում ենք մեր ամուսնական կյանքի վերաբերյալ կամ Աստծու Արքայության առումով․.. դրանք մեր կյանք կարող են մուտք գործել միայն առողջ ու կանոնավոր աղոթքի կյանքի պարագայում, երբ մենք ներկայացնում ենք մեր խնդրանքներն ու դժվարություններն Աստծուն մեր ամենօրյա աղոթքների մեջ։

Առանց Աստծու ես կարող եմ վազել, մեծ ջանքեր ներդնել և քրտնաջան ու հոգնելու աստիճան աշխատել, սակայն երբեք չեմ լինի իրապես արդյունավետ ու իմ ջանքի պտուղներով բավարարված: Իսկ Աստծու հետ և Նրա օգնությամբ ես կարո՛ղ եմ արդյունավետ ու պտղաբեր կյանք ունենալ։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, շրջապատի՛ր քեզ այնպիսի մարդկանցով, որոնք բացահայտել են աղոթքի կյանքի գաղտնիքներն ու կարող են առաջնորդել քեզ Տիրոջ հետ իրական հաղորդակցության խորությունների մեջ:

Եվ ամեն բանից առաջ հիշի՛ր, որ Աստծու Արքայությունը խնդրել նշանակում է ճանաչել Նրա կամքը, խնդրել Նրա կամքը և հնազանդվել Նրա կամքին երկրի վրա այնպես, ինչպես հրեշտակներն են հնազանդվում Աստծու կամքին Երկնքում։ Չէ՞ որ հենց սա էր սովորեցնում Տեր Հիսուսն աշխարհի ամենահայտնի աղոթքի՝ Տերունական աղոթքի մեջ (տե՛ս Մատթեոս 6․9-10 հատվածը)։

Աստված սպասում է քո սրտի անկեղծ զրույցներին։ Ամեն օր առավոտյան, ամեն բանից առաջ ժամանակ հատկացրու և քո բոլոր հոգսերի ու կարիքների մասին տեղեկացրու քո երկնային Հորը… Նա սիրում է քեզ։ Նա հետաքրքրված է քեզնով։ Եվ Նա փափագում է քեզ հետ հաղորդակցվելուն։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: