April-20

Գլխավոր | Հրաշքներ | Քո կյանքը թանկ արժեք ունի

Քո կյանքը թանկ արժեք ունի

«Իմ ոսկորները չծածկվեցին Քեզնից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը, և ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում։ Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, և Քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար» (Սաղմոս 139.15-16

Սիրելի՛ բարեկամ, երբևէ մտածե՞լ ես, թե ինչ չափանիշներով է պետք գնահատել կամ արժևորել մարդու կյանքը: Ինչի՞ հիման վրա են մարդիկ ասում, որ ինչ-որ մեկը կարևոր է, իսկ մյուսը՝ ոչ այնքան։ Այս հարցում աշխարհը վաղուց սեփական չափանիշներն է սահմանել՝ մարդու հարուստ կամ ազդեցիկ լինելու փաստը, սոցիալական դիրքը, կրթական մակարդակը, գրանցած հաջողությունները, զբաղեցրած պաշտոնը, վարած մեքենան և այլն։

Իսկ ի՞նչ չափանիշներ է այս հարցում մեզ փոխանցում Աստվածաշունչը։ Այն բացահայտում է, որ Աստված է քո կյանքի հեղինակը: Նա՛ է որոշել, որ դու լույս աշխարհ գաս։ Նա սիրում է քեզ անսահման մեծ ու խորը սիրով։ Այսպիսով, դու պատահականության արդյունք չես: Քո կյանքը արժեքավոր է, քանի որ այն Աստծո գիտակցված որոշման արդյունքն է։ Անկախ քո կարգավիճակից, սոցիալական դիրքից և ունեցած անցյալից՝ դու թանկ ես ու կարևոր Տեր Աստծու համար։ 

Եթե տիեզերքի Արարիչը հայտարարում է, որ քո կյանքը կարևոր է, ո՞վ կարող է հակառակը պնդել: Մի՛ լսիր այն ստախոս ձայներին, որոնք պնդում են, թե ոչ մի արժեք չունես և ոչ մեկին պետք չես… Դա սուտ է: Մի՛ լսիր, եթե անգամ դրանք քո սեփական մտքերն են։

Քո կյանքին արժեք ու գնահատական կարող է տալ միայն այդ կյանքը քեզ պարգևող Տերը, իսկ Աստված քեզ գնահատել է Իր Որդու կյանքի արժեքով։ Նա Իր Որդուն է զոհել Գողգոթայի խաչի վրա, որ փրկի ինձ և քեզ, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու, ով կհավատա Տեր Հիսուս Քրիստոսին և կհնազանդվի Նրա ուսուցումներին։ 

Այո՛, դու թանկ արժեք ունես ինչպես Տեր Աստծու համար, այնպես էլ քո ընտանիքի, քո ընկերների, քո գործընկերների և քո շրջապատի մյուս մարդկանց համար, եթե անգամ նրանք դեռ չեն գիտակցում քո կարևորությունը: Եվ ահա՛ թե ինչու․ քանի որ դու հավատում ես Աստծուն, ապա նրանց համար հենց ա՛յն միջոցը կարող ես դառնալ, որի շնորհիվ Աստված Իր սերը կհեղի նաև նրանց կյանքերի ու սրտերի մեջ: Խորհի՛ր այս մասին։ Դու կարող ես նրանց հավիտենական փրկության պատճառ դառնալ․․․ Եվ սա քեզ շատ արժեքավոր է դարձնում նրանց համար․․․

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, անկախ ամեն ինչից՝ դու Աստծո ընտրությունն ես, և քո կյանքը կարևոր է թե՛ Նրա աչքերում և թե՛ քո շրջապատի մարդկանց փրկության համար:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: