Շարունակում ենք ուղերձների նոր շարքը, որը կրում է «Սուրբծննդյան նվերներ Էջմիածնի Էմմանուել եկեղեցուց» անվանումը։ Հուսով եմ՝ քեզ համար օրհնություն էր մեր նախորդ նվերը, և BibleRadio.am ինտերնետային ռադիոկայանը կդառնա քո առօրյայի անբաժան ուղեկիցը, ինչպես նաև ակնկալում եմ, որ այն կբաժնեկցես քո մտերիմների ու հարազատների հետ։
Սիրելի՛ բարեկամ, Էջմիածնի Էմմանուել եկեղեցու նվերների այս շարքը նպատակ է հետապնդում զինել Քրիստոսի բոլոր այն հավատարիմ աշակերտներին, որոնք մեծ փափագ ունեն ծառայելու Տեր Հիսուս Քրիստոսին և այս երկրային կյանքի ընթացքում իրագործելու Տիրոջ տված Մեծ Հանձնարարականը։
«Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.18-20):
Տեր Հիսուսի Մեծ Հանձնարարականի էությունը տարբեր մարդկանց Քրիստոսի աշակերտը դարձնելն է։ Այս գործընթացը այնքան էլ հեշտ չէ, քանի որ մարդիկ հիմնականում սխալ պատկերացում ունեն Տեր Աստծու, հոգևոր կյանքի և իրենց հոգիների փրկության կերպի մասին։ Եվ մենք՝ Քրիստոսի աշակերտներս, պետք է օգնենք մեր շրջապատի մարդկանց, որպեսզի նրանք լուսավորվեն Քրիստոսի Ավետարանի պայծառ լուսավորությամբ ու ճանաչեն ճշմարտությունը, որը նրանց կազատի խավարի ու կործանման կապանքներից։
Եվ ահա, մեր հերթական նվերը՝ BariLur.am կայքը։ Այն հատուկ ավետարանչական կայք է, որտեղ հավաքագրված են տարբեր ավետարանչական հոդվածներ։ Կայք այցելելով՝ դու կարող ես ընտրել տարբեր թեմաների ու ենթաթեմաների պատկանող հոդվածներ ու դրանք աղոթքով ուղարկել այն մարդկանց, որոնք ունեն տվյալ հարցի պատասխանին ծանոթանալու կարիքը։
BariLur.am կայքը կարող է զորավոր գործիք դառնալ քո ձեռքում, եթե Սուրբ Հոգու հետ ժամանակ անցկացնես աղոթքի մեջ և լսես Նրա ձայնը, թե ո՛ր հոդվածը քո ծանոթներից ո՛ւմ պետք է ուղարկես։ Եվ եթե դա անես ամեն օր ու կանոնավոր կերպով աղոթքի մեջ գերբնական ուղղորդում ստանաս Տիրոջից, ապա շուտով տեսնելու ես քո ավետարանչության պտուղները։
Ասեմ նաև, որ BariLur.am կայքը միշտ զարգանում է։ Դու կարող ես նոր թեմաներ ու նոր հարցեր առաջարկել, և մենք համապատասխան հոդվածներ կպատրաստենք ու կպատասխանենք առաջադրված հարցերին, որոնք էլ իրենց հերթին նոր գործիքներ կդառնան թիրախային և արդյունավետ ավետարանչության համար։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե ավետարանչության համար աղոթքն ու BariLur.am կայքի հոդվածները Սուրբ Հոգով ուղղորդվելով տարածելը դարձնես քո ամենօրյա ծառայությունը, ապա մենք միասին կդառնանք գործակիցներ՝ Տիրոջ դաշտի ու Նրա հունձքի մշակները։ Տեր Հիսուսը Ինքն է առաջարկում մեր հոգսերը Իրեն հանձնելն ու Իր հոգսը մեր ուսերին վերցնելը։ Նա միայն մեկ հոգս ունի՝ ճշմարտությունը չճանաչող մարդկանց խավարի կապանքներից ազատագրելն ու հավիտենական տանջանքի հեռանկարից փրկելը։
«Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11․29)։
Պատրա՞ստ ես արդյոք այս հրաշք փոխանակմանը, որը Տեր Հիսուսն է քեզ առաջարկում՝ քո հոգսերը հանձնում ես Նրան, սովորում Նրանից հեզություն և խոնարհություն, մարդկանց փրկության հոգսը վերցնում քո ուսերին և այնպիսի մի խաղաղություն ու հանգստություն ընդունում, որը հնարավոր չէ նկարագրել մարդկային մտքին հասու բառերով։ Եթե այո, ապա մեր նվերը հե՛նց քեզ համար է։ BariLur.am կայքը իր բոլոր թեմաներով ու հոդվածներով կարող է դառնալ քո ավետարանչության արդյունավետ գործիքներից մեկը․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը