Մենք շարունակում ենք «Դարձի՛ր Երկնքի Արքայության դեսպանը» անվանումը կրող շարքը։ Իսկ դու ունե՞ս նման ցանկություն։ Գուցե չես էլ պատկերացնում, թե դա ի՛նչ է նշանակում կամ գուցե արդեն իսկ երկրի վրա Երկինքը ներկայացնող այդ զորավոր դեսպաններից մեկն ես։ Ամեն դեպքում, ուզում եմ այսօր քեզ քաջալերել Տեր Հիսուսի հետևյալ խոսքերով․
«Տվե՛ք, և կտրվի ձեզ. ձեր գոգը կլցվի լա՛վ չափով՝ լեփ-լեցուն, առատ, որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի» (Ղուկաս 6․38)։
Սիրելի՛ բարեկամ, առաջին հայացքից կարող է թվալ, թե Աստված լավ չի պատկերացնում երկրային մաթեմատիկան։ Ըստ Աստծու Խոսքի՝ որքան շատ տաս, այնքան ավելի շատ կստանաս։ Սա տարօրինակ թվաբանություն է, սակայն միայն առաջին հայացքից․․․
Աստծու Արքայության տրամաբանությամբ, սակայն, տալը հավասարազոր չէ կորցնելուն, քանի որ այն սերմի պես լավագույն հիմք է ստեղծում ստանալու համար։ Շատերն այս տրամաբանությանը ծանոթանալով՝ ընկնում են հակառակ ծայրահեղության մեջ և տալը որակում ոչ թե բարի և անձնազոհ քայլ, այլ՝ եսասիրական ձգտումների դրսևորում, քանի որ «տալիս ես, որ ստանաս»։ Իրականում, եթե տալու շարժառիթը ավելին ստանալն է և ոչ թե սերը, ապա հենց այդպես էլ կա, և Աստված չի կարող օրհնել նման մոտեցումը։ Աստված տեսնում է մեր շարժառիթները և չափում է մեզ հենց այն չափով, որով մենք չափել և կազմավորել ենք մեր շարժառիթները։
Տալը, նվիրվելն ու Աստծու գործի համար ներդրվելը միայն Աստծու և մարդկանց հանդեպ սիրո դրսևորումներ չեն, այլև՝ Աստծուն հնազանդ լինելու մասին վկայող քայլեր։ Աստված այս երկրի վրա գործում է Իր Մարմնի՝ Եկեղեցու միջոցով, որը կազմված է Տիրոջ այն որդիներից ու դուստրերից, որոնք տալիս են այն ամենը, ինչ ունեն՝ չանհանգստանալով շահելու ու կորցնելու մասին և չկառավարվելով սեփական շահասիրությամբ ու մյուս մարդկանց ունեցած վերաբերմունքից։ Նման նվիրյալ հավատացյալները պարզապես փափագ ունեն պատվելու Աստծուն՝ գիտակցելով, որ Նա է Միակն, Ով արժանի է, որպեսզի մենք Նրան պաշտենք ու երկրպագենք, իսկ մեր տալն ու ներդրվելը հենց այդ պաշտամունքի ու երկրպագության անբաժանելի մասն են կազմում։
Աստծու գործի համար տալու, նվիրվելու և ներդրվելու այնքա՜ն շատ ձևեր կան։
Դու կարող ես․․․
- Զոհաբերել ժամանակդ, որպեսզի լսես այն մարդուն, որը խնդիրների է բախվել իր կյանքում։
- Ժպիտ նվիրել խանութի վաճառողուհուն կամ փողոցում մաքրություն անող աշխատակցին։
- Քո ֆինանսներից հատկացումներ անել բարեգործության կամ Եկեղեցու՝ ավելի արդյունավետ գործունեության համար։
- Տաղանդներդ նվիրել Աստծու գործին՝ ծառայելով Նրա Եկեղեցու մեջ։
Կարող ես նաև ամեն օր կանոնավոր կերպով ժամանակ հատկացնել և այս քաջալերական ուղերձներն ուղարկել քո շրջապատի հին ու նոր ծանոթներին, բարեկամներին ու հարազատներին։ Մենք կարող ենք մարդկանց լսելով և քաջալերելով նրանց հանդեպ բարի վերաբերմունքի և առատաձեռնության հրաշալի օրինակ լինել։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբե՛ք չմոռանաս, որ Աստված քեզ այս Երկրի վրա Իրեն և Իր Թագավորությունը ներկայացնելու արտոնությունն է տվել։ Եվ դու դա պետք է անես այն ամենով, ինչ ունես․․․ Ինչը հենց Նա՛ է քեզ պարգևել։ Դարձի՛ր Աստծու Արքայության հավատարիմ ու նվիրյալ դեսպանը, ներդրվի՛ր Աստծուն մարդկանց մոտ ներկայացնելու գործի մեջ, և քո օրը կլցվի լեփ-լեցուն օրհնություններով՝ ճիշտ այն նույն չափով, որով կներդրվես հանուն Աստծու Արքայության գործի և այս երկրի վրա Տիրոջ առաքելության իրականացման։ Աստված կօրհնի քեզ զարմանալի, շռայլ և անսահման խորը կերպով․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը