January-22

Գլխավոր | Հրաշքներ | 🌟Խոսի՛ր․․․ և այլևս մի՛ թաքցրու

🌟Խոսի՛ր․․․ և այլևս մի՛ թաքցրու

Սիրելի՛ բարեկամ, որտե՞ղ ես ապրում։ Մե՞ծ, թե՞ փոքր քաղաքում։ Իսկ գուցե քաղաքամերձ գյուղերից մեկում կամ հեռավոր ու կտրված մի գյուղո՞ւմ։ Ուրբաթ օրերին իմ YouTube-յան ալիքի ուղիղ եթերի ժամանակ ես պատասխանում եմ նախօրոք գրված հարցերին, և ինձ միշտ հետաքրքիր է, թե մարդիկ որտեղի՞ց են մեզ միանում։ Ես միշտ խնդրում եմ նրանց, որ մեկնաբանություններում գրեն իրենց երկրի ու քաղաքի անվանումները։ 

Սակայն անկախ նրանից, թե որտեղ ես ապրում, դու պետք է հստակ ու ամուր համոզում ունենաս, որ Աստված մեծագույն փափագով սիրում է քո շրջապատում ապրող յուրաքանչյուր մարդու: Եվ Տերն ակնկալում է, որ դու այդ մարդկանց համար դառնաս Իր զոհաբեր ու անսահման խորը սիրո վկան:

Հավատում եմ, որ ինչպես Աստված հորդորում էր Պողոս առաքյալին, այնպես էլ այսօր քեզ է ուղղում Իր այս խոսքերը, որոնք գրված են Գործք Առաքելոց 18.9-10 հատվածում. «Եվ Տերը մի գիշեր Պողոսին տեսիլքի մեջ ասաց. «Մի՛ վախեցիր, այլ խոսի՛ր և մի՛ լռիր, որովհետև Ես քեզ հետ եմ. և ոչ ոք քեզ վրա չի հարձակվի՝ քեզ վնասելու, որովհետև այս քաղաքում Ես բազում ժողովուրդ ունեմ»։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այնտեղ, որտեղ դու ապրում ես, շատերը կան, որ Տիրոջ ժողովուրդը պիտի դառնան, և շատերը սպասում են Նրա մասին լսելուն ու Նրա հետ հանդիպմանը: Այսօր իմ ամբողջ սրտով հորդորում եմ քեզ, որ  չվախենա՛ս, չթաքնվե՛ս ու չլռե՛ս։ Քո վկայությունը՝ այն, ինչը Տերը արել է քո կյանքում, թանկ է ու անգին է։ Քո վկայությունը մարդկանց մեջ հավատք առաջացնելու զորություն և ներուժ է իր մեջ պարունակում։ 

Անգամ եթե մարդիկ ցույց տան, թե չեն հավատում քեզ ու մերժում են քո հավատքը, չընկճվես ու չհուսահատվես։ Քո անկեղծ ու համոզիչ վկայությունը, որը սիրուց դրդված ու խոնարհությամբ կփոխանցես լսողներին, հավատքի սերմեր է ցանելու նրանց սրտերում։ Եվ եթե նաև աղոթես այդ մարդկանց համար, ապա, հավատում եմ, որ մի օր տեսնելու ես քո ցանած սերմերի աճն ու դրանց պտուղները։

Սիրի՛ր մարդկանց։ Ժպտա՜ նրանց։ Նրանց հետ կիսվի՛ր նաև «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներով: Պատմի՛ր նրանց, թե ինչպես է Աստված քեզ համար դարձել օգնություն և մխիթարություն, կյանքի իմաստ և քաղցրություն։ Վկայի՛ր քո կյանքի բժշկության ու ազատագրության մասին։ Վկայի՛ր քո բնավորության փոփոխության մասին։ Վկայի՛ր, որ Տերը ազատել է քեզ վախերից ու անհանգստություններից։ Վկայի՛ր, որ անգամ երբ ոչինչ չէր փոխվում քո կյանքում, Նրա շնորհքը քեզ ուժ էր տալիս դիմակայելու, մաքառելու և առաջ ընթանալու համար։ Մի՛ վախեցիր։ Աստված բազում ժողովուրդ ունի քո քաղաքում կամ գյուղում, որոնք սպասում են քո փոխանցած վկայությանը, որպեսզի հավատան ու նվիրվեն Տիրոջը։

Աստված ուզում է հիշեցնել քեզ, որ դու ոչինչից չպե՛տք է վախենաս․ «Տերն ինձ հետ է. ես չեմ վախենում. մարդն ինձ ի՞նչ է անելու» (Սաղմոս 118․6):

Ես հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, շնորհակալ եմ այս քաջալերական ուղերձի համար, որը խիզախություն է բորբոքում իմ մեջ, որպեսզի վկայեմ մարդկանց իմ կյանքում Քո արած բարիքների ու Քեզնից ընդունած ողորմությունների մասին: Խնդրում եմ՝ դի՛ր իմ մեջ այն համարձակությունը, որը բնորոշ էր առաքյալներին՝ Քո նվիրյալ ու հավատարիմ աշակերտներին: Ես ուզում եմ իմ վկայություններով Քեզ, Քո բնույթն ու բարությունը հայտնել իմ շրջապատի մարդկանց և տեսնել նրանց ապաշխարությունն ու փրկությունը: Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:

Հեզությամբ ու խոնարհությամբ պատրաստ եղի՛ր խոսելու Տեր Հիսուսի անունով, այսօր և քո կյանքի ամեն օրը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: