October-27

Գլխավոր | Հրաշքներ | Քո կյանքը նպատակ ունի

Քո կյանքը նպատակ ունի

Սիրելի՛ բարեկամ, մերօրյա կյանքն ու հասարակությունը ասես ճնշում են յուրաքանչյուր մարդու և այնպիսի համոզմունք են ձևավորել, որ հաջողված կյանքը փառքի, հարստության կամ լավ աշխատանքի ու բարձր աշխատավարձի կամ եկամուտների մեջ է։ Սակայն այս ամենը մարդու կյանքում չեն կարող բավարարվածության աղբյուր լինել։ Դրանք ունենալով՝ մարդը չի երջանկանում։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստված մեզնից յուրաքանչյուրին հատուկ նպատակի համար է արարել, և այդ նպատակը մենք չենք կարող բացահայտել առանց Տեր Աստծո հետ մտերիմ հարաբերություն ունենալու։ 

Ահա թե ինչ է ասում Աստված Երեմիային, որը նաև մեզ է կարևոր սկզբունք փոխանցում․ «Քեզ որովայնում չկազմած՝ Ես ընտրեցի քեզ․․․» (Երեմիա 1.5):

Աստված քեզ համար հրաշալի կյանք է ծրագրել։ Նա նախքան քո ծնվելը արդեն իսկ որոշել է քո լույս աշխարհ գալու նպատակը։ Նա քեզ ստեղծել է հավիտենության համար։ Այս ժամանակավոր կյանքը հավիտենական կյանքի նախաշեմն է։ Այստեղ դու պետք է ճանաչես Նրան, ճանաչես Նրա կամքը և ծառայես Նրան։ Նա քեզ արարել է, որպեսզի սեր տա քեզ և քեզնից սեր ընդունի։ Նա քեզ արարել է Իր հետ անձնական ու մտերիմ հարաբերության համար, ինչպես նաև մյուս մարդկանց այդ հարաբերության մեջ հաստատվելու հարցում օգնելու համար։ 

Աստծո ծրագրերը քո կյանքի համար օրհնության և խաղաղության ծրագրեր են, եթե, անշուշտ, թույլ տաս, որ Նա տիրի քո կյանքում Իր Խոսքի և Իր կամքի գերիշխանության միջոցով։ Ավելի պարզ ասած՝ եթե քո ապրած կյանքը՝ քո որոշումներն ու վարքագիծը, արտացոլեն այն հավատքը, որն ունես Աստծո և Նրա Խոսքի նկատմամբ։ 

Գուցե երկար ես մտորել այս կյանքի իրական իմաստի շուրջ։ Գուցե զգում ես, որ մի բան պակաս է քո կյանքում։ Գուցե շատ բան ես փորձել, բայց ոչնչով չի լցվում քո ներսի դատարկությունը։ Գուցե իսկապես ուզում ես քեզ օգտակար զգալ, բայց հստակ նպատակներ չունես քո կյանքում: Ժամանակն է փոխելու քո կյանքի իրավիճակը։ Եվ այդ փոփոխությունը քո ձեռքերում է։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես համոզված եմ, որ պատահական չէ, որ հենց այսօր կարդում ես այս ուղերձը: Աստված ուզում է քեզ՝ Իր զավակին, վերցնել Իր ձեռքերի մեջ և միջոց դարձնել կործանվող աշխարհի մեջ Իր մյուս զավակներին բարիք անելու համար:

  • Դու կարող ես դառնալ քո երկնային Հոր տարածած թևերը, որոնք լուռ գրկում են տարբեր խնդիրների պատճառով տառապող գործընկերոջը:
  • Դու կարող ես դառնալ քո երկնային Հոր մեկնած ձեռքը, որը բռնում և առաջնորդում է ընկած ու մոլորված բարեկամին։
  • Դու կարող ես դառնալ քո երկնային Հոր շուրթերը, որոնք քաղցր ու քաջալերական խոսքերով բարձրացնում ու մխիթարում են քո ծանոթին, ով դեռ չի ճանաչում Հիսուսին:
  • Դու կարող ես դառնալ քո երկնային Հոր լսելիքը, որ կարեկցանքով ու համբերությամբ լսում է կոտրված ու փշրված ընկերոջը, երբ նա քեզ հետ կիսվում է իր ծանր վիճակի մասին պատմող պատմությամբ:

Եթե անկեղծորեն թույլ ես տվել, որ Աստված տիրի քո կյանքում․․․, եթե դու հավատացել ես Տեր Հիսուս Քրիստոսին և ընդունել ես Նրան որպես քո կյանքի Տեր և Փրկիչ․․․, եթե որոշում ես կայացրել հնազանդվելու Աստծո Խոսքին և դառնալու Քրիստոսի հավատարիմ աշակերտը, ապա ուր էլ գնաս, որտեղ էլ լինես, Տեր Աստված մշտապես քո ուղեկիցն է լինելու։ Նրա ներկայությունը, Նրա օծությունը և Նրա բժշկարար ու ազատագրող զորությունը լինելու են քեզ հետ և գործելու են քո միջոցով։ Նրա Հոգին քո մեջ է ապրում։ Եվ Նա քեզ վախի հոգի չի տվել, այլ զորության, սիրո և ողջամտության (տե՛ս Բ Տիմոթեոս 1․7 խոսքը)։

Քաջալերվի՛ր այսօր և աղոթի՛ր ինձ հետ այս կարճ աղոթքով․ «Հա՛յր, շնորհակալ եմ, որ օգնում ես, որպեսզի հասկանամ, որ իմ կյանքը նպատակ ունի: Ես խնդրում եմ Քեզ առաջնորդել ինձ, որպեսզի կարողանամ ծառայել և օգտակար լինել բոլոր այն մարդկանց, որոնց Դու ուղարկում ես ինձ հանդիպելու և ինձ հետ շփում ունենալու համար: Ուզում եմ Քո ձեռքերի մեջ մի զորավոր գործիք դառնալ այս կործանվող աշխարհի մեջ մարդկանց Քո սերն ու հոգատարությունը փոխանցելու համար։ Օգնի՛ր ինձ և առաջնորդի՛ր ինձ։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:

Աղոթում եմ, որ հիասքանչ օր ունենաս՝ լի Սուրբ Հոգու ներկայությամբ և Տիրոջը ծառայելու քաղցրությամբ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: