Ես հավատում եմ, որ առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին մի զորավոր փորձառություն ենք ունենալու։ Այսօր նոր շարք ենք սկսում, որը նվիրված է Աստծու Արքայությունը փնտրելու թեմային։ Հույս ունեմ, որ յուրաքանչյուրս հոգևոր առումով ավելիին ենք ձգտում և բոլորս էլ ունենք նաև ակնկալիքներ մեր կյանքի համար՝ անձնական հարաբերություններում, ծառայության մեջ, մասնագիտական կյանքում, առողջության կամ ֆինանսների առումով և այլն:
Սիրելի՛ բարեկամ, միասին մենք մի զորավոր աստվածաշնչյան խոստում ենք բացահայտելու կամ վերաբացահայտելու մեզ համար, որով Տեր Հիսուսը հիշեցնում է մեզ, որ մեր բոլոր խնդիրների լուծումը և երազանքների իրականացումը միայն Տեր Աստծու մեջ է։
Ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Դուք նախ Աստծու Արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.33):
Այսօր ուզում եմ կենտրոնանալ հենց փնտրելու վրա, և առաջարկում եմ, որ անկեղծորեն ինքդ քեզ համար պատասխանես այս հարցին՝ իսկ դու ի՞նչ ես փնտրում այս կյանքում:
Արդյոք ձգտո՞ւմ ես․․․
- Ունենալ հավասարակշռված և երջանիկ ամուսնություն,
- Դաստիարակել երեխաներիդ այնպես, որ նրանք ճանաչեն Տեր Հիսուսին ու նվիրվեն Նրան,
- Հաջողվել աշխատանքիդ մեջ ու մասնագիտական գործերում,
- Խորացնել մտերմությունդ ընկերներիդ հետ,
- Աջակցել ընտանիքիդ անդամներին…
Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր մարդ ձգտում է լինել երջանիկ ու ապրել բավարարված կյանքով։
Այս ամենը ճիշտ է, լավ է և Աստծու կամքի սահմաններում է։ Նա քաջալերում է քեզ և ուզում է, որպեսզի Իր սիրելի զավակը մուտք գործի այդ օրհնությունների մեջ: Սակայն դեպի այս կյանքի օրհնություններ տանող ճանապարհի սկիզբը Աստծու կամքի օրհնության դարպասն է: Եթե նախ չմտնես այդ դարպասով, երբե՛ք չես կարող ընթանալ դեպի կյանքի օրհնություններ տանող այդ ճանապարհով։
Հաճախ մեզ թվում է, թե երջանկությունը կախված է արտաքին բաներից և որոշվում է կյանքի հանգամանքներով ու իրավիճակներով։ Հոգու խորքում շատերն այսպես են մտածում. «Հենց ունենամ դա կամ ստացվի այսինչ բանը, անհամեմատ ավելի երջանիկ կլինեմ…»: Բայց Աստված ուզում է մեզ սովորեցնել, որ երջանկության միակ աղբյուրը Ինքն է: Ահա թե ինչու մենք պետք է նախ փնտրենք Աստծուն ու Նրա կամքի գերիշխանությունը մեր կյանքում։ Իսկ հետո արդեն կսկսի գործել քո կյանքի մյուս բաների համար հոգ տանելու Նրա խոստումը։
Տեր Հիսուսն Իր առաջին քարոզի հենց սկզբում, որն անվանում են «Լեռան քարոզը», ինն անգամ օգտագործում է «երանի՜» բառը, որը հունարեն բնագրում «մակարիոս» բառն է, որը նաև կրում է «երջանիկ լինել» իմաստը: Երանությունը մի վիճակ է, որը հնարավոր է վերապրել միայն այն ժամանակ, երբ մարդու հոգին խորը և մտերիմ հարաբերության ու հաղորդակցության մեջ է Արարիչ Աստծու հետ:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու Նրա աշակերտն ես, եթե կյանքդ նվիրել ես Աստծու կամքը ճանաչելուն և Նրա Արքայությունը փնտրելուն, ապա դու ամբողջությամբ լցված ես Նրանով և ամբողջական ես միայն Նրա մեջ (տե՛ս Կողոսացիս 2.10 խոսքը)։
Դու Նրա մեջ ես ապրում, շարժվում և կաս (տե՛ս Գործք 17.28 խոսքը):
Ես հորդորում եմ քեզ մեծ փափագով փնտրել Աստծուն և նաև թույլ տալ, որ Նա գտնի քեզ:
Եվ հետաքրքիրն այն է, որ թեև Աստված առաջարկում է մեզ նախ փնտրել Իրեն, Իր Արքայությունն ու արդարությունը, իրականում, Նա Ինքը առաջինն է փնտրել ու գտել մեզ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը