december-7 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Վերադարձի՛ր Հոր սեղանի շուրջ․․․

Վերադարձի՛ր Հոր սեղանի շուրջ․․․

Աստվածաշնչում հաճախ շոշափվում է ուտելիքի և սեղանի շուրջ հավաքվելու թեման։ Տեր Հիսուսը շատ էր սիրում հաղորդակցության այս կերպը, ինչը, կարծում եմ, բնորոշ է նաև մեզ՝ հայերիս, և մեր տարածաշրջանի շատ այլ ժողովուրդների։ Ավետարաններում ներկայացվող պատմություններում մենք Տեր Հիսուսին տեսնում ենք մաքսավորների հետ սեղան նստած, Իր աշակերտների հետ Վերջին Ընթրիքին մասնակցելիս, հարսանիքի սեղանի շուրջ և այլն։

Սիրելի՛ բարեկամ, հիշո՞ւմ ես Մարթայի հյուրասիրության պատմությունը, երբ վերջինս փութաջանորեն կերակուր էր պատրաստում, մինչդեռ նրա քույր Մարիամը նստած էր Տեր Հիսուսի ոտքերի մոտ և կլանված լսում էր Տիրոջ խոսքերը։ Տեր Հիսուսի նման պատվավոր հյուրին լավագույնս հյուրասիրելը կարևորելով՝ Մարթան խնդրեց Նրան, որ ասի Մարիամին, որ վերջինս գա իրեն օգնելու։ Ահա թե ինչ պատասխանեց Տեր Հիսուսը Մարթային.

«Մա՛րթա, Մա՛րթա, դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված։ Բայց մի բան է հարկավոր. և Մարիամը լավ բաժինն է ընտրել, որ նրանից չպիտի վերցվի» (‭‭Ղուկաս‬ ‭10:41-42‬)։

Հայ կանանց հյուրասեր բնավորությանը քիչ թե շատ ծանոթ լինելով՝ կարծում եմ, որ այս պարագայում շատերը կհամաձայնեն Մարթայի հետ և կպաշտպանեն նրա տեսակետը։ Մինչդեռ, հենց Տեր Հիսուսն է ասում, որ Մարիամն ընտրել էր ավելի լավ բաժինը։ Նա մնաց և ուշիուշով լսում էր Տեր Հիսուսի խոսքերը, որոնք խաղաղություն էին պարգևում իր հոգուն։

Մարթայի նման՝ մենք էլ կարող ենք ծանրաբեռնել մեզ առօրյա հոգսերով՝ շունչ առնելու և Աստծո ձայնին և Նրա խոսքերին ուշադիր լսելու փոխարեն։ Մարթայի նմանությամբ՝ մենք, բարի շարժառիթներից ելնելով, կարող ենք վատնել մեր լավագույն ժամանակը հոգսերի պատճառով, որոնք ժամանակավոր խնդիրներ են լուծում, և բաց թողնել մեր կարևորագույն խնդիրների և մեր հոգու բժշկության հնարավորությունը։

Այսօր Տերը քեզ կանչում է Իր սեղանի մոտ՝ դեպի Իր հետ հաղորդակցության լավագույն վայրը։ Քո առանձնացած վայրում՝ քո ներքին սենյակում, Նա կամենում է հաղորդակցվել քեզ հետ և քեզ ավելի մոտեցնել Իր սրտին ու Ինքն էլ՝ խոսել քո սրտին։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Տեր՛, ես երբեմն այնքա՜ն զբաղված եմ իմ աշխատանքով և իմ առօրյա գործունեությամբ, իմ ընտանեկան կյանքով ու հոգսերով, որ Քեզ հետ հազվադեպ եմ ժամանակ անցկացնում։ Այսօր խնդրում եմ Քեզ, որ օգնես ինձ, որ գամ ու նստեմ Քո ոտքերի մոտ, վերադառնամ Քո սեղանի շուրջ, որպեսզի ընդունեմ Քո քաջալերանքի խոսքը, լսեմ իմ հոգուն բժշկություն պարգևող Քո խոսքերը և հավիտենական արժեքները գնահատեմ ավելի, քան ժամանակավորները։ Խնդրում եմ՝ սովորեցրո՛ւ ինձ փնտրել Քեզ ու գնահատել Քո ներկայությունը՝ ամեն օր ավելի ու ավելի մտերմանալով Քեզ հետ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: