December-8

Գլխավոր | Հրաշքներ | Քո կյանքի անապատը կծաղկի…

Քո կյանքի անապատը կծաղկի…

Սիրելի՛ բարեկամ, երեկ առատաձեռնությանն ու նվիրաբերություններին նվիրված ուղերձների մեր շարքի վերջին օրն էր և ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ֆինանսների և նվիրաբերությունների մասին աստվածաշնչյան ուսուցումները չեն ստորադասում Սուրբ Գրքի հայտնած մյուս բոլոր ճշմարտություններին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց սրտի մեջ որոշում կայացրեցին այս կամ այն կերպ աջակցելու մեր ծառայությանը։ Աստված կամենում է, որ Իրեն հավատացող մարդկանց կյանքի բոլոր ոլորտները բժշկվեն Իր Խոսքի փոխանցած ճշմարտությունների արդյունքում։ 

Իսկ այժմ ուզում եմ ուշադրությունդ կենտրոնացնել աստվածաշնչյան այս զորավոր խոսքի վրա․ «Ուստի ահա Ես նրան կհրապուրեմ ու կտանեմ անապատ և կխոսեմ նրա սրտի հետ» (Ովսե 2.14):

Վերը բերված խոսքերի հեղինակն Աստված է, և դրանք ուղղված են Իր ժողովրդին, որ անհավատարիմ էր և գործում էր Աստծու կամքին հակառակ։ Ինչո՞ւ է Աստված հե՛նց մեր կյանքի «անապատային» ժամանակներում խոսում մեր սրտի հետ։ Ցավոք, պատճառը, հավանաբար, այն է, որ մեր կյանքի խաղաղ ժամանակներում մենք ավելի շատ զբաղված ենք այս աշխարհի գործերով, իսկ դժվարությունների ժամանակ մեր ամբողջ էությամբ Աստծուն ենք փնտրում։ Եվ որքան ուժգին են մեր կյանք այցելած դժվարությունները, այնքան փափագով ենք փնտրում Աստծուն։ Երանի՜ դա այդպես չլիներ․․․

Անապատին անապատ դարձնողը անբարենպաստ եղանակային պայմաններն են։ Եթե անապատային վայրում փոխվեն տեղումների քանակը, ջերմաստիճանը և օդի խոնավությունը, ապա անգամ անապատը կարող է ծաղկել։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե դու էլ քո կյանքի ներկա ժամանակահատվածում անցնում ես անապատի չոր ու կիզիչ իրականության միջով: Գուցե քո կյանքի անապատը անուն ունի՝ ընկճվածություն, հիվանդություն, միայնություն, ցավ, վիշտ, կորուստ, վախ անհանգստություն կամ մեկ այլ բան։

Ինչ անուն էլ ունենա քո կյանքի անապատը, վստահ եղի՛ր, որ այն քո կործանման վայրը չէ, այլ այն վայրը, որտեղ Աստված խոսելու է քո սրտին, մխիթարելու է քեզ, սովորեցնելու է Իր կամքը և, եթե Նրա սուրբ կամքին քո արձագանքը հնազանդությունը լինի, ապա նաև կարող եմ վստահաբար ասել, որ քո կյանքի անապատը շուտով ծաղկելու է և դառնալու է պտղաբեր ու գեղեցիկ մի այգի։ Այո՛, դու չես կործանվելու այդ անապատի մեջ։ Դու ապրելո՛ւ ես ու քո շրջապատի մարդկանց պատմելո՛ւ ես Տիրոջ գործերի մասին (տե՛ս Սաղմոս 118․17 խոսքը):

Այո՛, Աստված խոսում է մեզ հետ մեր կյանքի անապատի մեջ։ Երանի՜ ուշադիր լինենք Նրա ձայնին, հասկանանք Նրա կամքը, տեսնենք մեր սխալները, մեր մեղքերն ու հանցանքները և ապաշխարենք ու հեռանանք դրանցից։ Հովել մարգարեն հրաշալի կերպով նկարագրում է Տեր Աստծու արձագանքն Իր ժողովրդի ապաշխարությանը․ «Ո՛վ Սիոնի որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, որովհետև արդարորեն ձեզ աշնանային անձրևներ պարգևեց և հիմա ձեզ տալիս է առատ տեղումներ՝ աշնանային և գարնանային անձրև՝ առաջվա պես» (Հովել 2․23):

Քաջալերում եմ քեզ, որ հավատքով և Տեր Աստծու կամքին հնազանդության հաստատ որոշումը քո սրտի մեջ ունենալով՝ վստահես Տիրոջը։ Նա քեզ միայնակ չի թողնի քո կյանքի անապատի մեջ և կխոսի քո սրտին։ Եվ նաև աղոթում եմ քեզ համար, որ Տեր Աստծու Սուրբ Հոգու հետ մտերմության արդյունքում քո կյանքում սկսի Տիրոջ օրհնաբեր անձրևների ժամանակաշրջանը և քո կյանքի անապատը վերածվի կանաչ ու ծաղկող մի գեղեցիկ ու պտղաբեր այգու։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: