June 19

Գլխավոր | Հրաշքներ | Քանի դեռ չի եկել մեր լռության օրը

Քանի դեռ չի եկել մեր լռության օրը

Սիրելի բարեկամ, հուսով եմ՝ ծանոթ ես երեկվա իմ գրառմանը և համաձայն ես, որ մենք պետք է լինենք Քրիստոսին նվիրված Մեծ քարոզարշավի մասնակիցները։ Ինչպես այսօր քարոզարշավի արգելք է դրված և լռության օր է, այնպես էլ գալու են ժամանակներ, երբ մեր կյանքում է լինելու լռության ժամանակահատված։ Լռություն՝ ոչ թե, քանի որ մենք ենք լուռ, այլ լռություն, քանի որ ի վիճակի չենք լինելու խոսելու ու վկայելու մեր Տիրոջ մասին և մարդկանց հետ բաժնեկցելու Նրա հոգացած փրկության Բարի Լուրը։

Տեր Հիսուսը խոսում էր Իր ծառայության մեջ այդ «լռության օրվա» մասին․ «Քանի դեռ ցերեկ է, Ես պետք է կատարեմ Ինձ ուղարկողի գործերը։ Գիշերը գալիս է, և այն ժամանակ ոչ ոք չի կարող գործել»։ (Հովհաննես 9․4):

Նախքան լռության օրը բավականին թվով օրեր կային գործելու համար։ Արդյոք մենք՝ հավատացյալներս արդյունավետ կերպով ներգրավված ենք այն քարոզարշավի մեջ, որի մեջ մեզ կանչել է մեզ փրկող Տերը։ Այո՛, աշխարհը փորձելու է մեզ լռեցնել, ինչպես փորձում էր լռեցնել առաջին եկեղեցու հավատացյալներին․ «Եվ նրանց կանչելով՝ պատվիրեցին Հիսուսի անունով բոլորովին չխոսել և չուսուցանել»։ (Գործք Առաքելոց 4.18):

Աշխարհը դա անում է տարբեր խորամանկ կերպերով՝ համոզելով, որ «անքաղաքավարի է հավատքի մասին խոսելը», «քեզ խենթի տեղ կդնեն ու կկորցնես բարի համբավդ», «միևնույնն է մերժելու են» և շատ այլ նմանատիպ «լռեցնող» մտքեր։ Սակայն այսօր, Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, հորդորում եմ քեզ, որ լցվես քո շրջապատում Քրիստոսի մասին վկայելու վճռականությամբ և բոլոր կասկածի մտքերին ու մարդկանց սպառնալիքներին պատասխանես այնպես, ինչպես առաքյալները պատասխանեցին իրենց լռեցնել փորձողներին․ «Բայց Պետրոսն ու Հովհաննեսը նրանց պատասխանեցին և ասացին. «Մի՞թե Աստծու առաջ արդար է ավելի շատ ձեզ լսել, քան Աստծուն. դո՛ւք դատեք։ Մենք չենք կարող չասել այն, ինչ տեսել ենք ու լսել» (Գործք Առաքելոց 4.19-20):

Խոսի՛ր մարդկանց հետ այն ամենի մասին, ինչ քո կյանքում արել է Տեր Հիսուս Քրիստոսը։ Խոսի՛ր անկեղծ, առանց չափազանցնելու որևէ ճշմարտություն։ Խոսի՛ր, վկայի՛ր և կտեսնես, որ ոչ ոք չի կարող լռեցնել քեզ։ Վկայե՛նք, քանի դեռ չի եկել մեր լռության օրը։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: