Այսօր ավարտում ենք «Եթե ուզում ես արդյունավետ ծառայել Աստծուն» ուղերձների մեր շարքը։ Աստծուն ծառայելը մեծագույն պատիվ է, սակայն, միևնույն ժամանակ, նաև մեծ պատասխանատվություն։ Մենք ո՛չ միայն պետք է ծառայենք Աստծուն, որպեսզի Նրա անսահման բարության ու սիրո հանդեպ մեր երախտագիտությունը դրսևորենք, այլև պետք է դա անենք հնարավորինս արդյունավետ կերպով։ Աստված մեզնից պտղաբեր ծառայություն է ակնկալում։
Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ Տիրոջը ծառայելու ընթացքը թեև քաղցր է ու հաճելի, սակայն նաև լի է բազմաթիվ դժվարություններով, հակամարտություններով, հիասթափություններով և անգամ՝ դավաճանություններով, երբեմն նաև՝ լարվածությամբ։ Եվ Տիրոջը ծառայող յուրաքանչյուր անհատ պետք է ունենա մի կարևորագույն որակ, որպեսզի կես ճանապարհից հետ չդառնա ու հավատարիմ մնա մինչև վերջ։
«Այսուհետև, եղբայրնե՛ր, մեզ համար աղոթե՛ք, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի ու ամեն տեղ փառավորվի, ինչպես ձեզ մոտ, և որպեսզի անօրեն ու չար մարդկանցից ազատվենք, որովհետև ոչ բոլորը հավատ ունեն։ Բայց Տերը հավատարիմ է. Նա ձեզ կհաստատի և կպահի չարից։ Տիրոջով վստահություն ունենք ձեզ վրա, որ այն, ինչ ձեզ պատվիրեցինք, անում եք ու կանեք։ Իսկ Տերը թող ձեր սրտերը ուղղի դեպի Աստծու սերն ու Քրիստոսի համբերությունը» (Բ Թեսաղոնիկեցիս 3.1-5)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ կարո՞ղ ես մի պահ պատկերացնել Քրիստոսի համբերությունը։ Պողոս առաքյալն աղոթում էր, որ Տերը Թեսաղոնիկեի հավատացյալների սրտերն ուղղի ոչ միայն դեպի Աստծու սերը, այլև դեպի Քրիստոսի համբերությունը։ Որքա՜ն կարևոր է, որ հավատքի կյանքում՝ նեղ ճանապարհի դժվարությունների մեջ, մենք ունենանք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբերությունը։
«Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ խոստումն ստանաք» (Եբրայեցիս 10․36):
Համբերությունը կամ երկայնամտությունը Սուրբ Հոգու պտուղն է հավատացյալ մարդու կյանքում (տե՛ս Գաղատացիս 5․22 խոսքը)։
Այսօր ուզում եմ մի գործնական խորհուրդ տալ քեզ, որպեսզի քո մեջ զարգացնես Սուրբ Հոգու այդ պտուղը։ Քո կյանքն ու խոսքերը, քո պահվածքն ու որոշումները կառուցիր այնպես, որ դրանց արդյունքում չտրտմեցնես Աստծու Սուրբ Հոգուն, այլ ուրախացնես Նրա սիրտը։ Ամեն բան արա՛, որ քո կյանքն ու վերաբերմունքը մյուսներին, անգամ քեզ շատ վատ վերաբերվող մարդկանց, լինի Տեր Աստծու կամքի մեջ։ Սա անելով՝ կտեսնես, թե ինչպես է Տերը քո սիրտն ուղղում դեպի Քրիստոսի համբերությունը և թե ինչպես է Սուրբ Հոգին համբերատարության Իր պտուղն աճեցնում քո բնավորության մեջ։
Եղի՛ր համբերատար և Քրիստոսի հավատարիմ զինվորի նման կրի՛ր քո ծառայության բոլոր դժվարությունները։ Տերը քեզ հետ է ու քո կողքին։ Նա զորացնում է քեզ և բարձրացնում անհույս թվացող ցանկացած իրավիճակից։ Աղոթում եմ քեզ համար և խնդրում, որ դու էլ մեզ համար և այս ծառայության համար աղոթես, որպեսզի մենք էլ լինենք արդյունավետ ու պտղաբեր Տեր Աստծու փառքի համար։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը