November-16

Գլխավոր | Հրաշքներ | Քեզ խնդրելու համարձակություն է պետք․․․

Քեզ խնդրելու համարձակություն է պետք․․․

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչում բազմաթիվ կերպարներ կան, որոնց նվիրումն ու հավատքը հիացնում են ինձ։ Այդ կերպարներից մեկը Հռութն է։ Նրա պատմությունն այնքա՜ն կարևոր և ուսուցանող է, որ անգամ Աստված Իր Սուրբ Գրքի՝ Աստվածաշնչի մեջ հատուկ տեղ է հատկացրել նրա անունը կրող գրքի համար։ 

Հռութի գրքի բազմաթիվ հոգևոր դասերից այսօր ուզում եմ քեզ հետ բաժնեկցել միայն մեկը։ Ամուսնուն կորցրած և սկեսրոջը՝ Նոյեմիին, խնամելուն նվիրված այս երիտասարդ կինը պետք է միջոցներ գտներ հաց հայթայթելու համար, քանի որ նրանք ապրում էին ծայրահեղ աղքատության մեջ։ Այսպիսով, Հռութը գնում է Բոոսի արտը և այնտեղ հունձքից հետո մնացած ցորենը հավաքելու թույլտվություն է խնդրում։ 

Հռութը օգնություն խնդրելու խոնարհություն և համարձակություն դրսևորեց։ Նա չփակվեց իր խնդիրների մեջ։ Չընկավ դեպրեսիայի կամ տագնապների թակարդը։ Նա հավաքեց իր ողջ համարձակությունը, մի կողմ դրեց հպարտությունը և մոտեցավ մարդկանց օգնություն խնդրելու համար։ 

Երբեմն մենք նույնպես օգնության կարիք ենք ունենում, սակայն միշտ չէ, որ համարձակվում ենք խնդրել այն։ Երբեմն նաև մեր հպարտությունն է մեզ հեռու պահում մարդկանցից օգնություն խնդրելուց։ Սակայն Աստված մեզ այնպես է արարել, որ մեր մեջ բնական պահանջմունք կա միմյանց օգնելու, ինչպես նաև միմյանցից օգնություն ընդունելու առումով։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու այսօր անցնում ես մի այնպիսի իրավիճակով, որ օգնության կարիք ունես և չես կարողանում ինքնուրույն ելք գտնել ստեղծված դժվարին իրավիճակից, ապա մի՛ ամաչիր օգնություն խնդրելու հարցում։ Քո շրջապատում Աստված հոգացել է այնպիսի մարդկանց ներկայությունը, որոնք կարող են օգնել քեզ և ելք ցույց տալ քո կյանքի ճգնաժամային իրավիճակից։ Քաջություն և խոնարհություն ունեցի՛ր մարդկանցից օգնություն խնդրելու համար, հատկապես, հավատքի ընտանիքի անդամներից՝ եկեղեցու քույրերից ու եղբայրներից։ Սա լավ առիթ կլինի նաև նրանց հետ մտերմանալու և համատեղ աղոթքներ ունենալու համար։ 

Հռութը որոշեց օգնություն խնդրել… Արդյունքում, Հռութը ո՛չ միայն լուծեց իր և սկեսրոջ հացի խնդիրը, այլև Աստված բժշկեց և վերականգնեց Նրա կյանքը։  

«Երկուսը մեկից լավ է, որովհետև նրանք լավ վարձ ունեն իրենց տանջանքից։ Որովհետև եթե վայր ընկնեն, մեկն իր ընկերոջը կկանգնեցնի. բայց վա՜յ մեկին, որ ընկնում է, և չկա մի երկրորդը, որ կանգնեցնի նրան» (‭‭Ժողովող‬ ‭4‬.9‬-‭10‬): 

Աստված լսում է մեր աղոթքները, և հաճախ Նա մեր աղոթքներին պատասխանում է՝ մեր կյանք ուղարկելով մարդկանց, որոնք ունակ են մեզ իմաստուն խորհուրդ տալու կամ օգնություն տրամադրելու մեր դժվարին իրավիճակի մեջ։ Քեզ քաջություն և խոնարհություն է պետք օգնություն խնդրելու համար․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: