Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել Տեր Աստծո մի հրաշալի խոստումով. «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29.11):
Ուզում եմ միասին ուշադրություն դարձնենք այս հրաշալի խոստման ամենասկզբում տեղ գտած «որովհետև» բառի վրա։ Աստված հենց այնպես ոչ մի բառ չի օգտագործում։ Օրինակ, մարդիկ հաճախ «բայց» բառն են օգտագործում, որը նույնպես յուրահատուկ իմաստ է հաղորդում նախադասությանը։
Նրանք ասում են․ «Դա լավ միտք է, բայց․․․», «Դու կարող ես դա անել, բայց․․․», «Համաձայն եմ քեզ հետ, բայց․․․»։ Այո՛, մենք հաճախ ենք լսում այդ «բայց»-երը, և դրանք մեզ հուշում են, որ մարդն, իրականում, այնքան էլ չի հավանել մեր ասածը և , հնարավոր է նաև, բացարձակապես համաձայն չէ այն ամենի հետ, ինչը խոսել էինք։
Այս իմաստով՝ «բայց»-ը մի բառ է դառնում, որը հաճախ իր մեջ բացասական, սահմանափակող ու քաջալերանք չփոխանցող ուղերձ է կրում։
Իսկ գուցե՞ քո կյանքում կամ այսօր հենց այդպիսի «բայց»-երի հետ ես բախվել։ Այս փոքրիկ բառը կարող է մեծ ոգևորությունը սառեցնել և լավ սկսած ընթացքը դադարի վիճակի բերել։
Սակայն Աստված երբե՛ք քեզ չի ասում․ «Ես քեզ սիրում եմ, բայց․․․»։ Նա ասում է․ «Որովհետև Ես գիտեմ այն մտածումները, որ խորհում եմ քո մասին»։ Հովհաննեսի ավետարանի 3.16 խոսքը հրաշալի կերպով ամբողջացնում է Աստվածաշնչի էջերում իմ և քո հանդեպ Տեր Աստծու ունեցած սիրո վերաբերմունքի էությունը։
«Աստված այնքա՜ն սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3.16):
- Այս հատվածը մերօրյա կորսված և կործանվող աշխարհում մեր դժվար կյանքի մեջ լույսի շողի նման ծագեցնում է Հայր Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի սերը։
- Այս հատվածը խոսում է իմ և քո կյանքում աստվածային միջամտության մասին։ Նա պատրաստ է Իր օգնությունն ու շնորհքն ուղարկել քո կյանք, եթե միայն քո կենդանի հավատքի շնորհիվ ճանապարհ հարթես Տեր Աստծու համար։
- Այս հատվածը բացատրում է մեր ուղերձի սկզբում իմ և քո կյանքին վերաբերող Տեր Աստծու հրաշալի խոստման «որովհետև» բառի իմաստը։
Իրականում, աննշան թվացող այդ «որովհետև»-ը կարող է արմատական կերպով փոխել քո կյանքի ընթացքը․․․
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու կարող ես ականջ դնել մարդկանց «բայց»-երին, կամ կարող ես այսօր լիարժեք կերպով հավատալ Տեր Աստծու «որովհետև»-ին։
Իսկ ի՞նչ կլինի, եթե հաստատուն որոշում կայացնես և թույլ տաս Տեր Աստծուն՝ փոխելու ճակատագիրդ․․․ Նա սիրում է քեզ։ Նա ցավում է քո կյանք այցելած յուրաքանչյուր դժվարության, քո ձախողումների և մարդկանց կողմից քեզ պատճառած վերքերի համար։ Նա ուզում է վերցնել քեզ Իր ձեռքերի մեջ և հմուտ Վարպետի նման փոխակերպել քեզ՝ նմանեցնելով Իր պատկերին․․․ Թույլ կտա՞ս Տեր Հիսուսին՝ Իր վերականգնող ու փոխակերպող աշխատանքը սկսելու քո անձի հետ․․․
Քո կյանքի համար Նրա ծրագրերը բարօրության ծրագրեր են և ոչ թե՝ չարիքի։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը