december-12

Գլխավոր | Հրաշքներ | Քո Տեր Աստծուն մի՛ փորձիր

Քո Տեր Աստծուն մի՛ փորձիր

Այսօր մենք շարունակում ենք «Ինչպե՞ս ապրել Տեր Աստծու ապահովության ներքո» անվանումը կրող շարքը, որը հիմնված է Սաղմոս 91․11-16 հատվածի ուսումնասիրության վրա։

«Որովհետև քեզ համար հրամայել է Իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ Նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն քեզ, որ քո ոտքը քարի չխփես։ Առյուծների և իժերի վրայով կքայլես, առյուծի կորյուններին ու վիշապին ոտքով կոխ կտաս։ Որովհետև նա Ինձ սիրեց, և Ես կփրկեմ նրան. Ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև Նա ճանաչում է Իմ անունը։ Նա կկանչի Ինձ, և Ես պատասխան կտամ նրան. Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։ Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ Իմ փրկությունը» (Սաղմոս 91․11-16):

Սիրելի՛ բարեկամ, այսօրվա ուղերձը կառուցել եմ վերը բերված հատվածի այս նախադասության վրա․ «Նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն քեզ, որ քո ոտքը քարի չխփես»։ Այս խոսքերը բավականին հայտնի են նրանով, որ անապատի փորձության մեջ սատանան Տեր Հիսուսին հե՛նց դրանցով էր գայթակղում և մղում Աստծուն փորձելուն։ 

«Այդ ժամանակ սատանան Նրան տարավ սուրբ քաղաքը, տաճարի աշտարակի վրա կանգնեցրեց ու Նրան ասաց. «Եթե Աստծու Որդին ես, Քեզ ցա՛ծ նետիր, որովհետև գրված է. «Իր հրեշտակներին քեզ համար պիտի պատվիրի, և նրանք քեզ ձեռքերի վրա պիտի բարձրացնեն, որ երբեք ոտքդ քարին չխփես» (Մատթեոս 4․5-6):

Յուրաքանչյուր մարդու կյանքում կարող են լինել իրավիճակներ, երբ դժվարություններն ու տառապանքը, ցավն ու վիշտը այնքա՜ն ուժգին են, որ դրանց առաջացրած փոթորիկները կարող են մեզ տանել անգամ հուսահատության և կարող են նաև հոգեպես ճնշվելու աննկարագրելի ապրումների պատճառ դառնալ։ Սակայն ամենադժվարին պահերին անգամ մենք չպե՛տք է ընկրկենք և չպե՛տք է ընդունենք չարի ուղարկած մտքերը։ 

Մեր կյանքի փորձությունների ժամանակ մենք չպետք է գայթակղվենք ու հավատանք ստություններին։ Մեր ամենածանր իրավիճակներում մենք չպետք է ականջ դնենք մոլորեցնողների կողմից Աստծու Խոսքի սխալ մեկնություններին։ Եվ, առավել ևս, չպետք է Աստծու Խոսքի խոստումներն օգտագործենք Տեր Աստծուն փորձելու համար։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, սատանան Տեր Հիսուսին մղում էր, որ Տերը փորձի Աստծու խոստման իրական լինելը՝ Իրեն բարձր աշտարակից ցած նետելով։ Այո՛, Աստված խոստացել էր պահել Նրան, սակայն ո՛չ այն ժամանակ, երբ Տերը Իրեն ցած գցեր՝ փորձելով Աստվածաշնչի խոստման իրական լինելը։ 

Սա շատ կարևոր է հասկանալ՝ Տեր Աստծու իրական պաշտպանության ներքո ապրելու համար։ Կարևոր է հասկանալ, թե ի՛նչ է նշանակում փորձել Աստծուն։ Կարևոր է վստահել Տեր Աստծու խոստումներին և վստահել նաև Նրա հոգատարությանը։ Աստված մեր Հայրն է։ Նա սիրում է մեզ։ Նա ապացուցել է Իր սերը մեր հանդեպ, և Նրա սերը փորձվելու կարիք չունի։

Աղոթում եմ քեզ համար, որպեսզի երբե՛ք չփորձես Աստծուն և միշտ ապրես Նրա ապահովության մեջ ու պաշտպանության ներքո։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: