• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 17 հկտ 2024 թ.

Տերն ասում է քեզ՝ «Մի՛ վախեցիր»

Հրապարակման ամսաթիվ 17 հկտ 2024 թ.

Մենք շարունակում ենք «Եղի՛ր ուժեղ և համարձակ» անվանումը կրող ուղերձների շարքը, որը հիմնված է Հեսու 1․9 խոսքի ուսումնասիրության վրա։

 

«Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9):

 

Սիրելի՛ Ընկեր, այսօր Տերն ասում է քեզ՝ «Մի՛ վախեցիր»:

Տերը գիտի մեր զգացմունքները, և Նա գիտի, որ մեր կյանքում կարող են լինել իրավիճակներ և տեղի ունենալ իրադարձություններ, որոնք մեր մեջ վախեր են առաջացնելու: Նա գիտի, որ մենք կարող ենք թաքնվել վախի հետևում, երբ այն ճանապարհը, որը Տերը նախատեսել է մեզ համար, չափազանց դժվարին ու ահավոր է թվում:

 

Այսօր ուզում եմ ինձ և քեզ քաջալերել, որպեսզի նման իրավիճակներում մեր թաքստոցը ոչ թե վախը լինի, այլ՝ Տիրոջ ջերմ ու ապահով գիրկը։

Իրականում, վախն Աստվածաշնչում նկարագրվում է որպես մեղքի և Աստծուց մեր բաժանման առաջին հետևանքներից մեկը. «Պարտեզում Քո ձայնը լսեցի և վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի» (Ծննդոց 3.10):

 

Սատանայի մարտավարությունը հե՛նց մեզ վախեցնելն է: Աստվածաշունչն ասում է, որ նա շրջում է մռնչացող առյուծի պես։ Նա փորձում է վախեցնել մարդկանց, քանի որ․

 

  • Վախը կաթվածահար է անում մարդուն:

  • Վախը խեղաթյուրում է իրականությունը և թույլ չի տալիս ճիշտ ընկալել այն:

  • Վախը խանգարում է մեզ ճիշտ որոշումներ կայացնելու հարցում:

  • Վախը մեզ ստիպում է նահանջել, այլ ոչ թե առաջ շարժվել:

  • Վախը մեզ հետ է պահում այն հրաշալի ծրագրի մեջ մուտք գործելուց, որն Աստված ունի մեր կյանքի համար:

 

Հենց դա՛ տեղի ունեցավ այն մարդու հետ, որն իր տիրոջից քանքար ստացավ, բայց գնաց և վախից թաքցրեց այն․ «Եվ վախենալով գնացի, քո քանքարը հողի մեջ թաքցրի. ահա քոնը» (Մատթեոս 25.25):

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այսպիսով, ինչպե՞ս կարող ես հաղթահարել քո վախերը:

  • Սկսի՛ր վախի աղբյուրը բացահայտելուց:

Արդյոք այդ վախը մարդկա՞նց հանդեպ է։ Գուցե անհանգստանում ես, թե ինչպիսին կլինի նրանց արձագանքը, ինչն էլ խոչընդոտում է, որպեսզի մուտք գործես այն ընթացքի մեջ, որն Աստված է պատրաստել քեզ համար։

Ահա՛ թե ինչ է ասում Աստվածաշունչը. «Ես, Ե՛ս եմ ձեզ մխիթարողը. դու ո՞վ ես, որ սարսափում ես մահկանացու մարդուց, մարդու որդուց, որը նման է խոտի» (Եսայիա 51․12):

 

  • Հաջորդ քայլը քո վախերն Աստծուն խոստովանելն է:

Երբե՛ք չմոռանաս՝ բոլոր վախերը վախենում են, երբ դու դավանում ես Աստծո Խոսքը:

Կանգնի՛ր ամուր ու հաստատուն և հայտարարի՛ր, որ դու որոշում ես կայացնում ապավինելու Աստծո Խոսքին, հնազանդվելու Աստծո կամքին, և Աստված հաղթում է քո բոլոր վախերին և որ Նա՛ է քեզ զորացնողը:

 

Կրկին ընթերցե՛նք Աստվածաշնչից․ «Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և Ինձնից է գալու նրանց արդարացումը»,- ասում է Տերը» (Եսայիա 54․17):

 

Այսօր աղոթում եմ, որ դու համարձակություն ունենաս հայտարարելու, որ քո պայքարներն ու պատերազմը հանձնել ես Տեր Աստծուն: Հավատարիմ եղի՛ր Աստծո Խոսքը հասկանալու և Աստծու կամքին հնազանդվելու հարցում ու կարող ես վստահաբար, առանց վախի կանգնել Աստծո խոստումների մեջ և գլուխդ բարձր առաջ գնալ կյանքի հաղթական ընթացքով։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես