december-17 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Աստծու մեծագույն պարգևը քե՛զ համար է

Տեր Աստծու մեծագույն պարգևը քե՛զ համար է

Այսօր ավարտում ենք «Ինչպե՞ս ապրել Տեր Աստծու ապահովության ներքո» անվանումը կրող շարքը, որը հիմնված էր Սաղմոս 91․11-16 հատվածի ուսումնասիրության վրա։ Հույս ունեմ, որ այն իրական օրհնություն էր քեզ համար և որոշակիորեն օգնեց քեզ Տեր Աստծու ապահովության տակ ապրելու ուղին հասկանալու և դրանով ընթանալու որոշում կայացնելու համար։


«Որովհետև քեզ համար հրամայել է Իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ Նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն քեզ, որ քո ոտքը քարի չխփես։ Առյուծների և իժերի վրայով կքայլես, առյուծի կորյուններին ու վիշապին ոտքով կոխ կտաս։ Որովհետև նա Ինձ սիրեց, և Ես կփրկեմ նրան. Ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է Իմ անունը։ Նա կկանչի Ինձ, և Ես պատասխան կտամ նրան. Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։ Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ Իմ փրկությունը» (Սաղմոս 91․11-16):

Սիրելի՛ բարեկամ, այսօրվա ուղերձը կառուցել եմ վերը բերված հատվածի այս նախադասության վրա․ «Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ Իմ փրկությունը»։ Արդյոք այս խոստումը իրակա՞ն է քո կյանքում։ Արդյոք այն կարո՞ղ է հենց քե՛զ վերաբերել։

Քո կյանքի օրհնությունները ամբողջովին կախված են Տեր Աստծու հետ քո ունեցած հարաբերության որակից։ Աստծու ապահովության ներքո ապրելու և Նրա սիրո ու հոգատարության բարիքները վայելելու համար դու նախ պետք է թույլ տաս, որ Աստված գործի քո կյանքում որպես Տեր և Թագավոր։ 

Մարդիկ մեծ փափագ ունեն Տեր Աստծուն իրենց կյանքերում Օգնական ու Փրկիչ ունենալու հանդեպ։ Սակայն շատերը տեղյակ չեն, որ Օգնական ու Փրկիչ լինելուց առաջ Աստված պետք է նախ դառնա մեր Տերն ու Թագավորը։ Երբ աշակերտները խնդրեցին Տեր Հիսուսին իրենց աղոթել սովորեցնել, ինչը երկնային Հոր հետ հաղորդակցության ու հարաբերություն հաստատելու խնդրանք էր, Տերը նրանց պատասխանեց՝ ուսուցանելով աղոթքի հետևյալ կերպը․ «Արդ, դուք այսպե՛ս աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի Քո անունը. Քո արքայությունը գա, Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6.9-10):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե իրապես ուզում ես, որ Աստված իշխանություն ունենա քո կյանքի խնդիրները կարգավորելու և քեզ փրկելու հարցում, ապա պետք է դառնաս այնպիսի մարդ, որի ապրած կյանքի շնորհիվ Նրա անունը կփառավորվի ու սուրբ կլինի։ Նրա արքայությունը պետք է գա քո կյանքի մեջ։ Տերը պիտի լինի քո կյանքի Թագավորը։ Նա պիտի իշխի քո կյանքում, և դա պետք է երևա քո որոշումների ու վարքագծի մեջ։ Քո գործերը պետք է ցույց տան, որ Նրա կամքը այստեղ՝ այս երկրի վրա, քեզ համար այնքա՜ն պատվական է, որքան պատվական է Աստծու կամքը Երկնքում՝ հրեշտակների համար։

Շատերն են Աստծուն Տեր ասում։ Սակայն Աստված Իր Արքայությամբ գալիս է միայն այն մարդկանց կյանքում, որոնք ոչ միայն շուրթերով են պաշտում Աստծուն, այլև՝ Նրա սուրբ կամքին հավատարիմ հնազանդությամբ։

«Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ Իմ փրկությունը»։ Այս խոստումը քո կյանքում իրականություն կդառնա, եթե այսօր ընդունես Տեր Հիսուսի այս զգուշացումը և Աստծուն դարձնես քո կյանքի Տերն ու Թագավորը Նրա կամքին քո անվերապահ հնազանդությամբ․

«Ոչ թե ամեն Ինձ “Տե՛ր, Տե՛ր” ասողն է Երկնքի Արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է Իմ Հոր կամքը, որ Երկնքում է» (Մատթեոս 7.21): 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: