Սիրելի՛ բարեկամ, իմ հովվական ծառայության ընթացքում շատ եմ հանդիպել այնպիսի մարդկանց, որոնք հավատում են Աստծուն, նվիրված քրիստոնյաներ են, սակայն վստահության պակաս ունեն՝ չեն կարողանում ազատվել անցյալի մեղքերից ծնված ինքնադատապարտությունից, չեն կարողանում հաղթահարել չարի ուղարկած տագնապալի մտքերի ծուղակները, դժգոհ են իրենց արտաքինից կամ որոշ աննշան թերություններից, չափազանց զգուշավոր ու տատանվող են նոր բան սկսելու հարցում և ամեն քայլ անելուց առաջ մեծ վախ են ապրում հնարավոր սխալների պատճառով։
Տեր Հիսուսը մեզ համար ազատության և ուրախության կյանք է հոգացել, իսկ այս հրաշալի մարդիկ ապրում են ճնշված ու ընկճված․․․
Իսկ ինչպիսի՞ն է քո կյանքը։ Արդյոք դու վայելո՞ւմ ես հաղթական կյանքի ընթացքը քեզ զորացնող Քրիստոսի շնորհիվ։ Արդյոք սրտումդ ուրախություն և խաղաղություն կա՞, ինչպես խոստացված է Քրիստոսի յուրաքանչյուր հավատարիմ աշակերտի համար։ Արդյոք քո ընթացքը սրբության ու արդարության ընթա՞ցք է, թե՞ ընկճված ես նաև քո կյանքում մեղքի դեմ մղվող պատերազմի պարտություններից։ Սրանք հարցեր են, որոնք պետք է սթափեցնեն քեզ ու հուշեն, որ դու պետք է ապրես Տեր Հիսուս Քրիստոսի տարած հաղթանակի ու փոխանցած խաղաղության մեջ։
Ես ուզում եմ քաջալերել քեզ՝ Պողոս առաքյալի փոխանցած այս զորավոր ճշմարտությունը հիշեցնելով. «Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար» (Հռոմեացիս 8․1):
Այն, թե ինչպիսին ես տեսնում ինքդ քեզ, հսկայական ազդեցություն ունի քո կյանքի ընթացքի վրա: Եթե քո պատկերացումը քո մասին խեղաթյուրված են քո անցյալից, մեղքի մասին հիշողություններից, որը դու արդեն խոստովանել ես և որից հրաժարվել ես ու ապաշխարել, կամ ընկճվում ես թշնամու ներշնչած ստերից ու Աստծո Խոսքին հակասող պնդումներից, ապա դա ազդելու է ոչ միայն Աստծո գործի մեջ քո ներգրավվածության, այլև անգամ քո ինքնազգացողության վրա։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու պետք է ճի՛շտ հակառակը անես։ Այն, թե ինչպես ես քեզ տեսնում ու գնահատում, պետք է բխի ո՛չ թե ինքդ քո մասին քո ունեցած պատկերացումներից ու ընկալումներից, այլ քո հանդեպ Տեր Աստծու վերաբերմունքից ու Նրա տված գնահատականներից։ Դու այնպիսին ես, ինչպիսին Աստված է քեզ նկարագրում, և այնքան արժեքավոր ես, որքան Աստված է քեզ գնահատում։
Ես ուզում եմ իսկապես քաջալերել քեզ հիմա, որ նայես քեզ Տիրոջ աչքերով։ Մի՛ վստահիր քո մտքերին։ Մի՛ վստահիր անգամ քո սրտին ու զգացողություններին։ Վստահի՛ր Աստծուն և Աստծու Խոսքի սկզբունքներին։ Վստահի՛ր այն ճշմարտություններին, որոնք կան Աստծու խոստումների մեջ։ Այդ ժամանակ թշնամու ուղարկած ո՛չ մի միտք ու ո՛չ մի կեղծ զգացողություն չի կարող աղավաղել այն, ինչն Աստված է ասում քո մասին Իր Խոսքի մեջ:
Դու ներված ես։ Դու սիրված ես։ Դու ընդունելի ես Տեր Աստծու համար։ Դու Նրա զավակն ես։ Եվ դու հաղթող ես, եթե որոշել ես կյանքդ ապրել որպես Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտ և նվիրվել ես Նրա առաքելությունն այս երկրի վրա շարունակելու սուրբ գործին։
Թող այսօր Նրա խաղաղությունը լցվի քո սրտի մեջ և Նրա Սուրբ Հոգին մխիթարի ու զորացնի քեզ…
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը