December-10

Գլխավոր | Հրաշքներ | Քո կյանքում թարմության և նորոգման ժամանակներ են գալիս…

Քո կյանքում թարմության և նորոգման ժամանակներ են գալիս…

Սիրելի՛ բարեկամ, Աստված առաջին Սաղմոսում աստվածավախ մարդկանց համեմատում է գետերի ջրերի մոտ տնկված ծառի հետ։ Աստվածավախ են այն մարդիկ, որոնք իրենց ամբողջ էությամբ ձգտում են ճանաչել Տեր Աստծու կամքը և հնազանդվել այդ կամքին։

«Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան» (Սաղմոս ‭1․3‬)։

Որքա՜ն հրաշալի է նման կյանքով ապրելը։ Տիրոջ ուղարկած գետերի ջրերը աստվածային թարմությամբ են լցնում մեր կյանքը։

Եթե քեզ հոգնած ու տխուր ես զգում կամ ասես դատարկություն լինի ներսումդ, ապա աղոթում եմ, որ այսօր քո կյանքում Տիրոջ ուղարկած գետերի առատ ջրերի շնորհիվ թարմանալու ժամանակներ սկսեն։

Տեր Հիսուսը խոսում էր կենարար գետերի մասին, որոնք բխում է Իրենից, լցվում Իր աշակերտների մեջ և նրանց միջից կրկին դուրս բխում որպես կենդանի ջրերի գետեր։ Աստվածաշունչը բացատրում է, որ Տերը այս ամենը խոսում էր՝ նկատի ունենալով Աստծու Սուրբ Հոգուն։ 

«Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա ու խմի։ Ինչպես Գիրքն է ասում. “Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն”»։ Նա այս ասաց՝ նկատի ունենալով Հոգուն, որն ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր» (Հովհաննես 7․37-39):

Աստծու Սուրբ Հոգին փափագում է լցվել քո կյանքի մեջ, թարմություն ու պտղաբերություն բերել քո կյանք և քո միջոցով տարածվել քո շրջապատի մարդկանց կյանքերի մեջ ու նույն բժշկարար փոխակերպումը նրանց կյանքում իրագործել։ Որքա՜ն հրաշալի է Սուրբ Հոգու հետ մտերմությունը։

Իսկ դու գիտե՞ս Սուրբ Հոգով լցվելու պայմանը։ Ուշադիր եղի՛ր Աստծու կամքի հանդեպ, փափագիր ճանաչել Նրա պատվիրանները, հասկանալ, թե ինչպիսի կյանք է Նա քեզնից ակնկալում և ամեն ջանք արա Նրա կամքին հնազանդ կյանք ապրելու համար։ Այս պարագայում դու ամեն օր ավելի ու ավելի կլցվես Սուրբ Հոգու ներկայությամբ ու Նրա բժշկարար զորությամբ։ Նա կզորացնի քեզ և Իր թարմությամբ կցրի քո կյանքի ձանձրույթը, հոգնածությունն ու տրտմությունը։ Քո կյանքն, իրապես, կդառնա առաջին Սաղմոսի մեջ նկարագրված առատ ջրերի մոտ տնկված ծառի նկարագրությունը․․․

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր որոշում կայացրո՛ւ ապրելու Աստվածաշնչի սկզբունքներով և քո էության մեջ ընդունիր՛ Տեր Հիսուսի կյանքը…

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: