June-19

Գլխավոր | Հրաշքներ | Քանի դեռ չի եկել մեր լռության օրը

Քանի դեռ չի եկել մեր լռության օրը

Սիրելի՛ բարեկամ, հուսով եմ՝ ծանոթ ես երեկվա իմ գրառմանը և համաձայն ես, որ մենք պետք է լինենք Քրիստոսին նվիրված Մեծ քարոզարշավի մասնակիցները։ Ինչպես երկրի ղեկավարի ընտրությունների ժամանակ քարոզարշավի վերջին օրը լռության օր է, այնպես էլ գալու են ժամանակներ, երբ մեր կյանքում է լինելու լռության ժամանակահատված։ Լռություն ոչ թե այն պատճառով, քանի որ մենք ենք որոշում լուռ մնալ, այլ քանի որ ի վիճակի չենք լինելու խոսելու ու վկայելու մեր Տիրոջ մասին և մարդկանց հետ բաժնեկցելու Նրա հոգացած փրկության Բարի Լուրը։

Տեր Հիսուսը խոսում էր Իր ծառայության մեջ այդ «լռության օրվա» մասին․ «Քանի դեռ ցերեկ է, Ես պետք է կատարեմ Ինձ ուղարկողի գործերը։ Գիշերը գալիս է, և այն ժամանակ ոչ ոք չի կարող գործել» (Հովհաննես 9․4):

Նախքան լռության օրը՝ բավականաչափ օրեր կային գործելու համար։ Արդյոք մենք՝ հավատացյալներս, արդյունավետ կերպով ներգրավվա՞ծ ենք այն քարոզարշավի մեջ, որի համար կանչված ենք մեզ փրկող Տիրոջ կողմից։ Այո՛, աշխարհը փորձելու է մեզ լռեցնել, ինչպես փորձում էր լռեցնել առաջին եկեղեցու հավատացյալներին․ «Եվ նրանց կանչելով՝ պատվիրեցին Հիսուսի անունով բոլորովին չխոսել և չուսուցանել» (Գործք Առաքելոց 4.18):

Աշխարհը դա անում է տարբեր խորամանկ կերպերով՝ համոզելով, որ «անքաղաքավարի է հավատքի մասին խոսելը», «քեզ խելագարի տեղ կդնեն, ու կկորցնես բարի համբավդ», «միևնույնն է՝ մերժելու են» և շատ այլ նմանատիպ «լռեցնող» մտքեր։ Սակայն այսօրվա մեր այս ուղերձի նպատակն է հորդորել քեզ, որպեսզի լցվես քո շրջապատում Քրիստոսի մասին վկայելու վճռականությամբ և բոլոր կասկածի մտքերին ու մարդկանց սպառնալիքներին պատասխանես այնպես, ինչպես առաքյալները պատասխանեցին իրենց լռեցնել փորձողներին․ «Բայց Պետրոսն ու Հովհաննեսը նրանց պատասխանեցին և ասացին. «Մի՞թե Աստծու առաջ արդար է ավելի շատ ձեզ լսել, քան Աստծուն. դո՛ւք դատեք։ Մենք չենք կարող չասել այն, ինչ տեսել ենք ու լսել» (Գործք Առաքելոց 4.19-20):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, խոսի՛ր մարդկանց հետ այն ամենի մասին, ինչ քո կյանքում արել է Տեր Հիսուս Քրիստոսը։ Քո անձնական վկայության պատմության մեջ մեծ զորություն կլինի, եթե անկեղծորեն վկայես ճշմարտությունը քո կյանքում Տեր Հիսուս Քրիստոսի արած գործերի մասին։ Խոսի՛ր անկեղծ, առանց չափազանցելու որևէ ճշմարտություն։ Խոսի՛ր, վկայի՛ր և կտեսնես, որ ոչ ոք չի կարող լռեցնել քեզ։ Վկայե՛նք, քանի դեռ չի եկել մեր լռության օրը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: