Աստծուն սիրողների համար ամեն բան․․․ մարդու կյանքի ցանկացած իրավիճակ, գործակից է լինում դեպի բարին, եթե մարդը բավարարում է այս զորավոր խոստման իրագործման համար անհրաժեշտ միակ պայմանին՝ եթե սիրում է Աստծուն: Քո առողջական խնդիրները, քո ընտանեկան կյանք այցելած անախորժությունները, լարված հարաբերությունները, աշխատանքային խնդիրները, ֆինանսական դժվարությունները․․․ այս բոլորը և դեռ շատ բաներ, որոնք չնշեցի, Աստված գործակից է անում դեպի բարին՝ քո կյանքի բարօրությունը։
Սիրելի՛ բարեկամ, քո կյանքի ամենամեծ տառապանքների մեջ Աստված մնում է քո կյանքի Հովիվը: Նա չի ստեղծում դժբախտություն և դժվարություն, դրանք մեր մեղքերի և մեղքով լցված այս ապականված աշխարհի մեջ ապրելու հետևանքներն են: Սակայն Աստված ուզում է և գիտի, թե ինչպես շրջել մեր դժվարությունները, անհաջողություններն ու տառապանքներն այնպես, որ դրանք մեր օգտին ծառայեն, և դրանց վերջնարդյունքը լինի բարիք ու բարօրություն մեզ համար: Նրա սերը երբեք չի թողնի քեզ դժվարության մեջ… Նա քո կյանք այցելած դժվարությունները կդարձնի Իր զարմանահրաշ շնորհին քեզ ծանոթացնելու զորավոր մի առիթ:
Ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը. «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8․28)։
«Ամեն ինչ․․․»։
Մի օր աշակերտները նավարկում էին Գալիլեայի լճում, իսկ Տեր Հիսուսը քնած էր նավակի մեջ։ Հանկարծ լճում փոթորիկ սկսվեց։ Աշակերտները, թեև ձկնորսներ էին և սովոր էին դժվարին եղանակային պայմաններում նավարկելուն, այս անգամ խուճապի մատնվեցին և շտապ արթնացրին Տեր Հիսուսին.
«․․․Հիսուսը արթնանալով, քամուն սաստեց ու լճին ասաց. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ խաղաղություն տիրեց» (Մարկոս 4․38-39)։
Նավակում Տեր Հիսուսի ներկայության ազդեցությունն անհերքելի փաստ էր, նույնիսկ երբ Նա ննջում էր:
Եվ նմանապես Տերը քեզ հետ է, քեզ մոտ ու քո կողքին քո կյանքի յուրաքանչյուր դժվարին ու տագնապալի իրավիճակի մեջ։ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան։ Նա չի փոփոխվում և կարող է հրամայել քո կյանք այցելած փոթորկին, որ այն դադարի: Նա կարող է ընդամենը մեկ խոսքով խաղաղեցնել բոլոր մոլեգնող տարերքները։ Նա քո Պաշտպանն է, և դու թանկ ես Նրա սրտի համար։
«Աշակերտերը սաստիկ վախեցան ու իրար մեջ ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ և՛ քամին, և՛ լիճը հնազանդվում են սրան» (Մարկոս 4․38-39,41)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, վստահ եղի՛ր, որ ամեն ինչ հնազանդվում է Տեր Հիսուսի մեկ խոսքին։ Նա տիրում է, և Նրա իշխանությանը ոչ ոք չի կարող սահմաններ դնել։ Եվ, ի հավելումն այս ամենի, Նրա հավատարմությունը Իրեն սիրողների, այսինքն՝ ինձ և քեզ համար, հավիտյան է՝ սերնդեսերունդ:
Ե՛կ այսօր աղոթենք միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, ինչպիսի՜ ուրախություն է Քեզ ճանաչելը: Շնորհակալ եմ Քո Խոսքի համար, որն ամրացնում է ինձ, մղում է ինձ հոգևորապես աճելուն ու հասունանալուն և զորացնում է ինձ իմ կյանքի դժվարին ժամանակներում: Քո Խոսքը սքանչելի է ու զորավոր։ Այն իմ խարիսխն է փոթորիկների ժամանակ։ Եվ վստահելով Քեզ իմ ամբողջ սրտով՝ այսօր ևս խնդրում եմ, որ լինես իմ Պաշտպանը իմ կյանք այցելած փոթորիկներին դեմ հանդիման, լինես իմ Հերոսը, ում ես կձգտեմ նմանվել իմ ողջ էությամբ։ Եվ թո՛ղ իմ կյանքում ամեն ինչ, բոլոր իրադարձություններն ու իրավիճակները գործակից լինեն դեպի բարին, քանի որ ես սիրում եմ Քեզ․․․ Ես սիրում եմ Քո կամքը և փափագում եմ իմ ապրած կյանքով ուրախացնել Քո սիրտը։ Աղոթում ու խնդրում եմ իմ Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը